ԶԱՐՄԱՆՈ՞ՒՄ ԵՔ, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԴԵՍՊԱՆԸ ՍՊԱՌՆԱՑԵԼ Է ՍՊԱՆԵԼ ՀԱՅ ԴԵՍՊԱՆԻՆ
ԵՄ-ում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիգովը սպառնացել է սպանել ԵՄ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանին, հաղորդում է Politico-ն: Միջադեպը տեղի է ունեցել Բրյուսելի Tangla հյուրանոցում ընդունելության ժամանակ, որը կազմակերպել էր Թուրքիայի դեսպանատունը՝ Թուրքիայի Հանրապետության 101-ամյակի կապակցությամբ: Հաղորդվում է, որ Հայաստանի դեսպանությունը Բրյուսելում դիվանագիտական առաքելություններին պաշտոնական բողոք է հղել՝ Բալայանի հասցեին Սադիգովի հնչեցրած սպառնալիքների առնչությամբ: Ինքը՝ Սադիգովը, կտրականորեն ժխտում է, իբր՝ նման բան չի եղել։
ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՍԹԵԲԼԻՇՄԵՆԹԻ ՍԱԴԻԳՈՎԻՑ շատ ավելի ազդեցիկ անձանց միանգամայն անթաքույց հակահայկական հռետորաբանությունը, դժվար է կասկածի տակ առնել հայ դիվանագետի հասցեին նրա հնչեցրած սպառնալիքները։ Ճիշտ է, նույնքան դժվար է չտալ այն հարցը, թե ինչո՞ւ են հայ դիվանագետները քարշ գալիս թուրքական դեսպանատուն, ի՞նչ են կորցրել այնտեղ։ Դե, ախր դա դիվանագիտություն է, կառարկեն ընդդիմախոսները: Մինչդեռ ինչ-որ շա՜տ տարօրինակ է մեր դիվանագիտությունը. խաղ՝ մեկ դարպասով, ավելի ճիշտ՝ երկու. ադրբեջանական ու թուրքական։ Եվ էլի մի բան. իհարկե, նորմալ է, որ հայկական դեսպանությունը պաշտոնական բողոք է հղել միջադեպի կապակցությամբ, բայց ինչո՞ւ այդ նույն հայկական դիվանագիտությունը, որն արձագանքում է ոմն Սադիգովի հայատյաց պոռթկումներին, բոլորովին չի արձագանքում Ադրբեջանի նախագահի է՛լ ավելի հայատյաց հրապարակային ժայթքումներին, որոնք ընդ որում վերաբերում են նույնիսկ ոչ թե կոնկրետ անձանց, այլ մի ամբողջ ժողովրդի ու երկրի։
Օրինակ, արձագանքե՞ց արդյոք Հայաստանի ԱԳՆ-ը Իլհամ Ալիևի հետևյալ հայտարարություններին։
«Հայկական պետականությունն արդեն կործանված է...Մենք լիովին մեկուսացրել ենք Հայաստանը»։
«Փաշինյանն ասում էր, թե չի տա այդ հողերը։ Քեզ ո՞վ է հարցնում՝ կտաս, թե չէ։ Եկանք ու վերցրեցին, ահա և ամենը։ Կվերցնենք այնքան, ինչքան պետք է, իսկ եթե ցանկանանք՝ է՛լ ավելին։ Հայաստանն անօգնական է մեր առջև։ Հայաստանը ծնկի է եկել մեր առջև։ Մենք նրանց ծնկի ենք բերել մեր շահիդների հիշատակի առջև»։
«Այսօր Հայաստանի ղեկավարությունը պետք է լավ մտածի։ Նրանք արդեն ծնկի են եկել մեր առջև, մենք նրանց ցույց ենք տվել իրենց տեղը»։
«Մենք վռնդեցինք (հայերին-Զ.Գ.) շների պես։ Ես ասում էի, որ վռնդելու ենք, վռնդելու ենք շների պես, ու վռնդեցինք… Հը, Փաշինյան, պատրաստվում էիր ճանապարհ հարթել դեպի Ջաբրայիլ։ Պարում էիր, իսկ ո՞ւր է կարգավիճակը: Գրողի ծոցը գնաց կարգավիճակը, կորավ, հօդս ցնդեց, չկա ու չի լինելու»։
«Հայաստան, դու փակուղի ես։ Մենք քեզ դարձրեցինք փակուղի...»:
«Կարո՞ղ է լինել նման անամոթ երկիր։ Կարո՞ղ են լինել այդքան անամոթ մարդիկ: Ըստ երևույթին՝ կարող է, և դա Հայաստանն է»։
«Այսուհետ մենք հավերժ ապրելու ենք Ղարաբաղում ու Զանգեզուրում։ Եթե Հայաստանում մի որևէ ուժ խեթ նայի մեզ, ապա կտեսնի մեր բռունցքը։ Դա իր տեղում է»։
«Հայաստանը, հայկական զինված ուժերը սկսում են վախից դողալ ադրբեջանցի հատուկջոկատայինների մասին լոկ հիշատակումից»…
Սա Ադրբեջանի նախագահի հրապարակային անկեղծացումների սոսկ չնչին մասն է, որի հետ հայոց ներկայիս ղեկավարությունը պատրաստվում է «խաղաղության պայմանագիր» կնքել, որի հետ հանդիպելիս Փաշինյանն ամեն անգամ երջանիկ ժպտում է, սեղմում ձեռքը, անուշ-մեղուշ զրուցում։ Ցուցաբերելով շփման այնպիսի անզսպելի հակում, որ նույնիսկ պաշտոնական միջոցառման ընթացքում, Ռուսաստանի նախագահի ելույթի ժամանակ զուգահեռաբար ասում-խոսում է Ալիևի հետ։
Ալիևի վերոհիշյալ ագրեսիվ, վիրավորական, հայատյաց հայտարարություններից գոնե մեկի առնչությամբ բողոքի նոտա ուղարկվե՞լ է Ադրբեջանի ԱԳՆ:
Իսկ ի՞նչ կասեք Ալիևի «ավագ եղբայրներից» մեկի՝ Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի արարքի մասին, երբ նա ապրիլի 23-ին հայերին ցույց տվեց «Գորշ գայլեր» ահաբեկչական կազմակերպության ժեստը, ինչը սպանության անսքող սպառնալիք է արտահայտում ոչ պակաս, քան Ալիևի կամ ԵՄ-ում ադրբեջանցի նշյալ դեսպանի սպառնալիքները, որն աչքի է ընկել նաև նրանով, որ սոցցանցերում սպառնալիքներ է հրապարակել Հայաստան այցելած Եվրախորհրդարանի պատվիրակության հասցեին:
Նրանում, թե ինչ լկտի են իրենց պահում սադիգովները, սկզբունքորեն զարմանալի ոչինչ չկա։ Եթե պետության ղեկավարը և ադրբեջանական ղեկավարության այլ բարձրաստիճան ներկայացուցիչներն իրենց թույլ են տալիս հակահայկական լպիրշ ֆաշիստական հռետորաբանություն, ինչո՞ւ պիտի մյուսները զսպեն իրենց գազանային բնազդները։
Զարմանալի է, թե որքան ընտրողաբար է արձագանքում հայկական դիվանագիտությունը, նախընտրելով մեծամասամբ լռության մատնել այն, ինչի մասին լռել չի կարելի։ Քանզի հենց գլխավոր կերպարների հայատյաց հրապարակային հայտարարությունների մասին լռելն է, որ հարյուրավոր ու հազարավոր սադիգովների մեջ ծնում ու ամրապնդում է անպատժելիության զգացումը։