ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է 1908-ԻՆ ԲԱՔՎՈՒՄ ՀՐԱՏԱՐԱԿՎԱԾ ՔԱՐՏԵԶԸ, ՈՐԸ ԿԱՐԵՎՈՐ ՓԱՍՏԵՐ Է ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ
Այն վերատպվել է և ի պահ հանձնվել Վենետիկի Մխիթարյան Միաբանությանը
Քարտեզը տվյալ ժամանակի ու տվյալ տարածության մեջ ապրած-ապրող ազգերի փաստագրումն է, այդ թվում նաև՝ տվյալ տարածքում նրանց խտության, բաշխվածության մասին վկայող սկզբնաղբյուր է, դոկումենտալ-գիտական նյութ։ Ցանկացած քարտեզ բանալի է, որը կարող է բացել բազմաթիվ գաղտնիքներ՝ վեր հանելով իրականությունը։
ՈՒրախալի է, որ հայկական հետքը որոնողների շարքերը մեր իրականության մեջ շատանում են։ Այս անգամ հայկական հետքի որոնումը և փաստագրումը քարտեզի միջոցով է։ Այն մեզ տանում է 1900-ականներ, Կովկասյան տարածաշրջան, Բաքու։
Խոսքը 1908 թվականին Բաքվում կազմված և հրապարակված՝ «Կովկասյան երկրամասի քարտեզը՝ հայ բնակչության խտության արտացոլմամբ»՝ ուշագրավ գտածոյի մասին է, որի հայտնաբերմամբ ու վերատպությամբ նախանձախնդիր երկու ընկերների՝ Դավիթ Նահապետյանի և Հայկ Եգանյանի ջանքերի արդյունքում վերատպությունն այսօր կայացած փաստ է։ Արդ, ի՞նչ է փաստում, ի՞նչ տեղեկատվություն է փոխանցում մեզ այս նորահայտ քարտեզը։ Ո՞րն է եղել Բաքվում նման քարտեզ ստեղծելու- տպագրելու նպատակը։
Բնականաբար, եթե խոսքը նորահայտ քարտեզի մասին է, ուրեմն, անպայման այն պիտի անցներ մասնագետի՝ աշխարհագրագետ- քարտեզագետ Ռուբեն Գալչյանի ձեռքի տակով՝ ստանալով նրա մասնագիտական գնահատականը քարտեզի վիճակի մասին, ինչպես նաև՝ խորհուրդը, վերատպելու հնարավորությունները։ Այդպես էլ եղել է։ «Անվանումն իսկ փաստում է, որ Բաքվում տպված այս նորահայտ քարտեզի ստեղծման նպատակը և կարևորությունը հենց տվյալ ժամանակահատվածում հայազգի բնակչության խտության ցուցանիշները ներկայացնելն է եղել։ Ըստ այդմ, քարտեզը գույների բաժանումով հստակ պատկերացում է տալիս, թե տվյալ շրջանի կոնկրետ քաղաքներում և բնակավայրերում Կովկասյան տարածաշրջանում՝ ներկայիս Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի տարածքներում որքա՞ն հայություն է ապրել։ 1908 թվականին Բաքվում տպագրված քարտեզը հստակ ցուցանում է, որ բազմազգ Շիրվանում /10 տարի անց՝ Շիրվանը դարձավ Ադրբեջան/ հայերի խտությունը 40-80 տոկոս է եղել»։
Ընդ որում, ուշագրավ է, որ հայության խտության մասին փաստող քարտեզը հրապարակվել է հե՛նց Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, Բաքվի իշխանությունների գիտությամբ և հաստատմամբ։ Հրատարակել է Բաքվի հայկական կուլտուրայի միությունը։
Կովկասյան երկրամասի քարտեզը՝ հայազգի բնակչության խտության ներկայացմամբ փաստում է ոչ միայն այն, որ Կովկասյան տարածաշրջանում հայերի տեղաբաշխվածության խտությունը նշանակալի է եղել, այլև ցույց է տալիս, որ հայերը հատկապես խոշոր քաղաքներում են մեծաթիվ եղել։ Այդ թվում նաև՝ Բաքվից հետո մեծությամբ երկրորդ քաղաք՝ Գանձակում /պատմական Հայաստանի Ուտիք նահանգի Գանձակ քաղաք/ են գերիշխող եղել հայերը, կազմելով ավելի քան՝ 80 տոկոս։ Այսինքն, այստեղ, 1908-ին, քարտեզը տպելու ժամանակ հայերը մեծամասնություն են կազմել։ Ի դեպ, Բաքվի հայ բնակչությունն այդ շրջանում հիմնականում խոշոր արդյունաբերողներ էին՝ հսկայական կապիտալի տիրապետմամբ։ Բաքվում հայ սևագործ բանվորներ գրեթե չեն եղել։ Ինչպես Բաքվում, Գանձակում և այլ քաղաքային վայրերում հայերը եղել են իրենց գործի պրոֆեսիոնալներ, մասնագետներ՝ ինժեներներ, ճարտարապետներ, գրողներ և այլն»։
Քարտեզագետ Ռուբեն Գալչյանի հավաստմամբ՝ խնդրո առարկա քարտեզի հայերեն տարբերակն էլ է գոյություն ունեցել, սակայն դրա օրինակներն առայժմ ոչ մի տեղ չեն գտնվել։ Եթե ռուսերենը 1908 թվակիր է, ապա՝ հայերենը՝1912 թվականին է տպվել։ Նրա գնահատմամբ՝ «Քարտեզը վատ վիճակում էր, ուստի վերատպելն անհրաժեշտություն էր, ինչն իրականացվել է Մատենադարանում՝ պրոֆեսիոնալ բարձր մակարդակով։
Ապա՝ քարտեզը սկանավորվել և ուղևորվել է Վենետիկ՝ ի պահ հանձնվելով հայագիտական հնագույն կենտրոն Վենետիկի Մխիթարյան Միաբանությանը։ Արդյունքը լուսանկարներում տեսանելի է և արդեն փաստում է քարտեզը Մխիթարյան Միաբանությանը հանձնելու պահը։ Իսկ սա նշանակում է Եվրոպայի կարևոր հայագիտական կենտրոնում հանգրվանած աղբյուրագիտական նշանակություն ունեցող քարտեզը, որը վկայում է 1900-ականների սկզբին Կովկասյան տարածաշրջանի երկրներում և հատկապես Ադրբեջանի ներկայիս տարածքում հայ բնակչության խտության, մեծաթիվ լինելու մասին, լույս կսփռի, սկզբնաղբյուր կհանդիսանա ինչպես հետազոտողների, այնպես էլ՝ Կովկասյան տարածաշրջանով հետաքրքրվողների համար։ Այն կպահպանվի և կփոխանցվի հետագա սերունդներին՝ հայ ժողովրդի մեծաթիվ ներկայությամբ մեկ անգամ ևս փաստելով տարածաշրջանում հայերի բնիկության մասին։
Քարտեզն իր գիտական, տեղեկատվական և ռազմավարական նշանակությամբ այսօր ավելի քան կարևոր է և արդեն իսկ նրանով հետաքրքրվում են հետազոտողները։ Այն, ըստ էության, փաստական և գիտական լրջագույն նյութ է՝ ի հեճուկս ադրբեջանական կեղծիքի և ժխտողականության, հայազգի բնակչության թվաքանակի վիճարկման։