ՔԵ՛Ֆ ԵՆՔ ԱՆՈՒՄ, ԸՆԿԵՐՆԵՐ
Հոկտեմբերյան Հայաստանը հայտնի արտահայտության պատկերազարդումն է. «Աշխարհը փուլ է գալիս, բայց դեռ կարելի է ապրել ու քեֆ քաշել»։
Հոկտեմբերին Հայաստանում նախատեսված է 10 փառատոն. հոկտեմբերի 4-5-ին՝ սուրճի ու թեյի փառատոն Երևանում, հոկտեմբերի 5-ին գինու՝ Արենիում, հոկտեմբերի 6-ին ազնվամորու՝ Դավիթ Բեկում, հոկտեմբերի 8-ին քյուֆթայի՝ Էջմիածնում, հոկտեմբերի 10-ին պանրի՝ Տաշիրում, հոկտեմբերի 12-ին ճագարների՝ Մարմաշենում, հոկտեմբերի 20-ին ընկույզի՝ Հերհերում, հոկտեմբերի 18-20 -ին պանրի՝ Երևանում, հոկտեմբերի 18-20-ին մեղրի՝ Երևանում, հոկտեմբերի 26-ին դդմի՝ Տավուշում։
Հիասքա՛նչ է:
Բացի ամենայնից, կարծում ենք, որ ոչ մի ընդդիմություն ի վիճակի չի լինի մրցակցել այսքան փառատոնների հետ։ Ի թիվս ամենի, կարծում ենք, կյանքի հանդեպ այսպիսի վարդագույն վերաբերմունքով մեր երախտագիտությունը կհայտնենք Էրդողանին, որը գրքույկը նվիրեց Փաշինյանին։ Քանզի քանի ողջ ենք՝ սովորելու բան ունենք…
Ափսոս, որ 30 փառատոն չէ։ Կամ 31։ Մեկական՝ հոկտեմբերի ամեն օրվա համար: Բայց էլի լավ է, քանի որ երբ երկրում, օրացույցի կարմիր օրերից բացի, այսքան տոներ կան, դա նշանակում է, որ երկիրը բարգավաճում է, ամեն ինչ ճիշտ է ընթանում:
Չեմ հիշում, որ 2019-ի հոկտեմբերին այդքան շատ փառատոններ եղած լինեն։ Դե, այն ժամանակ «Քաղաքացիական պայմանագիրն» ընդամենը 2 տարի էր իշխանության ղեկին, դեռ չէր հասցրել իրեն լավ դրսևորել։ Իսկ հիմա արդեն ամեն ինչ կարգին է, ամեն ինչ ճիշտ է ընթանում. 44-օրյա պատերազմ՝ իր զոհերով ու կորուստներով, ադրբեջանական զորքեր մեր տարածքներում, Արցախի կորուստ։ Ամեն ինչ ճիշտ է, այլապես մեզ այդքան վարկեր ու դրամաշնորհներ չէին տա, և փառատոնների այսպիսի առատություն չէինք ունենա։
Եվ կարելի է պատկերացնել, թե ինչպես բազմապատիկ կավելանա դրանց թիվը, երբ ադրբեջանցի «փախստականները» սկսեն բնակություն հաստատել Հայաստանի ամայացած գյուղերում։ Եվ առավելևս, երբ Բաքուն և Անկարան ստանան «միջանցքը», որի գործողությունը կվերահսկի ձևականորեն ինչ-որ մասնավոր ընկերություն, որը փաստացի կլինի բրիտանա-ամերիկյան, եթե ոչ թուրքական հովանավորության տակ։
Նույն այն «միջանցքը», բայց Հայաստանի հսկողության տակ, որի բացմամբ Փաշինյանը դեռևս 2023-ի ամռանը կարող էր կանխել Արցախի էթնիկ զտումը, բայց չարեց դա։ Իսկ քանի որ չարեց, ապա հանձնելուց հետո անպայման կբացատրի, որ կարող էր, իհարկե, ավելի շուտ անել դա և կանխել արցախցիների տեղահանությունը, բայց ախր այդ դեպքում իրեն կհամարեին դավաճան։ Դրա համար էլ չարեց, ու հիմա ներողություն է խնդրում դրա համար:
Բայց սա էլ դեռ վերջը չէ։ Կարծում ենք, «փառատոնային Հայաստանը» անպայման կմտնի Գինեսի ռեկորդների գիրք՝ այն բանից հետո, երբ ռուս զինվորականները կլքեն երկրի տարածքը, իսկ հանրապետությունը պաշտոնապես կընդգրկվի Թյուրքական երկրների միության կազմում։
Ահա հենց այդ տարին ռեկորդային կդառնա Հայաստանի բնակչության մեկ շնչին բաժին ընկնող փառատոնների քանակով։ Թեև հիմա էլ մենք այդ ցուցանիշով վստահորեն առաջ ենք անցել հետխորհրդային բոլոր երկրներից։ Նույնիսկ Վրաստանից։