Ինչո՞ւ են արցախցիները գերադասում մնալ փախստականի կարգավիճակում. ՄՔԾ-ն հերքում է միֆերը

ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ որևէ արցախցու դիմում չի մերժել։ Այս մասին Ծաղկաձորում ընթացող քննարկման ժամանակ ասել է ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Նելլի Դավթյանը` անդրադառնալով հարցին, որ շատ արցախցիներ գերադասում են մնալ փախստականի կարգավիճակում և ՀՀ քաղաքացիություն չստանալ, քանի որ որոշ մտավախություններ ունեն։

Նրա խոսքով` վարչարարությունը ենթադրում է մերժման դեպքեր, բայց նման բան մինչ օրս չի գրանցվել։

«Կան միֆեր, որոնք շատ ուռճացված են և չեն համապատասխանում իրականությանը։ Շատերը կարծում են, որ փախստականի կարգավիճակ ունենալու դեպքում իրենք կարող են մշտական և օրինական բնակություն հաստատել եվրոպական այս կամ այն երկրում։ Կա նաև այլ միֆ, որ ՀՀ քաղաքացիություն ստացող անձը կզրկվի սոցիալական աջակցության որևէ ծրագրից»,– ասաց նա։

Հիշեցնենք, որ Արցախից բռնի տեղահանված 3226 անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն։ Դրա համար դիմողների թիվն այսօրվա դրությամբ կազմում է 4918։ Ընդհանուր առմամբ 83 անձ դիմումը հետ է վերցրել, բայց պատճառը հայտնի չէ։

Հայտնել էինք նաև, որ վերջին թարմացված տվյալներով՝ Արցախի Հանրապետությունից տեղահանվել է 115 359 քաղաքացի, որից 30 306-ն անչափահաս է։ Ժամանակավոր պաշտպանության վկայական տրամադրվել է 103 590 անձի։

Sputnik Արմենիա