Կնոջն առևանգել են լողավազանից՝ ներկայանալով որպես ԱԱԾ աշխատակից

Երեկ Երևանի լողավազաններից մեկից 2 դիմակավորված անձ ներկայանալով ԱԱԾ աշխատակից` առավանգել են մի կնոջ։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Նրան առավանգել են Երևան քաղաքի Աշտարակի խճուղի 7/2 հասցեից՝ նստեցնելով «BMW» մակնիշի ավտոմեքենա և տարել անհայտ ուղղությամբ:

«Ըստ նախնական տվյալների՝ տուժողին մոտեցել են սև հագուստով, ամբողջությամբ ծածկված և դիմակավորված երկու անձինք, ներկայացել որպես Ազգային անվտանգության ծառայության աշխատակից։ Սկսել են խոսել կնոջ հետ, որի ընթացքում նրան արագ լողավազանի տարածքից տեղափոխել են ավտոկայանատեղի և այնտեղից ավտոմեքենայով հեռացել նշված վայրից»,– ասված է հաղորդագրությունում։

Միջոցներ են ձեռնարկվում ինչպես տուժողին, այնպես էլ՝ առերևույթ հանցագործությունը կատարած անձանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի (մարդուն առևանգելը) և 453-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (պաշտոնատար անձի կոչումը կամ լիազորությունները ինքնակամ յուրացնելը) նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին։

Sputnik Արմենիա