Իրանի փոխնախագահ․ ԵԱՏՄ-ի աշխարհագրական ընդլայնումը կնպաստի նրա դերի ու տեղի ամրապնդմանը
Իրանը միշտ ապացուցել է, որ վստահելի գործընկեր է կովկասյան տարածաշրջանում և միշտ ձգտում է խորացնել քաղաքական և հատկապես տնտեսական կապերը գործընկեր պետությունների հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում այդ կարծիքն արտահայտեց Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը՝ հավելելով, որ տնտեսությունների կայուն զարգացումը հնարավոր է տարածաշրջանի երկրների կառուցողական համագործակցության շնորհիվ, ինչպես նաև այնպիսի կառույցների միջոցով, ինչպիսին ԵԱՏՄ-ն է, որն էական դերակատարում ունի այդ համագործակցության իրականացման գործում։
«ԵԱՏՄ-ն, որն արդեն նշում է իր հիմնադրման տասնամյա հոբելյանը, հանդիսանում է շատ կարևոր հարթակ՝ օգտագործելով տարածաշրջանում առկա ներուժը հետագա սերտ համագործակցության համար։ ՀՆԱ-ի ընդհանուր 2,4 տրիլիոն դոլարի մակարդակն ու արտաքին առևտրաշրջանառության 800 միլիարդ դոլարի ցուցանիշը, ինչպես նաև մաքսային ճկուն օրենսդրության առկայությունը կազմակերպության ներսում ստեղծում են բարենպաստ նախադրյալներ անդամ երկրների միջև միջազգային մակարդակում հզոր կառույցի ստեղծման համար»,- նշեց Իրանի առաջին փոխնախագահը։
Նա հատուկ ուշադրություն դարձրեց այն ոլորտներին, որտեղ ԵԱՏՄ պետությունները կարող են փոխլրացնել միմյանց՝ ստեղծելով լրացուցիչ շղթաներ տարբեր ասպարեզներում՝ սկսած գյուղատնտեսությունից, վերջացրած արդյունաբերությամբ։ Մոհամմադ Ռեզա Արեֆի դիտարկմամբ՝ ԵԱՏՄ երկրների հետ ունենալով 80 միլիարդ դոլարի ապրանքաշրջանառություն, նավթի ու գազի զգալի պաշարներ, տարանցման հնարավորություններ, տեխնոլոգիական ինժեներիայի ոլորտում առկա մեծ փորձ, ինչպես նաև մարդկային հսկայական ռեսուրսներ՝ Իրանը պատրաստ է ավելի մեծ դերակատարություն ունենալ ԵԱՏՄ-ում։
«Հուսով ենք, որ կստեղծվեն նախադրյալներ, որպեսզի հնարավորինս շուտ Իրանին շնորհվի կազմակերպության դիտորդ անդամի կարգավիճակ, ուստի այդ հարցում ակնկալում ենք անդամ երկրների աջակցությունը։ ԵԱՏՄ-ն կարող է օգտագործել Իրանի լոգիստիկ ներուժը՝ ավելի մեծ և ընդգրկուն շուկաներ դուրս գալու նպատակով, որոնք գտնվում են Պարսկական ծոցում, Արևելյան և Հարավարևելյան Ասիայում։ Իրանը ողջունում է ԵԱՏՄ անդամ երկրների պատրաստակամությունը՝ օգտագործելու մեր տարածաշրջանի ներուժը, որի նպատակն է փոխգործակցության միջոցով առկա հնարավորությունների հետագա ընդլայնումը։ Իրանական նավահանգիստները Պարսից ծոցում և Օմանի ծովում կարող են հիմնական հարթակներ լինել առևտրատնտեսական կապերի համար։ Իրանի հարավային նավահանգիստները կարող են տարեկան փոխադրել 210 միլիոն տոննա բեռ, և այդ թիվն աստիճանաբար աճում է։ Իրանը պատրաստ է ԵԱՏՄ երկրների հետ սերտ համագործակցությամբ ստեղծել առևտրային լոգիստիկ կենտրոններ և տրամադրել արտոնություններ իր հարավային և հյուսիսային նավահանգիստների շահագործման և զարգացման համար»,- նշեց Մոհամմադ Ռեզա Արեֆը։
Նրա բնորոշմամբ՝ համաշխարհային տնտեսությունը միշտ եղել է համագործակցության և փորձի փոխանակման ասպարեզ բոլոր երկրների միջև, բայց այսօր Իրանի դեմ կիրառվող միջազգային պատժամիջոցները թողել են բացասական ազդեցություն նաև ԵԱՏՄ երկրների հետ փոխգործակցության վրա։
«Անկախ և զարգացող պետությունների սերտ համագործակցությունը կարող է չեզոքացնել այդ քաղաքականությունը։ ԵԱՏՄ-ն նույնպես նման հավասարազոր փոխգործակցության կառույց է, հետևաբար իրանական կողմը կարևորում է հատկապես տնտեսական կապերի զարգացումն ու խորացումը տարբեր բնագավառներում, օրինակ՝ բանկային, ֆինանսական համակարգում, տրանսպորտի և այլ ենթակառուցվածքների ոլորտում։ ԵԱՏՄ-ի աշխարհագրական ընդլայնումը կնպաստի համաշխարհային տնտեսության մեջ նրա դերի ու տեղի ամրապնդմանը, ինչը համահունչ է կազմակերպության անդամ երկրների կողմից որդեգրված և մինչև 2045 թվականը միտված զարգացման ռազմավարությանը»,- ասաց Մոհամմադ Ռեզա Արեֆը։
Նա հիշեցրեց, որ Իրանն անցյալ տարի առաջին քայլն արեց համագործակցության սերտացման ճանապարհին՝ ԵԱՏՄ-ի հետ ստորագրելով ազատ առևտրի համաձայնագիրը, ինչը կարող է խթանել հարաբերությունների հետագա զարգացումը։ Հաջորդ քայլը կլինի կազմակերպության դիտորդ անդամ դառնալու հայտի ներկայացումը, ինչը նույնպես կարևոր է փոխշահավետ ինտեգրացիայի առումով, քանի որ իրանական կողմը պատրաստ է բոլոր ուղղություններով սերտ համագործակցությանը՝ օգտագործելով իր ներուժը կարևոր հարցեր լուծելու համար։
«Իրանում առևտրատնտեսական և գիտական բազմաթիվ կենտրոնների առկայությունը, ինչպես նաև գիտատեխնիկական բազան թույլ կտան ընդլայնել համագործակցությունը տարաբնույթ ոլորտներում, առավել ևս, որ Իրանը մրցունակ երկիր է համաշխարհային ասպարեզում և պատրաստ է շարունակել համագործակցությունը փոխադարձ հարգանքի սկզբունքով»,- եզրափակեց ԻԻՀ առաջին փոխնախագահը։