ՄԵՆԱԿԸ ԴԱՇՏՈՒՄ, ՊԱՇՏՈՆԱԹՈՂ ՈՒԺԱՅԻՆՆԵՐՆ ՈՒ ԳՆԵԼԸ

Հեռացան հեզ ու խոնարհ՝ համեստորեն թվարկելով իրենց աներևակայելի արժանիքները

Փաշինյանի բազմաթիվ մանիպուլյատիվ-արտիստական հմտությունների շարքում առկա է մի ունակություն՝ Հիտլերի պես կեղծ ցասման վիճակի մեջ գցելու իրեն, ինչն էլ տեղի ունեցավ կառավարության վերջին նիստում, երբ նա, դիմելով դատաիրավական գերատեսչությունների ղեկավարներին, հայտարարեց, թե իր «համբերության բաժակը լցվել է, և կոնկրետ արդյունքներ է ակնկալում»։ Իր երկրորդ առանձնահատկության մասին վարչապետը մի անգամ ասաց անձամբ, այն է՝ որ երբեք չի վախեցել մենակ մնալ, բայց մոռացավ նշել, որ ամենից շատ վախենում է թուլության մեջ մեղադրվելուց

Փաշինյանի կատաղության եվ կազմակերպված հրապարակային պախարակման կեղծ, շինծու բնույթը կարելի է կռահել հենց թեկուզ նրանից, որ պաշտոնաթող ուժայինները, որոնց շարքերն է չգիտես ինչու խցկվել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, պրոֆեսիոնալիզմի տեսանկյունից ոչնչով չեն տարբերվում իրենց աթոռներին մնացած մյուս պաշտոնյաներից՝ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանից, ԱԱԾ պետ Արմեն Աբազյանից, Պետական վերահսկողական ծառայության նախագահ Ռոմանոս Պետրոսյանից կամ ՀԾԿՀ ղեկավար Քրիստիննե Գրիգորյանից։ Ավելին, շեֆի կողմից «անասելի հեշտությամբ» զոհաբերված բարձրաստիճան պաշտոնյաներն ինչպես մասնագիտական, այնպես էլ անձնական հատկանիշներով ոչնչով չեն տարբերվում նախարարների կաբինետի ոչ ուժային բլոկի կազմում դեռևս մնացածներից. լինի դա կրթության, առողջապահության, տնտեսության, ֆինանսների թե որևէ այլ գերատեսչության ներկայացուցիչ։

Նրանք բոլորը միայն նայում էին (իսկ մնացածները շարունակում են նայել) Փաշինյանի բերանին՝ ժամանակ առ ժամանակ աչքը գցելով նրա նաև այլ ինտիմ տեղին, և նրանցից ոչ մեկը զերծ չի մնացել սկանդալներից ու տարատեսակ մեղադրանքներից, լինեն դրանք կոռուպցիայի կասկածանքներ, թե իրազեկության և մասնագիտական գիտելիքների ակնհայտ պակաս։

Վերցնենք հենց նույն Ժաննա Անդրեասյանին ու կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնում նրա նախորդներին Փաշինյանի կառավարման օրոք։ Նրան մշտապես ուղեկցում են լուրջ սկանդալներ, իսկ իր պաշտոնում մնացած նախարարի ողջ գործունեությունը հանգեցրել է, մասնավորապես, դպրոցական կրթության ընդհանուր մակարդակի կտրուկ անկման։ Իսկ մի՞թե քիչ սկանդալներ են կապված առողջապահության իրավաբան նախարար Անահիտ Ավանեսյանի, ինչպես նաև նրա նախորդի՝ այժմ պատգամավոր Արսեն Թորոսյանի գործունեության հետ։ Միայն կովիդը բավական է, որ չհիշատակես նրան գիշերվա շեմին, չեմ խոսում արդեն Հայաստանում տարիներ շարունակ նապատրաստվող պարտադիր բժշկական ապահովագրության համակարգի ներդրման խոստացված բոլոր ժամկետների լիակատար ձախողման մասին։

ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՆ ԱՐԺԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԸ ԵՎ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ ԱՆՆԱ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԸ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը պետք է առաջինը, ընդ որում՝ սեփական ցանկությամբ և վաղուց, հրաժարական տված լիներ. թեկուզ զինված ուժերում այսպես կոչված ոչ մարտական կորուստների կտրուկ աճի պատճառով, որտեղ նրա կառավարման օրոք կարգապահությունն ու բարքերը քիչ են տարբերվում ցածրարակարգ հասարակաց տներում տիրող վարքուբարքից։ Իսկ գլխավոր դատախազուհու պաշտոնանկությունը ենթադրվում էր ինքնըստինքյան, քանզի հենց նա էր «վերահսկում» այժմ պաշտոնանկ արված բոլոր ուժայինների գործունեությունը։

Անհնար է առանց արցունքի կարդալ պաշտոնանկ արված պաշտոնյաների «մահախոսականները», որոնք բոլորը մի մարդու պես հոժարակամ ու խոնարհաբար հեռանում են՝ կատարած պարտքի զգացումով ու հանգիստ սրտով՝ չմոռանալով համեստորեն թվարկել իրենց բոլոր վիթխարի արժանիքները (բայց մոռանալով նշել բացթողումներն ու սխալները) և խորին շնորհակալություն հայտնելով Փաշինյանին՝ ժամանակին ցուցաբերած վստահության համար։ Իրականում, «վերջին հրաժեշտի» ոգով այդ երեսպաշտությամբ ու կեղծիքով ներծծված ուղերձները կարդալը պարզապես նողկալի է: Հիշենք թակուզ, թե ինչպես էր իրենց պաշտոններից ավելի վաղ հեռացված բարձրաստիճան պաշտոնյաների լեզուն բացվում կարճ ժամանակ անց և ինչպես են նրանք այսօր խարազանում Փաշինյանի սահմանած կարգերն ու իշխանության ապաշնորհ գործունեությունը։ Ճիշտ է, նրանք, ովքեր լուռ ու անտրտունջ անցել են «փորձաշրջանը», շուտով պարգևատրվել են մեկ այլ «յուղոտ» պաշտոնով։

Մի բան պարզ է. Փաշինյանի բնորոշմամբ «համակարգային» զանգվածային կադրային զտումներն այդպիսին անվանել չի կարելի թեկուզ այն պարզ պատճառով, որ այդ դեպքում առանց ափսոսանքի պետք է հրաժարական տար կառավարության ողջ կազմը, ցանկալի է՝ վարչապետի հետ միասին։ Սա պարզապես հերթական զվարճանքն է, Փաշինյանի քմայքը, որը ճգնում է ամենաուշը մեկուկես տարի անց կայանալիք ընտրությունների նախաշեմին ընտրողին ներկայանալ թարմացված տեսքով։ Մանավանդ որ, ինչպես արդեն գիտենք, նա չի վախենում մենակ մնալ։ Բայց անխուսափելիորեն մոտենում է նաև այդ պահը