ՊԵՏԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԸ ԼՎԱՆՈ՞ՒՄ Է ՁԵՌՔԵՐԸ: ՓԱՇԻՆՅԱՆԸ ԵՐԿԻՐԸ ՄՏՑՐԵԼ Է ՀԵՐԹԱԿԱՆ ՓԱԿՈՒՂԻ, ՈՐԻ ՎԵՐՋՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄՆ Է…

Ալեն Սիմոնյանը պնդում էր, թե խաղաղության միջպետական համաձայնագիրը կստորագրվի 2023 թվականի դեկտեմբերի վերջին, իսկ «եթե չհասցնենք, ապա 2024 թվականի հունվարին»: 2022 թվականի հոկտեմբերի 31-ին (44-օրյա պատերազմից 2 տարի անց և սեպտեմբերի 13-14 -ի ագրեսիայից մեկուկես ամիս անց) Սոչիում կայացավ Ալիև-Փաշինյան-Պուտին եռակողմ հանդիպումը։ ՌԴ նախագահը ձգտում էր հաստատել, որ հակամարտության կարգավորման մոդերատորը Ռուսաստանն է, այլ ոչ թե Արևմուտքը։ Հանդիպման արդյունքում ստորագրվեց ինչ-որ դեկլարատիվ հայտարարություն, որով կողմերը հաստատեցին ուժի կիրառումից և ուժի կիրառման սպառնալիքներից հրաժարման պատրաստակամությունը: Դա՝ թղթի վրա, իսկ բանավոր կերպով Ալիևը չէր թաքցնում ուժի կիրառմամբ Սյունիքով այսպես կոչված միջանցք բացելու և Արցախից ռուս խաղաղապահներին դուրս բերելու մտադրությունները։ Մինչդեռ Հայաստանում իշխանությունների մատուցմամբ խոսում էին այն մասին, թե խաղաղության համաձայնագրի ստորագրման բանակցությունները մտել են եզրափակիչ փուլ։

Լրատվական դաշտ արձակվեց այն քարոզչաթեզը, թե մինչև 2022 թվականի տարեվերջ Թբիլիսիում, ամենայն հավանականությամբ, կստորագրվի համաձայնագրի արևմտյան տարբերակը։ Երբ Փաշինյանը Սոչիում իր անձնական նվիրվածության հավաստիքներն էր հայտնում Պուտինին, Երևանում խոսում էին այն մասին, որ նա վաղուց արդեն ընտրել է համաձայնագրի արևմտյան տարբերակը։ Փաշինյանի այդ ընտրությունն արդյունքում հանգեցրեց նրան, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին սկսվեց Արցախի շրջափակումը, ինչն էլ 2023 թվականի սեպտեմբերին հանգեցրեց էթնիկ զտումների և 120 հազար հայերի գաղթի։

Ընդդիմությունը Սոչիի հանդիպումից անմիջապես հետո կասկած հայտնեց խաղաղության համաձայնագրի ստորագրման վերաբերյալ. ակնհայտ էր, որ Ռուսաստանը փորձում է խլել նախաձեռնությունն Արևմուտքից։ Հոկտեմբերի 31-ի հանդիպմանը հաջորդեց նոյեմբերի 9-ին Շուշիում Ալիևի ելույթը զինվորականների առջև, որը վկայում էր ձեռք բերածի վրա կանգ առնելու ցանկության բացակայության մասին

Այսօր Արցախն ամբողջությամբ Ադրբեջանի տիրապետության տակ է, սակայն Ալիևին, ի տարբերություն Փաշինյանի, պետք է ոչ թե թղթի կտոր՝ խաղաղություն բառով, այլ իրական զիջումներ, ընդ որում խոսնակ Սիմոնյանի վերջին հայտարարությունը հուշում է, որ Փաշինյանը պատրաստ է նոր զիջումների։

