ԲԱՔՎԻ ՎԱՆԴԱԼԻԶՄՆ ՈՒ ԵՐԵՎԱՆԻ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ. ԻՆՉՈ՞Վ ԵՆ ԶԲԱՂՎԱԾ ԱԳՆ-Ը, ԿԳՄՍՆ-Ը ԵՎ ՅՈՒՆԵՍԿՕ-ՈՒՄ ՀՀ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ
Հոկտեմբերի 21-ին համացանցում տեղեկություններ հայտնվեցին, որ Ադրբեջանն ամբողջությամբ ոչնչացրել է Ստեփանակերտի պատմական կենտրոնը: Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության հանրային խորհրդի քարտուղար Սերգեյ Շահվերդյանի գրառման համաձայն՝ հողին է հավասարեցվել առնվազն 6,5 հեկտար բնակելի կառուցապատված տարածք, իսկ կցված քարտեզը ցույց է տալիս ալիևյան վանդալիզմի մասշտաբները հայկական երկրորդ մայրաքաղաքում։
Ադրբեջանը արագացված տեմպերով ոչնչացնում է Արցախում ամեն հայկականը՝ ձգտելով կարճ ժամանակում բառացիորեն ջնջել հայկական հետքը հայկական հողից: Թե ինչով է դա պայմանավորված, առանձին հարց է, բայց հուշարձանների, եկեղեցիների, խաչքարների, պատմական շինությունների, հուշավայրերի, այդ հողի իրական տերերի հետ կապված ամենի քանդման, պղծման և ավերման մասին հաղորդագրություններ են ստացվում գրեթե ամեն օր: Վանդալիզմն արձանագրվում է պրոֆիլային կազմակերպությունների, այդ թվում՝ միջազգային, փորձագետների, ԶԼՄ-ների կողմից, քննարկումների թեմա դառնում սոցցանցերում։
Քար լռություն են պահպանում միայն Հայաստանի դե ֆակտո իշխանությունները, որոնք 44-օրյա պատերազմի ավարտից հետո անցած 4 տարիների ընթացքում մտքով անգամ չանցկացրեցին ներառել հայկական անգնահատելի ժառանգության պահպանման կարևորագույն հարցը արտաքին քաղաքական հրատապ օրակարգում: Ավելին, ԱԳՆ կոչեցյալը մեծ ջանքեր գործադրեց, որպեսզի իսպառ մարի ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությունն Արցախ ուղարկելու հարցը։ Եթե անգամ այդ մասին ինչ-որ տեղ ինչ-որ բան հիշատակվում է, ապա բացառապես կոնյունկտուրային նպատակներով։
Ասվածի բավական խոսուն ապացույցն են հոկտեմբերի 18-ին ՀՀ Ազգային ժողովում պատգամավորներ Թագուհի Թովմասյանի և Աննա Գրիգորյանի կազմակերպած քննարկումները՝ նվիրված Ադրբեջանի կողմից Արցախի պատմամշակութային ժառանգության ոչնչացմանը: Թվում է, թե թեման ինքնին չպետք է մասնակցելու կամ չմասնակցելու հարց առաջացնի քաղաքական ուժերից և առավելևս պետական կառույցներից որևէ մեկի մոտ, որոնք պարտավոր են զբաղվել հայ ազգի, նրա պատմության, մշակույթի և ապագայի համար ահռելի նշանակություն ունեցող խնդրով։
Ըստ կազմակերպիչների, քննարկմանը հրավիրված էին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ), ԱԳՆ-ի և Արդարադատության նախարարության ներկայացուցիչներ: Ահա ուրեմն, հիշյալ կառավարական կառույցներից և ոչ մեկը հարկ չհամարեց մասնակցել. ԱԳՆ-ը և ԱՆ-ը մերժեցին անմիջապես, իսկ ԿԳՄՍՆ-ը սկզբում հաստատեց մասնակցությունը փոխնախարարի մակարդակով, սակայն հանդիպումից մեկ ժամ առաջ այնտեղից հայտնեցին, որ ներկա չեն լինելու: «Սա նշանակում է, որ կա քաղաքական հրաման՝ չմասնակցել ընդդիմության նախաձեռնած քննարկումներին»,- ընդգծեց Թագուհի Թովմասյանը, և նրա հետ դժվար է չհամաձայնել:
Բայց միայն դա՞ է արդյոք պետական գերատեսչությունների բացակայության պատճառը։
Այս առնչությամբ հետաքրքիր մանրամասներ պատմեց Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը: Քննարկման ընթացքում ներկայացնելով ադրբեջանական վանդալիզմի մոյեգնության հետ կապված ընդհանուր իրավիճակը, նա տեղեկացրեց նաև, որ պատրաստել է ծրագրեր և լուծումներ, որոնք նախատեսել է ներկայացնել ԿԳՄՍՆ: Ընդ որում Հովհաննիսյանը նշեց, որ արցախցիների բռնի տեղահանումից հետո սկզբնական շրջանում իրենք ակտիվորեն աշխատել են այդ նախարարության ներկայացուցիչների հետ։ Ինչը, սակայն, չես ասի ԱԳՆ-ի մասին։
