ԱՐԻՈՒԹՅԱՆ ՈՒ ՀԱՎԱՏԻ ԴԱՍ
Շուշիի «Վարանդա» երգչախումբը կրկին բեմում է
Երկու տարվա լռությունից հետո հայոց աշխարհում հայտնի մանկապատանեկան «Վարանդա» երգչախումբը կրկին հնչեցրեց իր ձայնը։ Երևանի Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը, նաև այլ հարթակներում տեղի ունեցան այս պատմական կոլեկտիվի համերգները, որը 1992 թվ․-ին, Արցախի մշակութային կենտրոն՝ Շուշիի ազատագրումից անմիջապես հետո ստեղծել էր մեր Լիբանանի հայրենակից, երաժիշտ ու խմբավար Զաքար Քեշիշյանը։
ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ 32 ՏԱՐԻՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԵՐԳՉԱԽՈՒՄԲԸ ՄԻԱՅՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ՉԿԱՐՈՂԱՑԱՎ ԲԵՄ ԲԱՐՁՐԱՆԱԼ՝ 2023 թվ․-ին, երբ Արցախի շրջափակման պատճառով պարոն Զաքարը չկարողացավ մուտք գործել երկիր, որն էլ հետո բռնի հայաթափվեց, զրկվելով իր բնիկ ժողովրդից։ Արցախից հայերի բռնի տեղահանումից հետո Զաքար Քեշիշյանին հեշտ չէր ուժերը հավաքել, ցավն ու զգացմունքները փակել սրտի խորքում և «Վարանդայի» հետ վերադառնալ բեմ։ Չէ որ նա ազատ ու անկախ Ղարաբաղ-Արցախի կայացման հիմքերի ականատես ու մասնակից էր, 30 տարի անընդմեջ գալիս էր Շուշի՝ տարին երկու ամսով, որ կազմակերպի երգի տոն ու երգ-երաժշտության շուրջ համախմբի ոչ միայն պատանի շուշեցիներին, այլ նաև Արցախի այլ բնակավայրերից տաղանդավոր մանուկներին։ Նա չերկյուղեց Արցախ վերադառնալ անգամ 2020 թ․ 44-օրյա դաժան պատերազմից հետո, որպեսզի նոր՝ «Երգող Արցախ» ծրագիրը նախաձեռնի իր սաների և այլ երեխաների համար, որոնց ընտանիքները որոշում էին կայացրել մնալ հայրենի Արցախում ու պայքարել պապերի հողերում ապրելու իրենց իրավունքի համար։
Սակայն Արցախի կորստից հետո Զաքար Քեշիշյանը չգիտեր, ինչ անել և ինչպես վերադառնալ այս գործունեությանը։ Օգնությունը եկավ հենց իր պատանի սաների՝ «Վարանդայի» մասնակիցների կողմից, որոնք նամակներ էին գրում իրենց սիրելի պարոն Զաքարին, հարցնելով, արդյո՞ք հնարավոր է վերականգնել երգչախմբի աշխատանքը Երևանում։
«Հիշում եմ մեր առաջին փորձը հեռավոր 1992 թվ․-ին, երբ Արցախյան առաջին պատերազմը դեռ ընթանում էր, բայց, չնայած դրան, մենք հավաքվեցինք ազատագրված Շուշիում, որպեսզի վերապրելու հնարավորություն տանք թե երկրին, թե նոր սերունդներին։ Երբ ինքնաթիռների հարձակում գործեցին, ես վախեցա, երեխաներին հրահանգեցի, որ իջնեն ներքև, բայց նրանք շարունակեցին մնալ դասարանում, հետո էլ սկսեցին իրենց բառբառով շշնջալ, թե պարոն Զաքարը վախեցավ, - պատմում է Զաքար Քեշիշյանը։ - Այդ պահին ես մտածում էի, թե ինչքան դժվար է ապրել ու աշխատել պատերազմի պայմաններում, սակայն այսօր, Արցախի կորստից հետո, զգում եմ, որ կրկնակի դժվարը հիմա է։ Այո, այն տարիներին մենք պատերազմի մեջ էինք, բայց արցախցիներն իրենց հողի վրա էին, որը քայլ առ քայլ ազատագրվում էր միացյալ հայոց ուժերի կողմից։ Հիմա արցախցիները, տարագիր դարձաց, ստիպված սփռվել են ողջ Հայաստանով, սակայն մտքով մնացել են իրենց հայրենիքում՝ Շուշիում, Ստեփանակերտում, Հադրութում, Մարտակերտում, Քարվաճառում, Քաշաթաղում․․․ Այդ պատճառով էլ, երբ ես որոշեցի վերսկսել «Վարանդայի» գործունեությունը Երևանում - մինչև վերջնական կվերադառնանք Արցախ - ես գիտակցում էի, որ այս այցը ինձ համար լինելու է ամենադժվարն ու պատասխանատուն»։
Արդեն Երևանում Զաքար Քեշիշյանը սկսեց հավաքել իր սաներին Հայաստանի տարբեր վայրերից։ Արցախցիների մեծամասնությունն, այդ թվում և «Վարանդայի» երգիչները, տեղակայվել են Երևանում, Մասիսում, Աբովյանում։ Պարոն Զաքարը որոշեց լայնացնել կազմն ու նոր երեխաների հրավիրեց երգչախումբ։ Եթե վերջին, 2022 թվ․-ին Ստեփանակերտում կայացած «Երգող Արցախ» նախագծի համերգին մասնակցում էր 120 պատանի երգիչ, ապա հիմա կեսն էին՝ 65-ը։ Բայց դա չխանգարեց 22 փորձի արդյունքում պատրաստել մեծ ծրագիր, որում տեղ էր գտել «Վարանդայի» հին, նշանավոր համարներից 16 երգ և լրիվ նոր երգեր։ Զաքար Քեշիշյանը վստահեցնում է․ այսպիսի հսկայական արդյունքի պատճառը արցախցի երեխաների տաղանդն է, նաև նրանց համառությունն ու մեծ սերը դեպի երգ, հայրենիք, կյանք։
