Խաղաղության Նոբելյան մրցանակի համար առաջադրվել է 286 թեկնածու

2024 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի համար առաջադրվել է 286 թեկնածու, այդ թվում՝ Ֆրանցիսկոս պապը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Բուքմեյքերների ֆավորիտներից է ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին, ով մահացել էր փետրվարին Յամալո-Նենեցյան ինքնավար օկրուգի գաղութներից մեկում։

Նավալնիի հետ ցուցակում է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Reuters-ը նշում է, որ Նավալնին չի կարող արժանանալ մրցանակի, քանի որ Խաղաղության Նոբելյան մրցանակը հետմահու չի տրվում։ Զելենսկին, ամենայն հավանականությամբ, չի հաղթի, քանի որ նա ղեկավարում է պատերազմող երկիրը։

Այս տարվա ֆավորիտների թվում են նաև ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների գործակալությունը (UNRWA), Արդարադատության միջազգային դատարանը և կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:

UNRWA-ի մրցանակը վիճահարույց է լինելու՝ կապված այն տեղեկությունների հետ, որ նրա մի քանի աշխատակիցներ կարող էին մասնակցել անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման կողմից Իսրայելի հարավում հարձակմանը: Այն ահաբեկչական է ճանաչվել ԱՄՆ-ում և Եվրամիությունում։

Նորվեգիայի Նոբելյան կոմիտեն այս տարի կարող է ոչ ոքի մրցանակը չշնորհել։ Մրցանակաբաշխության պատմության մեջ դա տեղի է ունեցել 19 անգամ։ Վերջին անգամ 1972թ.-ին։

Այս տարվա Նոբելյան մրցանակակիրների հայտարարումը տեղի է ունենում հոկտեմբերի 7-ից 14-ը։ Խաղաղության մրցանակի դափնեկիրը հայտնի կդառնա հոկտեմբերի 11-ին։

Անցյալ տարի մրցանակը ստացել էր իրանցի իրավապաշտպան Նարգիս Մոհամադին։

News.am