Նրա խոսքերով՝ այնտեղ փաստաթղթեր են ուղարկվել, որպեսզի դիվանագիտական ուղիներով դրանք փոխանցեն ՅՈՒՆԵՍԿՕ-ին, սակայն մինչ օրս այդ մասին ոչ մի տեղեկություն չկա։ Ավելին, տարբեր աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն՝ փաստաթղթերն այդպես էլ չեն փոխանցվել հասցեատիրոջը։ Այսինքն Արարատ-Արաբատ Միրզոյանի աշխատակիցները կա՛մ միտումնավոր, կա՛մ անիրազեկության, կա՛մ էլ տարրական ծուլության պատճառով սաբոտաժի են ենթարկում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ փոխգործակցության կարևորագույն աշխատանքը հայ ժողովրդի պատմամշակութային հուշարձանների պահպանության հարցում։
Բնականաբար, ԱԳՆ-ից որևէ արձագանք չեղավ Լեռնիկ Հովհաննիսյանի հայտարարությանը։ Ինչը թույլ է տալիս վստահաբար պնդել, որ փաստաթղթերը չեն փոխանցվել, և դա արվել է միտումնավոր՝ քաղաքական շահերից ելնելով, նպատակ ունենալով խոչընդոտել ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության ուղևորությանն Արցախ և ընդհանրապես կազմակերպության որևէ ներգրավվածությանը օկուպացված տարածքում հայկական ժառանգության պահպանման գործում։ Ի՞նչ է սա, եթե ոչ պաշտոնեական բնույթի հանցագործություն, որն ունի ընդգծված հակահայկական ուղղվածություն:
Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի 25-ին, նույն Միրզոյանը, ելույթ ունենալով Նյու Յորքում կայացած Հնագույն քաղաքակրթությունների համաժողովում, հայտարարեց, որ «Արցախում էթնիկ զտումներից հետո հայկական ժառանգությունը ոչնչացման վտանգի տակ է», և թե «Հայաստանն ամեն կերպ աջակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների առաքելության անհապաղ ուղարկմանը Լեռնային Ղարաբաղ»։
Այսինքն պաշտոնական կառույցները, մասնավորապես՝ ԱԳՆ-ը, գերազանց գիտակցում են սպառնալիքը և աջակցում առաքելության ուղարկմանը, բայց միևնույն ժամանակ հրաժարվում են մասնակցել այդ թեմայով քննարկումներին, իսկ նրանց աշխատակիցները չեն կատարում ՅՈՒՆԵՍԿՕ-ին իրազեկելու իրենց անմիջական պարտականությունները։ Թե՞ իրենք այն աստիճան պրոֆեսիոնալ են (ինչին, իհարկե, դժվար է հավատալ), որ փորձագիտական ծառայությունների կարիքը չունեն։ Իսկ գուցե Արարատ-Արաբատը համոզված է, թե իր և աշխատակիցների աշխատանքը բացառապես դատարկ խոսելն ու ձրի ճամփորդե՞լն է, իսկ հետևողական ու տքնաջան մասնագիտական գործունեությունը «էլիտայի» համար չէ՞:
ԵՎՍ ՄԵԿ ՀԱՐՑ. ԻՆՉՈ՞Վ Է ԶԲԱՂՎԱԾ ՅՈՒՆԵՍԿՕ-ՈՒՄ ՀՀ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ: Արամ Հակոբյանն այդ պաշտոնում նշանակվել է սույն թվականի ապրիլին, ընդ որում այդ երիտասարդի, մասնավորապես՝ նրա նախկին դիվանագիտական աշխատանքի և մասնագիտական հմտությունների մասին որևէ տեղեկություն համացանցում գտնել չհաջողվեց: Միայն հուլիսին ԶԼՄ-ները հաղորդագրություն հրապարակեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ հանդիպման մասին, որին Հակոբյանը հանձնեց իր հավատարմագրերը և «գլխավոր տնօրենի ուշադրությունը հրավիրեց Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային ժառանգությանը սպառնացող իրավիճակի վրա՝ հիշատակելով ՅՈՒՆԵՍԿՕ-ից ակնկալվող գործնական քայլերի կարևորությունը»:
ՅՈՒՆԵՍԿՕ-ից «գործնական քայլեր» ակնկալելն, իհարկե, լավ է։ Բայց շատ կուզենայինք իմանալ, իսկ ի՞նչ գործնական քայլեր է ձեռնարկում Փարիզում ինքը՝ մշտական ներկայացուցիչը, ինչպես նաև ԱԳՆ-ի իր գործընկերները՝ Միրզոյանի գլխավորությամբ։ Չէ՞ որ տրամաբանորեն հենց Հայաստանը պետք է այս հարցում հանդես գա որպես շահագրգիռ կողմ և իր ակտիվությամբ ստիպի «կոռումպացված» ՅՈՒՆԵՍԿՕ-ին նման քայլեր ձեռնարկել։
Ի դեպ, այն փաստը, որ կազմակերպությունը գլխավորում է մեր բարեկամ Ֆրանսիայի ներկայացուցիչը, պիտի որ օգնի հասնել նպատակին։
Տրամաբանական հարց է ծագում. իսկ իրականում ձգտո՞ւմ են արդյոք հայկական իշխանությունները հասնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության ուղարկմանն Արցախ, դրանից բխող բոլոր հետևանքներով՝ եզակի հուշարձանների պահպանման հետագա աշխատանքի տեսքով: Թե՞ նրանք այս հարցում նույնպես շարժվում են թուրքական նավարկուղիով և, հրաժարվելով Արցախից, հրաժարվում են նաև հայ ժողովրդի քաղաքակրթական հարստությունից։
Առանձին խոսակցության թեմա է ԿԳՄՍՆ-ը։ Դեռևս մեկ տարի առաջ ԱԺ-ում պետբյուջեի նախագծի քննարկումների ժամանակ վայ-նախարար Անդրեասյանը ամպագոռգոռ հայտարարում էր «Լեռնային Ղարաբաղում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման նպատակով Բաքվի վրա միջազգային ճնշումն ուժգնացնելու» վճռականության մասին։ Հավաստիացնում էր, թե արցախյան ժառանգության պահպանումը գերատեսչության գործունեության կարևորագույն ուղղություններից մեկն է, իսկ նրա հիմնական խնդիրներից է «փաստահավաք առաքելության ուղարկումն ու հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացումը»:
Այդ նպատակի համար ԿԳՄՍՆ-ին բյուջեից հատկացվեցին որոշակի միջոցներ։ Բայց ի՞նչ ունենք արդյունքում՝ մեկ տարի անց։ Ադրբեջանն անպատիժ ու ցուցադրաբար ոչնչացնում է արցախյան հուշարձանները, իսկ Անդրեասյանն ու իր ԿԳՄՍՆ-ը պապանձված են։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունն արդեն թվում է ֆանտաստիկայի ոլորտից ինչ-որ բան, իսկ նախարարության ներկայացուցիչները չեն ցանկանում մասնակցել հարցի քննարկմանը պատգամավորների և Արցախի ներկայացուցիչների հետ ու դրանով իսկ բարձրացնել «հանրային իրազեկվածությունը»: Թե՞ նրանց հետաքրքրում են միայն արտասահմանյան շրջագայությունները՝ «Ալիևի վրա ճնշումն ուժգնացնելու» պատրվակով, որոնց արդյունքը զրո է։
Այո, իրավիճակն այս հարցում նույնպես արտառոց է և խայտառակ. ասենք, այս իշխանություններից այլ բան ակնկալելն անիմաստ է, քանզի հասկանալի է, որ նրանց գործողությունների օրակարգը թե՛ ներքին, թե՛ արտաքին ասպարեզում թելադրված է դրսից և ենթակա օտար շահերի սպասարկմանը։ Բայց պահանջել, որ կատարեն իրենց ծառայողական պարտականությունները, անհրաժեշտ է։ Առնվազն որպեսզի նրանց չթվա, թե ոչ ոք չի նկատում իրենց ապազգային քաղաքականությունը, որի հետևանքն են դառնում հանցագործություններն ընդդեմ հայկական պատմամշակութային ժառանգության։ Եվ որ նրանք մի պահ անգամ չմոռանան, որ նպաստում են այդ հանցագործություններին, եթե ոչ՝ դառնում հանցակից։
Եվ վերջինը. հոկտեմբերի 24-ին Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խումբը կոչ է արել միջազգային հանրությանը շտապ արձագանքել Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի պատմական կենտրոնի ոչնչացմանը: Ֆրանսիացի սենատորները միջազգային հանրությանը կոչ են արել նաև СОР29-ի նախօրեին կոշտ պայմաններ ներկայացնել Բաքվին. անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություններ ուղարկել՝ Արցախում հայկական և կրոնական ժառանգությունը պաշտպանելու համար, ապահովել Արցախի փախստականների անվտանգ վերադարձի իրավունքները՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշման համաձայն:
Պաշտոնական Երևանը այս ամենի առնչությամբ մեռյալ լռություն է պահպանում…