Լիլիթ ԳԱԼՍՏՅԱՆ․ ՌՈՒՍԵՐԵՆԻ ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՔՄԱՀԱՃՈՒԹՅԱՆ ՏԻՐՈՒՅԹ ՏԱՆԵԼԸ ԿԱՐՃԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ Է

Հանրակրթական դպրոցներում ռուսաց լեզվի դասավանդումը քաղաքական քիմքի, քմահաճության տիրույթ տանելը քաղաքական կարճատեսություն է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը` մեկնաբանելով դպրոցներում «Ռուսաց լեզու» առարկայի դասաժամերի հնարավոր կրճատումը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ամռան ամիսներին ԿԳՄՍՆ–ն շրջաբերական է ուղարկել բոլոր դպրոցներ, ըստ որի` մի շարք դասարանների համար «Ռուսաց լեզուն» հիմնական (պարտադիր) կարգավիճակից անցել է օտար լեզվի կարգավիճակի (ըստ ցանկության)։ Ըստ շրջաբերականի՝ դպրոցն իրավունք ունի ինքնուրույն բաշխել օտար լեզվի ուսուցման համար հատկացված ժամերը և որոշել, թե որին են նախապատվությունը տալիս։

«Լեզուն մշակութային և քաղաքական երկխոսության ամենամեծ գործիքն է, չի կարելի և թերագնահատել այն։ Կրթությունն ամենամեծ քաղաքականությունն է։ Հայ–ռուսական հարաբերությունների ներկա վիճակը, բնականաբար, ազդում է և կազդի կրթության ու մշակույթի ոլորտների վրա։ Դա շատ տեսանելի է հատկապես այս իշխանության պարագայում, որն ապազգային գործելաոճ է որդեգրել»,– ասաց Գալստյանը։

Նրա խոսքով` այդ գործելաոճը քաղաքական վեկտորի փոփոխման հետևանք է։

Գալստյանն ընդգծեց, որ հայ–ռուսական հարաբերություններում խորացող ճգնաժամում գոնե տեսանելի ապագայում առողջացման ծիլեր, ցավոք,չի տեսնում ։ Պատգամավորը հիշեցրեց, որ Ռուսաստանի հետ Հայաստանին աներևակայելի մշակութային ժառանգություն է կապում և շարունակելու է կապել` անկախ այսօրվա ՀՀ իշխանությունների քաղաքական դիրքորոշումից։

Sputnik Արմենիա