Իլոն Մասկը հայտարարել է Հայաստանում Starlink-ի գործարկման հնարավորության մասին

SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը հատուկ ուղերձ է հղել Երևանում WCIT 2024-ի փակման արարողության ժամանակ` հայտարարելով Հայաստանում Starlink-ի և արհեստական ​​ինտելեկտի հնարավորությունների հետ կապված ծրագրերի մեկնարկի մասին, հայտնում է «Զարթոնք մեդիան»։

Նա հաստատել է, որ հույս ունի Հայաստանում գործարկել Starlink-ը, որի շնորհիվ զգալիորեն կբարելավվի ինտերնետ կապը հեռավոր շրջաններում:

Նշվում է, որ ի սկզբանե ակնկալվում էր, որ Մասկը հանդես կգա տեսաուղերձով, բայց ներկայացրել է բացառիկ հայտարարություն, որը հոկտեմբերի 7-ին միջոցառման ժամանակ ընթերցել է ամերիկահայ ձեռներեց Ռազմիկ Հովագիմյանը։

«Ցավում եմ, որ այս անգամ չեմ կարող հասնել Երևան, բայց հուսով եմ՝ հաջորդ անգամ անձամբ ներկա կլինենմ: Ոգևորված եմ Starlink-ը Հայաստան բերելու և տեղի տեխնոլոգիական համայնքի հետ որոշ հետաքրքիր նախագծերի վրա աշխատելու համար՝ տիեզերքի ուսումնասիրությունից մինչև բաց և թափանցիկ արհեստական ինտելեկտի զարգացում, որը մղում է մարդկային հասկացողության սահմանները»,- իր ուղերձում ասել է Մասկը։

Բացի Starlink-ից, Մասկը հետաքրքրություն է հայտնել համագործակցել Հայաստանի տեխնոլոգիական համայնքի հետ տիեզերական հետազոտության և բաց արհեստական ​​ինտելեկտի հետ կապված նախագծերում։

«Սա ազդարարում է SpaceX-ի և Հայաստանի աճող տեխնոլոգիական հատվածի միջև համագործակցության ապագա հնարավորությունները՝ հետագայում բարձրացնելով երկրի դերը համաշխարհային նորարարության լանդշաֆտում: Մասկի հայտարարությունը ընդգծում է Հայաստանի աճող ներկայությունը տեխնոլոգիական նորարարության աշխարհում, որի հեղինակությունն ամրապնդվել է միջազգային իրադարձություններով, ինչպիսիք են WCIT-ը և DigiTec-ը»,- գրում է «Զարթոնք մեդիան»:

Հունիսի 14-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը Վաշինգտոնում այցելել էր SpaceX ընկերության Starlink-ի գրասենյակ, քննարկել ընկերության հետ ՀՀ համագործակցությունը, ինչպես նաև առաջադեմ տեխնոլոգիաները Հայաստանում հասանելի դարձնելու հետ կապված հարցեր։

Starlink-ը գլոբալ արբանյակային համակարգ է, որը տեղադրվել է SpaceX-ի կողմից՝ ապահովելու գերարագ լայնաշերտ արբանյակային ինտերնետ հասանելիություն այն վայրերում, որտեղ այն անհասանելի էր։

Armenia Today