ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱ ԹՈՒՆԱՎՈՐ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻՆ ԵՎ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԻՆ

Օրերս Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հաղորդագրություն տարածեց Հայաստանի Հանրապետությանը Բաքվի բռնապետի հասցեագրած հերթական սպառնալիքների մասին: «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջերս հայտարարել էր, որ Հայաստանը պետք է վայր դնի զենքը, այլապես նրան ծանր վախճան է սպասվում… Իրանի ռազմական հրամանատարներն ու առաջնորդը միշտ հստակ զգուշացրել են. «Եթե Ադրբեջանը քայլեր ձեռնարկի Հայաստանի և Իրանի միջև աշխարհագրական սահմանները փոխելու համար, դա կարող է լուրջ հետևանքներ ունենալ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Պատահականորեն, թե ոչ, բայց տվյալ տեղեկությունը ժամաննակային առումով համընկավ Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիկի հայտարարության հետ, որը հանդես եկավ բարեկամության և Բաքվի ռեժիմին իր պետության հավատարմության հավաստիացումներով:

«Մենք համարում ենք, որ իսկական բարեկամությունը ստուգվում է դժվարին ժամանակներում, և ես կարծում եմ, որ մեր երկրների միջև այդ բարեկամությունը փորձարկվել է այն կրիտիկական ժամանակներում: Մենք միշտ աջակցել ենք միմյանց բարդ ժամանակաշրջաններում»,- նշել է դեսպանը՝ ակնհայտորեն նկատի ունենալով Ադրբեջանին ցուցաբերած օգնությունը 2020-23 թվականներին Արցախի բռնազավթման և էթնիկ զտումների հարցում, ինչի դիմաց Իսրայելը (այդ մասին, բնականաբար, բարձրաձայն չի խոսվում) «իսկական բարեկամից«» պոտենցիալ հենահարթակ է ստացել Իրանի դեմ։

Այո, փոքրիկ Արցախի դեմ Թուրքիայի կողմից իրեն ընծայված «հաղթանակի» չմարող էյֆորիայից իրականության զգացումը վերջնականապես կորցրած Բաքվի ռեժիմն այսօր դարձել է սպառնալիք, ավելի ճիշտ՝ սպառնալիքների հաղորդիչ ողջ տարածաշրջանի, նրա բնիկ սուբյեկտների համար։ Եվ հատկանշական է, որ Ադրբեջանի իշխանությունները СОР29-ի անցկացման իրենց շնորհված իրավունքն ընկալում են որպես անվերապահ աջակցություն Արցախի (Լեռնային Ղարաբաղի) զավթման և նրա ժողովրդի ինքնորոշման առաջնային իրավունքի ճնշման համար իրենց «հայրենական պատերազմի» ժամանակ գործած անմարդկային ոճիրներին։

«Ադրբեջանին հնարավորություն է ընձեռվել հյուրընկալելու СОР29-ը շուրջ 200 երկրների միաձայն որոշմամբ։ Դա հարգանքի նշան է մեր երկրի նկատմամբ և միջազգային ասպարեզում մեր ակտիվ դերի գնահատանք»,- ցինիկաբար հայտարարեց Բաքվի ռեժիմի պարագլուխը նոյեմբերի 12-ին Բաքվում СОР29-ի առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանն իր ելույթում։

Չամաչելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի ներկայությունից (իսկ ավելի շուտ՝ ձգտելով ցույց տալ նրա անուղղակի մեղսակցությունն արցախահայության դեմ իրականացված ցեղասպանությանը), Ալիևը հերթական անգամ գովաբանեց ինքզինքը «պատմական հաղթանակի» համար, ընդ որում հասցնելով իրեն բնորոշ ոճով գլխիվայր շուռ տալ մի շարք փաստեր. «Չորս տարի առաջ մենք պատմական հաղթանակ տոնեցինք...մեկ տարի առաջ մենք լիովին վերականգնեցինք մեր ինքնիշխանությունը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի, որոնք թղթի վրա էին մնացել 30 տարի։ Մենք ինքներս կատարեցինք այդ բանաձևերը։ Վերականգնեցինք միջազգային իրավունքը...»։

Այ թե ինչ այլասերված կերպով է հասկանում ու մեկնաբանում «միջազգային իրավունք» հասկացությունը Բաքվի բռնապետը։ Ասենք, վերջին տարիներին այդ դժբախտ իրավունքն այնքան տիրազուրկ է դարձել, որ իրավաքաղաքական աղբանոցից այն վերցրած Ալիևն այսօր բացահայտ ծաղրում է «որբին» և նրա հոգեհորը՝ ՄԱԿի գլխավոր քարտուղարին, որը ծպտուն անգամ չհանեց ի պատասխան բացահայտ անվանարկությանը։