Երկու տարի առաջ ԶԼՄ-ներում դեռևս հայտնվում էին միամիտ քարոզչաթեզեր, թե աշխարհի նոր վերաձևումը կհանգեցնի Հայաստանի ռևանշի վերաբերյալ համաշխարհային դերակատարների կոնսենսուսի՝ հանուն տարածաշրջանում ուժերի հավասարակշռության։ Այսօր, մերձավորարևելյան իրադարձությունների և Ուկրաինայում ՀՌԳ-ի առաջխաղացման խորապատկերին նման կոնսենսուսի մասին ոչ ոք չի մտածում։ Փաշինյանը պատրաստ է ցանկացած զիջման՝ աթոռին նստած մնալու համար, Ալիևը լկտիանում է անպատժելիությունից, СОР29-ը կարող է վերածվել ռազմական հանցագործի ցեղասպան քաղաքականությանը արևմտյան հանրության հավանության ցուցադրման թատերաբեմի, ճիշտ է, հույս կար, որ СОР29-ին մասնակցելու համար Բաքու այցելելու Պուտինի որոշումը կարող է դրդել արևմտյան ներկայացուցիչներին բոյկոտել խորհրդաժողովը։ Սակայն, ինչպես հայտնի դարձավ, ՌԴ նախագահը Բաքվում կայանալիք խորհրդաժողովին մասնակցել չի պատրաստվում։ Այսպես թե այնպես, Հայաստանում լիակատար ընդարմացում է տիրում, առաջին դեմքերի հայտարարությունների տրամաբանությունը ոչ ոք չի հասկանում

Ժնեվի համաժողովի ամբիոնից Սիմոնյանը հայտարարեց, թե կողմերը համաձայնության են եկել 16 կետերի շուրջ և կոչ արեց Ադրբեջանին «քաղաքական կամք դրսևորել», «օգտվել առիթից» և «միանալ մեզ»՝ «հնարավորն իրականություն դարձնելու համար»: «Հայաստանը պատրաստ է խաղաղ համաձայնագիր կնքել արդեն այսօր»,- ընդգծեց նա: Նույն վստահությամբ խոսնակը 2023 թվականի տարեվերջին պնդում էր, թե խաղաղության համաձայնագիրը կստորագրվի 2023 թվականի դեկտեմբերին կամ 2024 թվականի հունվարին։

Ավելի քան երկու շաբաթ առաջ Փաշինյանը հայտարարեց համաձայնագրի նախագծի 17 կետերից 13-ի համաձայնեցման մասին, իսկ օրերս Ալիևին առաջարկեց արտգործնախարարների հանդիպում կազմակերպել (1-2 օրով)՝ դեռևս չհամաձայնեցված 1-2 կետերի համաձայնեցման համար։ Դա հնարավորություն կտա իրեն ու Ալիևին խաղաղության միջպետական համաձայնագիր ստորագրել մինչև СОР29-ը։ Պետդեպարտամենտի մամլո ծառայության ղեկավար Մեթյու Միլլերի այն վերջին հայտարարությունը, որ ստորագրումը կախված է միայն կողմերից, ցույց տվեց, որ Վաշինգտոնը լվանում է ձեռքերը: Առանց միջնորդի բանակցությունները 10 ամիս անց մտան փակուղի, ինչի մասին Փաշինյանին զգուշացնում էր ընդդիմությունը։ Ալիևը լկտիանում է՝ թիկունքում զգալով Մոսկվայի աջակցությունը, իսկ Փաշինյանի հայտարարությունը, թե «խաղաղությունն այնքան մոտ է և մեզ հարկավոր է ընդամենը ձեռքը մեկնել և վերցնել այն», մնաց օդում կախված։

