ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՀՀ ԳԱԱ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՇԽԱՏԵՆ ՉՈՐՍ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սանկտ Պետերբուրգի բաժանմունքը համատեղ հետազոտական նախագծեր են նախանշել, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սանկտ Պետերբուրգի բաժանմունքի միջազգային համագործակցության բաժնի պետ Եկատերինա Սոկոլովան։

Դրանք կիրականացվեն հոկտեմբերի վերջին Երևանում ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանի և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սանկտ Պետերբուրգի բաժանմունքի նախագահ Անդրեյ Ռուդսկու ստորագրած համագործակցության հուշագրի շրջանակում:

Երկար տարիներ Երևանի և Սանկտ Պետերբուրգի գիտահետազոտական ինստիտուտներն ունեցել են բազմաթիվ հաջողված նախագծեր՝ տարբեր ինստիտուտների տնօրենների և գիտաշխատողների անձնական նախաձեռնության շնորհիվ: Այժմ հաջողված նախագծերը պետք է դառնան օրինաչափություն։

Հուշագրով սահմանված են 4 խոշորացված ուղղություններ՝ կյանքի վերաբերյալ գիտություններ (բժշկություն և կենսատեխնոլոգիա), ագրոտեխնոլոգիաներ և գյուղատնտեսություն, STEM գիտություններ (բնական գիտություններ, ճարտարագիտություն և մաթեմատիկա), ինչպես նաև սոցիալական, հումանիտար և տնտեսական գիտություններ: Հնարավոր համատեղ նախագծերը (որոնց նկատմամբ երկու կողմերի գիտական ինստիտուտները հետաքրքրություն են ցուցաբերել) ներկայացված են ծավալուն ճանապարհային քարտեզում։

Որոշ ինստիտուտներ համագործակցում են արդեն մի քանի տարի, օրինակ՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սեչենովի անվան էվոլյուցիոն կենսաբանության և ՀՀ ԳԱԱ Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտները։

Խորհրդային հայտնի արևելագետ Իոսիֆ Օրբելու թոռը՝ Աբգար Լեոնովիչը, որն ընտրել է ֆիզիկոսի մասնագիտական ուղի, մեկ անգամ չէ, որ եղել է Երևանում, որտեղ գործընկերների հետ քննարկել է ֆիզիկայի և կենսաբանության խաչմերուկում գտնվող նախագծերը (ավելի մանրամասն՝ հղումով):

Վերադառնալով Սեչենովի և Օրբելու ինստիտուտներին՝ ասենք, որ գիտնականները պարբերաբար այցելում են միմյանց և ներկայացնում իրենց նախագծերը։ Նրանք պատրաստ են խորացնել աշխատանքը մի շարք այլ ոլորտներում։ Դրանցից է ճանաչողական նեյրոֆիզիոլոգիան (ֆիզիոլոգիայի այս ճյուղն ուսումնասիրում է ուղեղի բարդ գործընթացների կենսաբանական հիմքը՝ գիտակցություն, հիշողություն, տրամաբանություն, ուշադրություն): Մեկ այլ հեռանկարային ուղղություն է մարդու և կենդանիների զգայական համակարգերի ուսումնասիրությունը (այդ թվում՝ էվոլյուցիոն առումով): Այս երկու ինստիտուտները նշել են նաև նեյրոդեգեներատիվ (ինչպես, օրինակ, Պարկինսոնի հիվանդությունը) և էնդոկրին հիվանդությունների մոլեկուլային ռեակցիաների ուսումնասիրությունը, բնական և մարդածին բնույթի ազդեցություններին մարդու և կենդանիների հարմարվողականության մեխանիզմների ուսումնասիրությունը և այլն:

Սանկտ Պետերբուրգում Օրբելու անվան ինստիտուտի մասին շատ են լսել, ուստի այդ հաստատության հետ ցանկանում են համագործակցել տեղի մի քանի գիտահետազոտական ինստիտուտներ, նշել է Սոկոլովան։ Երևանյան և պետերբուրգյան ջրագետներն ի բնե ուսումնասրում են լճեր, օրինակ Հայաստանում՝ Սևանը, Ռուսաստանի հյուսիս-արևմուտքում՝ Վալդայի լճեր:

Ուստի պատահական չէ, որ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի լճագիտության ինստիտուտը (գործում է Սանկտ Պետերբուրգում) և ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնը հետաքրքրություն են ցուցաբերել էկոհամակարգերի համատեղ գնահատման, դրանց վիճակի ախտորոշման և էկոլոգիական անվտանգության սպառնալիքների օպերատիվ կանխարգելման ուղղությամբ:

Իոֆֆեի անվան ֆիզիկատեխնիկական ինստիտուտը հետաքրքրված է Աշտարակի ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի հետ համատեղ նախագծերով: Բյուրեղների ուսումնասիրության վերաբերյալ նրանց աշխատանքները (ներառյալ քվանտային էլեկտրոնիկայի համար) լայնորեն հայտնի են գիտական աշխարհում, նրանց մասին հարգանքով են խոսում Սանկտ Պետերբուրգի Ֆիզտեխում՝ Ռուսաստանի ամենահայտնի գիտական կենտրոններից մեկում:

Ֆիզիկոսների համար հեռանկարային այլ ուղղություններ են պլազմայի, դիէլեկտրիկների և կիսահաղորդիչների վերաբերյալ հետազոտությունները, իսկ աստղաֆիզիկոսների համար՝ Պուլկովոյի և Բյուրականի աստղադիտարանների համագործակցության ամրապնդումը:

Անմասն չեն մնացել նաև հումանիտար գիտնականները։ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելյան ձեռագրերի ինստիտուտը (նույնպես գործում է Սանկտ Պետերբուրգում) ցանկանում է համագործակցել Գյումրիի Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի գիտնականների հետ՝ Արևելքի հնագույն և միջնադարյան գրավոր հուշարձանների համալիր ուսումնասիրության հարցերով: Այս լայն սպեկտրից ոչ հեռու ապագայում գիտնականները կընտրեն կոնկրետ ուղղություններ և կսկսեն համատեղ աշխատել դրանց վրա։

Sputnik Արմենիա