ՀՀ ԱԱԾ տնօրենը մեկնաբանել է մոտ 1 տոննա կոկաինի ներկրման դեպքի առթիվ հարուցված քրեական գործը
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը հոկտեմբերի 15-ին խորհրդարանական լսումների ժամանակ մեկնաբանել է 2023 թվականին հանրապետություն մոտ մեկ տոննա կոկաինի ներկրմանն առնչվող աղմկահարույց քրեական գործը։
Քրեական գործում ներգրավված է նախկին պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը։ Վերջինս օրերս տված հարցազրույցում, հերքելով իրեն ուղղված մեղադրանքները, հարց է ուղղել, թե ինչպես կարող է նման ծավալուն բեռ հայտնվել Երևանում և սահմանին հերթապահող մաքսավորների համար աննկատ մնալ։
Աբազյանին նման հարց է ուղղել ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը։ Աբազյանը պարզաբանել է, որ մրգի արկղերում պահվող արգելված բեռներն անցել են մաքսակետում տեղակայված, այսպես կոչված, «կանաչ միջանցքով»։
«Փաստն այն է, որ մինչ այդ նման հնարավորություն ընձեռվել էր միրգ ներկրողին, որի պահեստում կոկաին էր հայտնաբերվել։ Ընկերությունը պարբերաբար միրգ է ներմուծել։ Ավելի վաղ դրա հետ կապված առանձնակի խնդիրներ չեն եղել, ուստի բեռներն անցնում էին «կանաչ միջանցքով»։ Սակայն հերթական խմբաքանակում կոկաին է հայտնաբերվել»,- պարզաբանել է Աբազյանը։
Կոկաինի ընդհանուր ծավալը, ինչպես նշել է ԱԱԾ պետը, կազմել է մոտ 788 կգ։
News.am