ԵԱՏՄ-ի պարենային ապահովվածության մակարդակը 10 տարում հասել է 93%-ի. նախարար

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գործունեության 10 տարիների ընթացքում գյուղատնտեսական արտադրանքի և պարենի հիմնական տեսակների ինքնաբավության մակարդակը հասել է 93%-ի: Այս մասին հայտարարել է ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Գոհար Բարսեղյանը Հռոմում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային համաժողովի ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«ԵԱՏՄ-ի պարենային ապահովվածության մակարդակը 2014 թվականից իր վեր զգալիորեն աճել է և այսօր կազմում է 93%։ Սա նշանակում է, որ այնպիսի մթերքների պահանջարկը, ինչպիսիք են հացահատիկը, խոզի միսը, բուսական յուղը, թռչնամիսը, շաքարը, կաթն ու ձուն, ամբողջությամբ բավարարվում է ներքին արտադրության հաշվին», -ընդգծել է Բարսեղյանը։

Նախարարը նաև նշել է, որ ԵԱՏՄ-ն ակտիվ համագործակցում է այլ ինտեգրացիոն միավորումների հետ, ինչպիսիք են ԲՐԻԿՍ-ը, Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիան, ՇՀԿ-ն, Աֆրիկյան միությունը և ՄԵՐԿՈՍՈւՐ-ը (Հարավային Ամերիկայի երկրների ընդհանուր շուկա):

«10 տարվա ընթացքում միությունն ապացուցել է իր արդյունավետությունը որպես ինտեգրացիոն միավորում»,–հավելել է նա։

Բարսեղյանն ընդգծել է, որ բոլոր տեսակի պարենային ապրանքների համար ամեն տարի ԵԱՏՄ-ում մշակվում են կանխատեսվող հաշվեկշիռներ, ինչը թույլ է տալիս ժամանակին տեղեկացնել բնակչությանը և ազդակներ ուղարկել բիզնեսին: Սա նաև ամրապնդում է ԵԱՏՄ երկրների դիրքերը համաշխարհային պարենային շուկայում և նպաստում սովի կրճատմանը։

«Միությունն ազատ առևտրի համաձայնագրեր է կնքում տարբեր երկրների հետ, ինչը նպաստում է արտաքին շուկաներ ագրոպարենային ապրանքների արտահանման ընդլայնմանը։ Արդեն համաձայնագրեր են ստորագրվել Վիետնամի և Սերբիայի հետ, բանակցություններ են ընթանում Ինդոնեզիայի, Արաբական միացյալ էմիրությունների և Եգիպտոսի հետ, ինչն արտահանման համար նոր հնարավորություններ է բացում», - ամփոփել է Բարսեղյանը։

ԵԱՏՄ-ն միջազգային տնտեսական կազմակերպություն է, որի նպատակներից է մասնակից պետությունների միջև ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի համար պայմաններ ստեղծելը, ինչպես նաև առանցքային տնտեսական ոլորտներում համակարգված կամ միասնական քաղաքականություն իրականացնելը: ԵԱՏՄ-ն հիմնադրվել է 2015 թվականի հունվարի 1-ին և ընդգրկում է հինգ երկիր՝ Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը:

Sputnik Արմենիա