Ալիևը մերժեց СОР29-ից առաջ խաղաղության համաձայնագիր ստորագրելու առաջարկը։ 2025 թվականին նրա երկրի ռազմական բյուջեն կկազմի 5 մլրդ դոլար։ Փաշինյանին զգուշացնում էին, որ առանց միջնորդի բանակցությունները վաղ թե ուշ կմտնեն փակուղի և կավարտվեն նոր պատերազմով։ Ալիևը չի կատարել Արևմուտքի առջև ստանձնած ոչ մի պարտավորություն, սակայն Միլլերի հայտարարությունը ցույց տվեց, որ ոչ մի պատժամիջոց դրան չի հաջորդի: Պատճառը միայն այն չէ, որ Բաքուն գազ է մատակարարում ԵՄ 5 պետությունների, այլ այն, որ Ալիևի թիկունքին Մոսկվան է։ Բաքվից հնչած հոխորտանքին, ինչի մասին մենք նշել ենք նախորդ հրապարակումներում, ԱՄՆարձագանքեց Միլլերի այն խոսքերով, թե խաղաղության համաձայնագրի ստորագրումը Վաշինգտոնը երբեք չի կապել СОР29-ի հետ, դա Հայաստանի և Ադրբեջանի գործն է։

Դիվանագիտական լեզվից հասարակ մահկանացուների լեզվով թարգմանած՝ սա նշանակում է, որ Փաշինյանին «քցեցին»։ Դիվանագիտական լեզվով՝ Վաշինգտոնի դիրքորոշումը ցույց է տալիս ուղիղ բանակցություններին մոդերատորի չմիջամտում, քանզի հակառակ դեպքում, ընդունելով կողմերից մեկի դիրքորոշումը, ԱՄՆ-ը կդադարի գործընթացի մոդերատոր լինել: Ընդունելով Հայաստանի դիրքորոշումը, «Հանուն հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանի խոսքերով, Ֆրանսիան զրկվեց մոդերատորի դերը ստանձնելու հնարավորությունից, քանի որ այդ դերը ենթադրում է չեզոքություն: «Գիտակցելով օգնելու անհնարինությունը՝ ԱՄՆնախընտրում է չխանգարել»,- ընդգծեց Բաբաջանյանը: Մի խոսքով, դատարկ բլբլոց

Արևմտյան վեկտորի կողմնակիցները փորձում են համոզել քաղաքականացված հանրությանը, թե մոդերատորը չի կարող գնահատական տալ կողմերից մեկի գործողություններին, և որ Միլլերի հայտարարությունը պետք է հասկանալ հենց այդպես: Իրականում այդ հայտարարությունն արձանագրեց Փաշինյանի արտաքին քաղաքականության լիակատար ձախողումը, ինչը մտցրեց երկիրը հերթական փակուղի, որի վերջում նոր պատերազմն է: Համեմատության համար. Զելենսկին շարունակ զարմանում է, թե ինչու են ամերիկացիներն օգնում Իսրայելին խոցել Իրանի բալիստիկ հրթիռները, բայց չեն օգնում Կիևին խոցել ռուսական հրթիռները։ Պատասխանը պարզ է՝ «Գուդոկ» թերթի պես. Ռուսաստանը միջուկային զենք ունի, իսկ Իրանը՝ առայժմ ոչ։ Առանցքային բառը՝ «առայժմ»:

Մեր դեպքում Ադրբեջանի թիկունքին կանգնած է Ռուսաստանը, որն ունի միջուկային զենք, իսկ Հայաստանի թիկունքին ոչ ոք չկա։ Փաշինյանը վերածեց երկիրը Հարավային Կովկասում Արևմուտքի գործիքի՝ ընդդեմ Ռուսաստանի։ «Գիտակցելով օգնելու անհնարինությունը...». սա Ռուսաստանի Դաշնության հետ առճակատվել չցանկանալն է, համենայնդեպս՝ նախընտրական քարոզչության թեժ պահին: Թե ինչ կհաջորդի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին և СОР29-ին, դժվար չէ կռահել, մանավանդ որ այդ հեռանկարի մասին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը բաց տեքստով զգուշացրեց ոչ միայն հայ ժողովրդին, այլև արևմտյան կոալիցիային: Պատասխանն արդեն ստացված է։ «Դա կախված է Հայաստանից և Ադրբեջանից, այլ ոչ թե ԱՄՆ-ից»,- հայտարարեց Միլլերը խաղաղության համաձայնագրի ստորագրման վերաբերյալ՝ հասկացնելով, որ Պետդեպարտամենտը լվանում է ձեռքերը