Եվ այս ամենի խորապատկերին եվրոպական բարձրաստիճան պաշտոնյաները մեխանիկորեն շարունակում են հիմարաբար հայտարարել «Ադրբեջանի հետ տևական և կայուն խաղաղության» Հայաստանի պատմական հնարավորության մասին։

Խաղաղություն հարյուրամյա կեղծ պետության հետ, որի արյունարբու բռնապետը հոխորտում է, թե չէր կարող թույլ տալ «ևս մեկ մտացածին հայկական պետության ստեղծում ադրբեջանական հողի վրա»՝ որպես մեկ այլ «մտացածին» հայկական պետություն նկատի ունենալով «ադրբեջանական հողի վրա ստեղծված» Հայաստանը

Խաղաղությունը թունավոր, այլատյացությամբ անբուժելի հիվանդ կազմավորման հետ, որը լրջորեն պնդում է, թե Հայաստանը «օտարածին մարմին» է տարածաշրջանի համար, թե հայերը եկվորներ են, և թե Երևանը Հայաստանին են նվիրել... ադրբեջանցիները:

Ինչպես տեսնում ենք, նույնիսկ միջազգային իրավունքին համապատասխան ինքնորոշված Արցախի թուրք-ադրբեջանական բռնազավթումից և էթնիկ զտումներից, «խաղաղության ու կայունության» համար Հայաստանի գործող իշխանությունների բազմապիսի զիջումներից հետո Բաքվի ռեժիմը շարունակում է հետևողականորեն թշնամանք հրահրել հայերի դեմ և ահագնացնել իրավիճակը տարածաշրջանում։ Մի կողմից՝ բռնապետական կազմավորման իշխանությունները հայտարարում են միջազգային հանրությանը, թե դեմ չեն Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել, բայց մյուս կողմից բացահայտ հայատյացություն են ցուցաբերում պետական ամենաբարձր մակարդակով և ուժգնացնում ռազմատենչ հռետորաբանությունը։

Ձգտելով հնարավորինս շուտ փակել Լեռնային Ղարաբաղի էջը, որում պատմությունն արձանագրել է Ադրբեջանի իշխանությունների կողմից մարդկության դեմ կատարված բազմաթիվ հանցագործություններ, Ալիևը պահանջում է լուծարել պաշտոնական վկային՝ ԵԱՀԿ Մինսկի խմբին, քանզի, ըստ բռնապետի արատավոր տրամաբանության, պաշտոնապես ճանաչված միջազգային միջնորդական տվյալ ձևաչափը համաշխարհային տերությունների համանախագահությամբ, ստեղծվել է հենց նրա համար, որ օգնի Ադրբեջանին և Թուրքիային օկուպացնել Լեռնային Ղարաբաղը, և այժմ միջնորդները, իբր, անելիք չունեն. թերևս միայն՝ լեգիտիմացնել արյունոտ ռեժիմի հանցագործությունները։ Ձգտելով իրենով անել միջազգային իրավունքը՝ Բաքվի ավտորիտար ռեժիմի պարագլուխը, Անտոնիո Գուտերեշի և նրա նմանների լուռ համաձայնությամբ, ցեխն է թաթախում ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար դրույթներից մեկը՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը։

Այսօր իրենց անպատժելիությունից ոգևորված ադրբեջանցի զավթիչները օրը ցերեկով կատաղաբար ոչնչացնում են հայկական պատմական հետքը ժամանակավորապես իրենց վերահսկողության տակ անցած հին հայկական երկրամասում, ավերում Արցախում դարերի և հազարամյակների ընթացքում ստեղծված արժեքները, այդ թվում՝ համաշխարհային մշակույթի գանձարանի մաս կազմող հուշարձանները։ Աշխարհը տեսնում է դա, բայց ոչ միայն վախկոտ լռում է, այլև խրախուսում վանդալներին ու բացահայտ մարդասպաններին՝ նրանց վստահելով համաշխարհային մասշտաբի միջոցառման անցկացումը:

Ակներև է հետևյալ արտառոց, առողջ դատողության մեջ չտեղավորվող պատկերը. բռնապետական կարգերով և բարբարոսական բարքերով կեղծ պետությունը մարտահրավեր է նետում ողջ քաղաքակիրթ աշխարհի հիմքերին ու միջազգային իրավունքին, և դրանում նրան աջակցում են միջազգային բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք առանց խղճի խայթի վազեցին Բաքու՝ СОР29-ին մասնակցելու, դրանով իսկ փաստացի մեղսակից դառնալով ընդամենը երեկ կատարված անմարդկային ոճրագործություններին և խրախուսելով տարածաշրջանային արյունալի բռնապետին մարդկության դեմ նոր հանցագործությունների