ՏԻԳՐԱՆ ԲԱԼԱՅԱՆԸ ՏԵՍԱՎ ԱՅՆ, ԹԵ ԻՆՉԻ ՀԵՏ ԲԱԽՎԵՑԻՆ ԼՂՀ-Ի ՀԱՅԵՐԸ
Եվ դեռ կարող են բախվել նաև Սյունիքի հայերը
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.
«Հոկտեմբերի 29-ին Թուրքիայում նշում էին հանրապետության հիմնադրման 101-րդ տարեդարձը: Շատերն այս առիթով այցելում էին Թուրքիայի հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարան: Լավ է դա, թե վատ, սակայն այս նորությունը չէր հայտնվի մեր լրահուում, եթե չպարզվեր, որ ՀՀ ներկայացուցիչը ԵՄ-ում, Բելգիայում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը չլիներ այն դիվանագետների թվում, որոնք Բրյուսելում մասնակցում էին այդ առիթով կազմակերպված տոնական միջոցառումներին:
«Politico» պարբերականը նախօրեին հայտնել է, որ ծանոթացել է նամակին, համաձայն որի՝ Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիկովի կողմից ենթարկվել է «բանավոր հարձակումների և ահաբեկման», ով «ուղիղ սպառնալիքներ է հնչեցրել նրա կյանքին»։ Միջադեպը տեղի է ունեցել Բրյուսելի Tangla հյուրանոցում ընդունելության ժամանակ, որը կազմակերպվել է Թուրքիայի դեսպանատան կողմից երկրի ազգային օրվա առթիվ՝ հանրապետության հիմնադրման 101-րդ տարեդարձի առիթով:
Մեկնաբանելով այս լուրը կարելի էր սահմանափակվել այն նկատառմամբ, որ ի սզբանե չարժեր գնալ Թուրքիայի դեսպանատան կազմակերպած ընդունելությանը, որպեսզի այնտեղ սպառնալիքներ չստանաս: Սակայն հաշվի առնելով ՀՀ իշխանությունների կողմից ընտրված արտաքին քաղաքական վեկտորը՝ Հայաստանի ինտեգրումը թուրքական աշխարհին, միջադեպն արժե մանրամասնորեն քննարկել:
Բաքվի ներկայացուցիչները, այդ թվում նաև այս պատճառով, չեն խուսափում նույնիսկ Եվրոպայում, նույնիսկ դիվանագիտական ընդունելությունների ժամանակ սպառնալ հայերին: Սա վառ վկայություն է այն բանի, որ ադրբեջանական ինքնության տեսանկյունից ոչինչ չի փոխվել Արցախի հանձնելուց հետո: Եթե չասենք, որ ամեն ինչ ավելի վատ է դարձել, քանի որ «զոհի կոմպլեքսը» զիջել է իր տեղը մի աշխարհընկալման, որտեղ Բաքուն ունի «ուժեղի իրավունքով» իր կենսատարածքը մեծացնելու իրավունք:
Ինքնության խորքային խնդիրը մի երևույթ է, որը ՀՀ իշխանությունները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ով հանձնել է Արցախը Ադրբեջանին, փորձում են չնկատել: Այս ջանքերը երբեմն ստանում են ծիծաղելի հայտարարությունների ձև, օրինակ՝ որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է օգնել ոչ միայն Հայաստանին, այլև տարածաշրջանի այլ երկրներին գումար վաստակել:
Կարելի է ենթադրել, որ «Politico» պարբերականը հնարավորություն է ստացել ծանոթանալու պաշտոնական Բրյուսելին ուղղված նամակի բովանդակությանը՝ շնորհիվ Բրյուսելում ՀՀ ներկայացուցչության մի շարք գործողությունների: Սակայն առաջանում է բավականին տրամաբանական հարց՝ ինչու՞ դա արեց ՀՀ ներկայացուցչությունը ԵՄ-ում: Ինչո՞ւ ուղարկեցին նամակը եվրոպացի պաշտոնյաներին, ինչո՞ւ տվեցին այդ նամակը «Politico» պարբերականին:
Ինչո՞ւ Հայաստանը, որը դիտարկում է բոլոր իր հայցերը Ադրբեջանի դեմ միջազգային ատյաններում հետ կանչելու հնարավորությունը, պետք է ծախսի քաղաքական ռեսուրսներ Տիգրան Բալայանի պատվի և արժանապատվության պաշտպանության համար: Ինչո՞վ է Բալայանն ավելի լավը, քան Արցախի հայերը, որոնց Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը դուրս հանեցին ԼՂՀ-ից, փաստացի, մահվան սպառնալիքի ներքո: Ինչո՞ւ նրանց կարելի է սպառնալ, իսկ Բալայանին՝ ոչ:
Ինչո՞վ է ՀՀ ներկայացուցիչը Եվրոպական Միությունում ավելի լավը, քան Սյունիքի հայերը, որոնց նույնպես սպառնում են մահով՝ եթե «Արևմտյան Ադրբեջան» նախագիծն իրականացվի: Ինչո՞ւ Բաքվի սպառնալիքների դեպքում «Արևմտյան Ադրբեջանի» թեմայով մենք չենք տեսնում «զայրացած տոնով» հոդվածներ »Politico»-ում, իսկ Թուրքիայի հանրապետության հիմնադրման 101-րդ տարեդարձի տոնակատարության առիթով տհաճ միջադեպի դեպքում դա տեղի ունեցավ:
Դեպքը հետևանք է վերջին տարիներին ՀՀ իշխանությունների կողմից ընդունված քաղաքական որոշումների: Քաղաքական որոշումները առաջացրել են քաղաքական խնդիրներ, որոնք իրենց հերթին վերածվել են կենցաղային սպառնալիքների: «Politico»-ի հոդվածը չի լուծի առաջացած խնդիրները…
Մտածե՛ք այդ մասին…»։