«Ես վստահ էի, որ երեխաները կհաղթահարեն այս փորձությունը և պատվով կկատարեն իրենց առաքելությունն՝ արցախցիներին Արցախից դուրս հավաքելով երգարվեստի շուրջ»,- խոստովանում է խմբավարը։ - Այո, երգչախմբի տրամադրությունը այժմ այլ է, փոխված։ Եթե Շուշիում մեր համերգներն երանություն էին, մի մեծ տոն, իսկ Ստեփանակերտում, 44-օրյա պատերազմից հետո, տխուր էր ու «Երգող Արցախ» նախագիծը դարձավ կատարված փաստի հետևանք և չհանձնվելու ցանկության արդյունք, ապա հիմա, Երևանում, փորձերի ժամանակ, խառը զգացմունքների մթնոլորտ էր տիրում։ Մի կողմից, երեխաները ուրախ էին բոլորիս հանդիպման, կրկին բեմ բարձրանալու հնարավորության համար, մյուս կողմից, նրանք այժմ հայրենազուրկ են, ամեն ինչ հասկանում են, զգում են իրենց ծնողների լուռ տառապանքը, բայց փորձում են ոտքի կանգնել հանուն ապագա հաղթանակների։ Մեր նպատակն է օգնել նրանց ապաքինվել պատերազմի վերքերից և հայրենիքի կորստից, շարունակել երգել, որ թշնամին չկարծի, թե լռեցրել է Արցախի ձայները»։
Այդ հզոր ձայները պայթեցրին Կամերային երաժշտության տան դահլիճը «Երգող Արցախ»-ի երևանյան համերգի ժամանակ։ Առյուծի բաժինը կատակային երգերն էին կազմել, որոնք, ըստ պարոն Զաքարի, կարևոր են երեխաների հոգեփոխության համար։ Հնչեցին նաև հայրենասիրական երգեր, նրանց թվում էր Զաքար Քեշիշյանի հեղինակած «Ապրիլ կրկին»-ը, որը կապված է Մեծ Եղեռնի ապրիլ ամսվա հետ, բայց նաև իր հիմքում ունի ապրել շարունակելու և վերածննդի գաղափար։
Համերգը (նվագակցող Նադեժդա Հարությունյան) բացվեց Կոմիտասի «Հայր մեր» ստեղծագործության կատարմամբ, որը հարգանքի տուրք դարձավ Արցախյան պատերազմների դաշտերում զոհված հայ զինվորների հիշատակին։ Այնուհետև հնչեցին Գեղունի Չթչյանի, Տիգրան Մանսուրյանի, Ստեփան Բաբաթորոսյանի, Սերգեյ Մարկոսյանի, Արմենուհի Կարապետյանի, Ժիրայր Շահրիմանյանի և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները գրված մանկապատանեկան երգչախմբի համար։ Կատարվեցին նաև արցախյան բարբառով խաղերգեր, «Վարանդայի» սաներից մի աղջնակ հանդես եկավ խմբավարի դերում, կային մենակատարներ, իսկ Զաքար Քեշիշյանը հարստացրեց համերգը շվիի ելույթով։ Դահլիճում նստած կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը ոգեշնչվել էր իր՝ «Իմ երկիր Հայաստան» ստեղծագործության կատարումից, որը հնչեցրեց «Վարանդան»։ Պատանի արցախցիների ելույթի ավարտին նա ոտքի կանգնեց, բուռն ծափահարելով, ու իր երախտագիտությունը հայտնեց երեխաներին։ Երեկոն եզրափակվեց Արցախի Հանրապետության հզոր ու գեղեցիկ օրհներգով (տեքստի հեղինակ` Վարդան Հակոբյան, երաժշտությունը՝ Արմեն Նասիբյանի)։ Հանդիսատեսը կանգնած երգում էր «Վարանդայի» հետ միասին:
«Երգող Արցախ» նախագիծը Երևանում իրականացվել է Հայ Առաքելական Եկեղեցու Արևելյան Ամերիկայի թեմի աջակցությամբ՝ գլխավորությամբ արքեպիսկոպոս Անուշավան Դանիելյանի, ինչպես նաև Զաքար Քեշիշյանի ընկերների ու համախոհների շնորհիվ։
«Այսօր Արցախը կորցրել է իր իրական բնակիչ-տերերին, նրանք էլ կորցրել են հայրենիքը, բայց մենք, վտարված լինելով հայրենիքից, շարունակելու ենք երգել Երևանում, ապրել և ուրիշներին ապրեցնել երգի միջոցով։ Այսօր «Վարանդայի» մասնակիցները երգում են արցախյան մարտերում զոհված իմ սաների փոխարեն»,- նշեց Զաքար Քեշիշյանը։
«Պատանի երգիչները մեզ հուսադրեցին, ուժ ու հավատ ներշնչեցին, որ մազաչափ չկասկածենք, որ չունենք այլ ճանապարհ և անպայման վերադառնալու ենք Արցախ։ Հանուն այն հայրենակիցների, որոնք իրենց կյանքերը նվիրեցին մեր հողերի համար և հանուն այս երեխաների ապագայի», - ասաց արևելագետ Գուրգեն Մելիքյանը։