ԼԻԲԱՆԱՆԻ ՓՈՐՁԸ՝ ՈՐՊԵՍ ՀԱՎԱՆԱԿԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
Սեպտեմբերի 19-ին ԶԼՄ-ները տեղեկացրեցին, որ Բաքվում անցկացվել են Արհեստական բանականության կենտրոնի բացմանը նվիրված միջոցառումներ: Մինչդեռ մերձավորարևելյան տելեգրամ-ալիքները, հղում անելով սեփական աղբյուրներին, հաղորդեցին, որ նախագիծը ձեռնարկել է «սիոնիստական ռեժիմը», և որ թաքնվելով արհեստական ինտելեկտի զարգացման «խաղաղ ծրագրի» քողի տակ՝ Իսրայելն Ադրբեջանում կիբեռկենտրոն է հիմնել լրտեսական, ահաբեկչական ռազմական գործունեության նպատակադրությամբ:
Կիբեռկենտրոնի կոնկրետ խնդիրների եվ դրա հնարավորությունների մանրամասների մասին չի հաղորդվում, սակայն կարելի է ենթադրել, որ Իսրայելի կողմից այն լայնորեն կօգտագործվի Իրանի հետ դիմակայության գործում: Հաշվի առնելով Իրանի հետ Ադրբեջանի անմիջական հարևանությունը՝ Թել Ավիվի կառավարման ներքո գտնվող կիբեռկենտրոնը էապես կհեշտացնի հրեական պետության հետախուզական ծառայությունների խափանարար աշխատանքը ոխերիմ թշնամիների դեմ՝ ի դեմս այաթոլլաների ռեժիմի և ԻՀՊԿ-ի:
Ադրբեջանական կիբեռհարթակի կարևորությունն Իսրայելի համար անժխտելի է։ Սակայն միանշանակ է, որ նախաձեռնությունից մեծապես կշահի նաև ինքը՝ Ադրբեջանը, լայն հնարավորություն ստանալով օգտվելու իսրայելական կիբեռտեխնոլոգիաներից և կենտրոնի տեխնիկական հնարավորություններից։ Բաքուն դրանք կօգտագործի սեփական կարիքների համար, ինչպես նաև հնարավորություն կստանա կենտրոնի բազայի վրա պատրաստել ռազմական նպատակներով արհեստական ինտելեկտի օգտագործման ոլորտում սեփական բարձրորակ մասնագետներ։
Ավելորդ է նշել, թե այս նախաձեռնության մեջ ինչ վտանգներ են թաքնված Հայաստանի համար։ Լուրն առանձնակի մտահոգիչ է վերջին իրադարձությունների խորապատկերին, երբ իսրայելական հատուկ ծառայությունները թվային ոլորտում իրենց տեխնոլոգիական մշակումների միջոցով զանգվածային ահաբեկչություն կազմակերպեցին Լիբանանում: Արաբական երկրում կապի միջոցների, սմարթֆոնների, նոութբուքների և բազմահազար այլ գաջեթների պայթեցման երեք ալիքները ցույց տվեցին, որ Թել Ավիվի տեխնոլոգիական առավելությունը կարող է եթե ոչ վճռորոշ, ապա շատ էական ազդեցություն ունենալ մրցակիցների հետ լայնածավալ ռազմական դիմակայության արդյունքների վրա:
ՏՏ և ԱԻ ոլորտում Իսրայելի տեխնոլոգիաների և փորձի փոխանցումն Ադրբեջանին սպառնում է Հայաստանին երկրորդ Լիբանան դառնալու հավանական վտանգով՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:
Իհարկե, դժվար է միանշանակ պնդել, թե Իսրայելը Ադրբեջանի հետ կկիսի բարձր տեխնոլոգիաների ոլորտում իր մշակած ողջ բազան։ Դժվար թե Թել Ավիվը, որը հայտնի է իր գաղտնապահությամբ և նույնիսկ ամենամտերիմ դաշնակիցների (նույն ԱՄՆ-ի) հանդեպ անվստահությամբ, խամաճիկ Ադրբեջանի համար այդքան հեշտությամբ բացի իր տեխնոլոգիական մշակումների հարուստ ռեսուրսի հասանելիությունը։
Այդուհանդերձ վստահաբար կարելի է պնդել, որ եթե Բաքուն, չնայած Թեհրանի սաստիկ դժգոհությանը, այնուամենայնիվ հարթակ է տրամադրում «սիոնիստական ռեժիմին» Իրանի դեմ կիբեռպատերազմի համար, ապա հաստատ անում է դա ոչ առանց որոշակի վարձատրության և բոնուսների՝ բարձրտեխնոլոգիական ինչ-որ մշակումների տեսքով։
Սակայն գլխավոր հարցը մեզ համար այլ է։ Այն է՝ գիտակցո՞ւմ է արդյոք Հայաստանը Լիբանանի դերում հայտնվելու իրական վտանգը։ Եվ որքանո՞վ է մեր երկիրը պատրաստ դիմակայել նման հարվածին, որը հավանականորեն սպասվում է Ադրբեջանից կամ որևէ այլ մեկից։ Մտադի՞ր է արդյոք Երևանը ինչ-որ բան ձեռնարկել, որպեսզի հանկարծ երկրում չսկսեն միաժամանակ պայթել նոութբուքները, սմարթֆոնները, ռադիոհաղորդիչները... և հնարավոր է՝ նույնիսկ «էլիտար» հեծանիվները: