Երեխաներ առևանգելու փորձի համար 57-ամյա տղամարդը կալանավորվել է

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում երեխաների առևանգման փորձի համար ձերբակալված 57-ամյա տղամարդը կալանավորվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ «Փաստինֆո»-ն ահազանգեր էր ստացել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում միջին տարիքի տղամարդը մոտենում է երեխաներին, քաշքշելով փորձում առևանգել։ Վարչական շրջանի դպրոցների սաների ծնողներն անհանգստացած են, ծնողները միմյանց էին ուղարկում տղամարդու և վերջինիս ավտոմեքենայի լուսանկարը, որով տղամարդը ենթադրաբար մոտենում է երեխաներին և առևանգում կամ փորձում առևանգել։

ՆԳՆ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել էին, որ Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում տեղեկություն է ստացվել, որ սեպտեմբերի 25-ին Մազմանյան փողոցի բնակիչ 57-ամյա մի տղամարդ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Շրջանային փողոցում փորձել է առևանգել երկու անչափահասի։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և կազմված փաստաթղթերով ներկայացվել է քննչական բաժին:

ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի

44-191-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ անչափահասի նկատմամբ առևանգման փորձի համար։

Տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։