ԻՆՉԻ՞ ՄԱՍԻՆ Է ՓԱՇԻՆՅԱՆԸ ԶՐՈՒՑԵԼ ՊՈՆՏԻՖԻԿՈՍԻ ՀԵՏ
Նիկոլ Փաշինյանը, ընտանյոք հանդերձ մեկնելով Վատիկան, հանդիպել է Հռոմի պապի հետ։ «Սուրբ Աթոռ կատարած աշխատանքային այցի շրջանակում առանձնազրույց ունեցա Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հետ»,- գրել է Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում:
Ինչի՞ մասին են նրանք խոսել: Դատելով Փաշինյանի հայտարարությունից՝ այն մասին, որ վերջինս հաստատել է իր լիակատար աջակցությունը Սուրբ Աթոռին՝ համաշխարհային հարթակներում խաղաղության օրակարեի սպասարկման հարցում. խոսքը վերաբերում է «խաղաղության խաչմերուկ» անվանյալ նույն այն կրկներգին, որը հայաստանյան իշխանությունները չեն հոգնում ծոր տալ՝ իրականության տեղ ներկայացնելով ցանկալին։
Մինչդեռ առաջինը և ամենակարևորը, ինչի մասին Փաշինյանը պետք է տեղեկացներ Ֆրանցիսկոս պապին (նույնիսկ եթե նա այդ մասին տեղյակ է), այն է, թե ինչպիսի մոլի նպատակաուղղվածությամբ է նեոֆաշիստական պետություն Ադրբեջանը, մասնավորապես, 44-օրյա պատերազմից և Արցախի ամբողջական բռնազավթումից հետո, ոչնչացնում քրիստոնեությունը տարածաշրջանում՝ Արցախից հայերի զանգվածային գաղթից հետո։
Հիշեցնեմ, որ ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի տարեկան զեկույցում նշված է հետևյալը. «Ադրբեջանի կառավարությունը շարունակում է սպառնալիք ներկայացնել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում և նրա շրջակայքում գտնվող կրոնական օբյեկտների համար»: Հիշեցնեմ նաև այս տարվա մայիսին Դադիվանքը լքելու պահանջով հայ քահանաներին Ադրբեջանի կրոնի հարցերով պաշտոնական պետական կոմիտեի նախագահ Մուբարիզ Ղուրբանլիի ուղղած կոչը՝ համեմված հրեշավոր լկտի ստով, թե հայերը ոչ մի կապ չունեն վերոնշյալ վանքի հետ։
Հիշեցնենք նաև ամերիկացի քաղաքական գործիչ Սեմ Բրաունբեքի հայտարարությունը, որը դեռևս Լաչինի միջանցքի շրջափակման ժամանակ կոչ էր անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ հենց իրականացվող կրոնական տեռորի համատեքստում: «Լեռնային Ղարաբաղի քրիստոնյաների վիճակը գնալով վատանում է»,- հայտարարում էր Բրաունբեքը:
Իսկ Արցախի վերջնական բռնազավթումից և նրա տոտալ հայաթափումից, ապաքրիստոնեացումից հետո Ադրբեջանն արդեն բացահայտ սկսեց ցույց տալ, որ իր նպատակներից մեկը տարածաշրջանում հենց քրիստոնեական գործոնի ոչնչացումն է։
Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն Էլիզա ֆոն Յոդեն-Ֆորգին Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված իր հոդվածում, ի հաստատումն Արցախում Ադրբեջանի հակահայկական, հակաքրիստոնեական քաղաքականության՝ անդրադառնալով Ամարասի վանքի, քրիստոնեության այդ հնագույն կրոնական համալիրներից մեկի և Հայ Առաքելական Եկեղեցու սրբավայրի զավթմանը, արձանագրեց, որ «աշխարհի հնագույն քրիստոնեական համայնքներից մեկի մոտավորապես 4000-ամյա շարունակական գոյությանը վերջ դրած գաղթը դարձավ վերջին ժամանակների ամենաարդյունավետ ցեղասպանություններից (էթնիկ զտումներից) մեկը:
