Գեղամ ՍՏԵՓԱՆՅԱՆ․ ԱՐՑԱԽՑԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՃԱՄԲԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄՆ ԷԺԱՆԱԳԻՆ ԺԵՍՏ Է

Արցախցի երեխաների համար ճամբարներ կազմակերպելու Հունգարիայի կառավարության որոշումն ուղղակի երեսպաշտություն է և էժանագին «հումանիտար ժեստ», որին պետք չէր տրվել։ Այս մասին «Ֆեյսբուքում» գրառում է արել Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Նշենք, որ Հունգարիայի կառավարության հետ համագործակցության շրջանակներում Արցախից տեղահանված շուրջ 120 երեխա մեկնել է Հունգարիա մասնակցելու ամառային ճամբարի, և ըստ տարածված տեղեկությունների՝ ևս 1000 երեխաներ պետք է գնան։

«Հունգարիան այն երկիրն է, որն ավանդաբար ունեցել է պրոթուրքական և պրոադրբեջանական դիրքորոշում, մասնավորապես Արցախի հարցում։ Հունգարիան այն երկիրն է, որը մարդասպան Ռամիլ Սաֆարովին արտահանձնել է Ադրբեջանին։ Հունգարիան այն երկիրն է, որ Արցախի ցեղասպանությունից և էթնիկ զտումից հետո ամենաբարձր՝ երկրի վարչապետի մակարդակով, մասնակցել է հայաթափված և օկուպացված Շուշիում թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին»,–գրել է Ստեփանյանը։

Նա հիշեցրել է, որ շրջափակման օրերին Արցախում տեղի ունեցողի վերաբերյալ պետք է լիներ Եվրամիության անդամ բոլոր 27 երկրների համատեղ հայտարարություն, սակայն Հունգարիան արգելափակել է այն։

«Ես լավ հիշում եմ Հունգարիայի ներկայացուցչի ընդգծված պրոադրբեջանական ելույթը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, երբ քննարկվում էր շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված ծանր հումանիտար վիճակը»,–գրել է նա։

Դիմելով ծնողներին` Ստեփանյանն ընդգծել է, որ նրանց փոխարեն չի կարող որոշել և չի էլ հավակնում որոշել, բայց երեխաներին Հունգարիա ուղարկելուց առաջ պետք է հաշվի առնել, թե ուր են նրանք գնալու։

Sputnik Արմենիա