ՆՐԱՆՔ ԶՎԱՐՃԱՆՈՒՄ ԵՆ
ՀՀ ՊՆ. «Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Աղասի Սերոժի Դալլաքյանի դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Դեմ չեմ փառատոններին, որոնք այդչափ խրախուսում է գործող իշխանությունը, քանի որ իրեն ինչ-որ կերպ դրսևորելու այլ ռեսուրս չունի։ Բայց դեմ եմ, որ մինչ իշխանությունն ուրախ ցուցադրում է իր էպիկուրականության կադրերը, ողջ թափով զվարճանում ու քեֆ քաշում, բանակում զինվորներ զոհվեն։ Ոչ թե հակառակորդի հետ բախման, այլ ոչ կանոնադրական հարաբերությունների արդյունքում, որպես հետևանք համընդհանուր բարդակի, ոչ միայն փողոցներում, այլև կառավարական կաբինետներում տիրող, այսպես ասած, «փառատոնային տրամադրության»։
Զինված ուժերի շարքերում կորուստների թիվը գերազանցել է երրորդ տասնյակը և մոտենում է չորրորդին... «Նախկինների» օրոք մեծ աղմուկ կբարձրանար։ Հիմա ամեն ինչ հանդարտ է, քանի որ երկրում հերթական փառատոնն է, և որովհետև «նախկինների» օրոք աղմկում էին հատուկ սահմանված սակագներով վարձատրվող հատուկ պատվերով։ Հիմա նրանք, ովքեր այդպիսի հատուկ պատվերներ էին տալիս նախապես սահմանված սակագներով, այլևս չեն վարձատրում այդ «աղմուկի» համար, այլ վճարում են փառատոնների կազմակերպման և դրանց ակտիվ մասնակցության համար։
Եթե ոմանք ուշադրություն են դարձրել՝ օլիգարխների զավակները մեզանում վաղուց արդեն չեն ծառայում։ Մեր բանակը միանգամայն կարելի է անվանել բանվոր-գյուղացիական։ Ավելի ճիշտ՝ գյուղացիական, քանզի ոչ մարտական պայմաններում զոհված զինվորների մեծ մասը նորակոչիկներ են հայկական գյուղերից, որոնք հնարավորություն չունեն լքել երկիրը նախքան զորակոչվելը, իսկ հետո, ունենալով 15 միլիոն դրամ, վճարելով ազատվել ծառայությունից միանգամայն օրինական հիմունքներով՝ համաձայն այս տարվա հունվարին իշխող կուսակցության ընդունած օրենքի։
Իսկ փառատոնային քողի հետևում (մինչ Հայաստանը զվարճանում է)՝ ոչ միայն ջրհեղեղներ են, հրդեհներ, պայթյուններ, ինքնասպանություններ բանակում, այլև հարևաններ, որոնք սպառնում են «երկաթե բռունցքով»՝ ի պատասխան «խաղաղության խաչմերուկի», և անհամբեր սպասում տարածաշրջանային պայթյունի, որպեսզի իրականացնեն թուրքական գոտու մասին իրենց երազանքը։
Մենք դադարել ենք սրտալի վերաբերվել նրանց, ովքեր ծառայում են դիրքերում, բայց աշխարհով մեկ շեփորում ենք ինչ-որ «խաչմերուկի» մասին, ընդ որում գերազանց հասկանալով, որ «խաչմերուկի» ճակատագիրը ոչ մի կերպ կախված չէ մեզանից։ Այդ ճակատագիրն իրենց ձեռքում են պահում այլ ժողովուրդներ ու պետություններ, և նրանք ոչ մի ցանկություն չունեն խրախուսելու Փաշինյանի կառավարության ծրագրերը։ Ավելին, նրանք չեն թաքցնում իրենց ցանկությունը՝ քանդելու այն երկիրը, որտեղ իշխում է Փաշինյանի փառատոնային թիմը։
Մինչդեռ Հայաստանի ԱԳՆ-ը խորաթափանցորեն զգուշացնում է, որ Ալիևը կարող է օգտվել Բաքվում ՄԱԿ-ի կլիմայի հարցերով գագաթաժողովից, որպեսզի լեգիտիմություն հաղորդի Հայաստանի նկատմամբ իր նկրտումներին, ընդհուպ մինչև հնարավոր նոր ագրեսիա: Հավելենք, որ մինչ Փաշինյանը տարված է իր «խաչմերուկով», Ալիևը Արցախի նկատմամբ արդեն արածներին և առաջիկա ծրագրերին լեգիտիմություն հաղորդելու համար նախատեսում է օգտվել ոչ միայն ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվող գագաթնաժողովից, այլև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ առաջիկա «դատավարությունից»։
Իսկ եթե այդ ընթացքում սկսվի նաև Իրանի ու Իսրայելի միջև հարաբերությունների կոշտ պարզաբանումը, ապա դժվար թե ինչ-որ բան հետ պահի Ալիևին թուրքական գոտու մասին երազանքներն իրականացնելու փորձից։