«Օսմանյան թուրքերի կողմից Հայոց ցեղասպանության սկսվելուց 109 տարի անց հայերը դեռևս ենթարկվում են հարձակումների,- հայտարարում է Էլիզա ֆոն Յոդեն-Ֆորգին՝ շեշտելով նաև բռնի կրոնափոխության ենթարկելու և հայկական քրիստոնեական պատմությունը ջնջելու ու վերաշարադրելու Ադրբեջանի ձգտման գործոնը:- Ադրբեջանը իր ճիրաններում հայտնված հայկական քրիստոնեական ժառանգության «վերակացուի» սարսափելի համբավ ունի։ Նախիջևանի ադրբեջանական էքսկլավում, որտեղ ժամանակին զգալի թվաքանակով հայ բնակչություն է ապրել, իսկ հիմա այն չկա, Ադրբեջանը ոչնչացրել է հայկական մշակութային ժառանգության մոտ 98 տոկոսը, ներառյալ եկեղեցիները, գերեզմանատներն ու վանքերը... Ադրբեջանի ագրեսիան խախտում է ոչ միայն միջազգային իրավունքը, այլև դավանանքի ազատությունը պաշտպանող գլոբալ արժեհամակարգը»:
Տարածաշրջանում քրիստոնեության ոչնչացումը՝ թուրք-ադրբեջանական տանդեմի բաղձալի «Մեծ Թուրանի» ճանապարհին, ոչ միայն բացահայտ հայտարարվում է, այլև բացահայտ իրականացվում։ Ասե՞լ է արդյոք Փաշինյանն այդ մասին Հռոմի պապի հետ զրույցի ընթացքում։ Դժվար թե։ Հայտարարե՞լ է արդյոք, որ Ադրբեջանը յուրօրինակ նոր Երրորդ ռեյխ է՝ հակաքրիստոնեական շեշտադրումով, որը պետության ղեկավարի մակարդակով անվանում է Հայաստանի ինքնիշխան տարածքը «Արևմտյան Ադրբեջան»: Տեղյա՞կ է արդյոք Ֆրանցիսկոս պապը Բաքվի բանտերում զարհուրելի խոշտանգումների ենթարկվող հայ ռազմագերիների մասին, որոնց մահվան սպառնալիքով փորձում են ստիպել հրաժարվել քրիստոնեությունից ու իսլամ ընդունել, և դաժանորեն ծեծում են՝ ի պատասխան խլած խաչերը վերադարձնելու խնդրանքի:
Տեղյա՞կ է արդյոք Հռոմի պապը, որ 2020 թվականին Արցախի դեմ լայնամասշտաբ պատերազմ սանձազերծելով՝ Ադրբեջանն առաջին հարվածը հասցրեց Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցուն՝ Հաագայի և Ժնևի կոնվենցիաների, ինչպես նաև միջազգային հումանիտար իրավունքի աղաղակող ոտնահարումով: Իսկ պատերազմից հետո սկսեց «ծվատել» եկեղեցին՝ փորձելով զրկել քրիստոնեական տեսքից։ Աղբավայրի են վերածվել նույն բռնազավթված Շուշիի Մեղրեցոց Սուրբ Աստվածածին եկեղեցու պատմական շերտերը, և ընդհանրապես Արցախի ողջ հայկական, քրիստոնեական ժառանգությունն է ենթարկվում բարբարոսական ոչնչացման՝ ներառյալ գերեզմանոցները, խաչքարները և այլն:
Հիշեցրե՞լ է արդյոք Փաշինյանը Ֆրանցիսկոս պապին, որ միջազգային (Հաագայի) դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմամբ արգելվել են հայկական եկեղեցիների ավերմանն ուղղված գործողությունները՝ «Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ հայկական մշակութային ժառանգության նկատմամբ կատարված վանդալիզմի և պղծման գործողությունները կանխելու և պատժելու համար...» նշումով։
Եթե ոչ, ապա ուրիշ ինչի՞ մասին է զրուցել Հայաստանի վարչապետը Պոնտիֆիկոսի հետ։ Բացի «վերահաստատեցի Հայաստանի լիակատար աջակցությունը Սուրբ Աթոռին՝ միջազգային հարթակներում խաղաղության օրակարգի սպասարկման հարցում» կարգի անիմաստ բառակույտերից: