Մայր աթոռում կատարվել է միասնական աղոթք գերեվարված հայորդիների ազատության համար
Այսօր Աﬔնայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հանդիսապետությամբ Մայր աթոռում մատուցվել է սուրբ և անմահ պատարագ, որից հետո միասնական աղոթք է հնչել բռնի տեղահանված արցախահայերի իրավունքների պաշտպանության, մասնավորապես գերեվարված հայորդիների ազատության համար։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
Կաթողիկոսն իր խոսքում նշել է, որ վաղը՝ նոյեմբերի 11-ին, Բաքվում նախատեսվում է անցկացնել ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի մասնակիցների գագաթնաժողովի 29-րդ նստաշրջանը և իրենք հավատում են, որ Ադրբեջանի վրա ճնշում կգործադրվի հայ գերիներին ազատ արձակելու համար։
«Հավատում ենք, որ Միավորված ազգերի կազմակերպության առաքելության հիմքում դրված մարդկային կյանքի և արժանապատվության պաշտպանության, արդարադատության գործադրման անփոփոխելի ու անզիջելի արժեքները ազդու միջոցներով պիտի իրենց արտահայտությունը գտնեն նաև մեր գերյալ զավակների ազատ արձակման և արցախահայության իրավունքների պաշտպանության գործում»,-նշել է նա։
Կաթողիկոսն ընդգծել է, որ իրենք պաշտոնապես դիմել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, որպեսզի ՄԱԿ-ի բարձր ատյանից իր զորակցությունը հայտնի հայ գերիների հրատապ ազատ արձակման կարևոր գործին։
Նշենք, որ պատարագիչը եղել է Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:
Սրբազան արարողությանը ներկա են եղել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, Արցախի իշխանության ներկայացուցիչներ, Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ պատանդների ու գերիների ընտանիքների անդամներ։