ԱՎԵԼԻ ՄԵԾ ՊԱՅԹՅՈՒՆԻ ՇԵՄԻՆ
Մեկ տարի է անցել այն օրվանից, երբ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին «Համասը» պատանդներ վերցրեց Իսրայելում։ Հենց դրանով է, ինչպես հայտնի է, այսօր բացատրում Իսրայելն իր գործողությունները։ Դաժան գործողությունները Գազայի հատվածում, որոնց արդյունքում սպանվածների թիվը հասնում է տասնյակ հազարների, իսկ սպանված երեխաների թիվը սպառնում է շուտով գերազանցել առաջին տասնյակ հազարը:
Լիբանանի տարածքի ոչ պակաս դաժան հրետակոծությունները, որտեղ նույնպես քաղաքացիական բնակչության շրջանում կորուստները շատ մեծ են։ Դատելով նրանից, թե «Հըզբոլլահի» քանի բարձրաստիճան ներկայացուցիչ զոհվեց գնդակոծության տակ, անցած տարվա ընթացքում իսրայելական հետախուզությունը լավ է նախապատրաստվել։ Բայց այդուհանդերձ և՛ «Համասը», և՛ «Հըզբոլլահը» շարունակում են դիմադրությունը. վերջինս շարունակում է գնդակոծել Իսրայելի տարածքը, իսկ պատանդները մնում են նույն կարգավիճակում։
Մեկ շաբաթ առաջ աշխարհը սրտատրոփ սպասում էր Իսրայելի կողմից Իրանի տարածքի ռմբակոծման Թեհրանի պատասխանին։ Աշխարհը մտավախություն ուներ, որ Թեհրանի պատասխան հարվածը կհասցնի մոլորակը մեծ պատերազմի շեմին՝ սպառազինության ամենամահաբեր համակարգերի կիրառմամբ: Առայժմ հաջողվեց խուսափել դրանից: Թեհրանը պատասխանեց, բայց այնպես, որ իրեն անհնար լինի մեղադրել գործողությունների անհամարժեքության մեջ։
Իրանական հրթիռների զանգվածային հարվածներից տուժեցին, բայց ոչ այնքան, Իսրայելի երկու ավիաբազաներ։ Խաղաղ բնակչության շրջանում զոհեր գրեթե չեղան. զոհվեց մեկ պաղեստինցի, նրա վրա էին ընկել իսրայելական ՀՕՊ-ի խոցած հրթիռի բեկորները:
Բայց Իսրայելը խոստացել է կոշտ պատասխան տալ, և բոլորը սպասում են դրան օր օրի։ Ընդ որում՝ հասկանալով, որ չնայած իսրայելական հետախուզության մեծ աշխատանքին, ո՛չ «Համասը», ո՛չ էլ «Հըզբոլլահը» այդ հարվածից չեն վերանա, իսկ այ ավելի մեծ համաշխարհային պայթյունի վտանգը կմոտենա մի մեծ քայլով։
Ճիշտ է, կան մայրաքաղաքներ, որոնք թքած ունեն դրա վրա։ Մայրաքաղաքներ, որոնք հեռու են, ծովերից ու օվկիանոսներից անդին։ Վաշինգտոնն ու Լոնդոնը նույնիսկ աջակցում են Իսրայելին, չնայած նրանց դաշնակիցներից շատերն այլ տեսակետ ունեն: Հայտնի է, որ Իսրայելն արգելել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշի մուտքը երկիր, որը դատապարտեց Իսրայելի գործողությունները: Այժմ գլխավոր քարտուղարը մտադիր է այցելել Կազան՝ ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին, որպեսզի այնտեղ փորձի հենման կետ գտնել աշխարհում կայունության ամրապնդման համար:
Իսրայելի գործողությունների դեմ են պարբերաբար հանդես գալիս և՛ Էրդողանը, և՛ Մակրոնը, որը կոչ է արել արգելել սպառազինության մատակարարումն Իսրայելին: Ի պատասխան՝ իսրայելական օդուժը Լիբանանում պայթեցրեց Total բենզալցակայան…
Անմիջականորեն մեր տարածաշրջանի պարագայում ակնհայտ է Բաքվի հռետորաբանության խստացումը, որը գրեթե վերջնագրի տեսքով Երևանից պահանջում է նոր միակողմանի զիջումներ։ Ըստ երևույթին՝ ակնկալելով, որ Իրանին Իսրայելի հարվածից հետո Մերձավոր Արևելքում սպասվող մեծ հրդեհը կարձակի Ադրբեջանի ձեռքերը Հայաստանի դեմ նոր ագրեսիվ գործողությունների համար:
Այս պայմաններում Երևանի խաղադրույքը հիմնականում Վաշինգտոնի վրա է, որը խոստացել է զսպել Ալիևի ախորժակը։ Բաքվում դա տեսնում են, ուստի Ադրբեջանի «համարձակ» խորհրդարանականներն իրենց նախագահից պահանջում են դադարեցնել համագործակցությունը Վաշինգտոնի հետ։
Այն, որ Փաշինյանի խաղադրույքն այսօր հիմնականում Վաշինգտոնի աջակցության վրա է, երևում է նաև Փարիզում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում Փաշինյանին ցուցաբերած համեմատաբար սառը ընդունելությունից: Այո, նա հանդիպումներ ունեցավ Մակրոնի և Թրյուդոյի հետ, բայց առանձնակի բովանդակալիությամբ դրանք աչքի չընկան, ավելի շատ արարողակարգային բնույթ էին կրում։ Ասենք, հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարությունն էլ բավական չեզոք բնույթ ունի…
Ուշագրավ հաղորդագրություն է տարածել ԻՀՊԿ տելեգրամ-ալիքը. «Իսրայելի և Իրանի միջև լարվածության թեժ պահին Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ պաշտպանության նախարարության հետախուզական վարչության պետի հետ: Ավելի վաղ հրապարակվել են նաև փաստաթղթեր ու տեսանյութեր, որոնք վկայում են Հայաստանի և Իրանի սահմանին ամերիկյան հեռահար ռադիոտեղորոշիչ կայանքների տեղակայման մասին՝ իրանական արձակված հրթիռների նշանակետերը պարզելու և մոնիթորինգի նպատակով»:
Եթե իսկապես այդպես է, ապա հասկանալի է, որ դա հրճվանք չի առաջացնի ո՛չ Մոսկվայում, ո՛չ Փարիզում, ո՛չ Թեհրանում, ո՛չ Բաքվում։
Եթե հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը, ապա մտահոգիչ հարց է ծագում. ինչո՞ւ է ԻՀՊԿ տելեգրամ-ալիքը հրապարակում հայ-իրանական բարեկամական հարաբերությունների զարգացմանը, մեղմ ասած, չնպաստող հաղորդագրություն…
Հ.Գ. - Հաղորդվում է, որ կիրակի օրը վաղ առավոտից Թուրքիայի ՌՕՈՒ Բայրաքթար TB2 տեսակի 2 ԱՕԹՍ-ներ Արմավիրի ուղղությամբ ակտիվորեն վերահսկել են հայ-թուրքական սահմանը: