Էդգար ԳԱԼՍՏՅԱՆ․ ՍԱԿԱԳԻՆԸ ՓՈԽՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԵՐևԱՆԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԸ ԼԻՆԵԼՈՒ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԱՄԵՆԱԹԱՆԿԸ

Սակագների փոփոխությունից հետո Երևանի տրանսպորտը լինելու է տարածաշրջանում ամենաթանկը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության նախկին պետ Էդգար Գալստյանը` միաժամանակ շեշտելով, որ քաղաքային իշխանությունների առաջարկած թանկացումը որևէ ձևով հիմնավորված չէ։

Ինչպես հայտնի է, 2025թ–ի հունվարի 1-ից Երևանի հանրային տրանսպորտի համար կներդվի ուղևորափոխադրումների սակագների նոր փաթեթը։ Ըստ այդմ` մեանգամյա ուղեվարձի արժեքը կկազմի 300 դրամ, 30 օրվա տոմսային փաթեթը կարժենա 8 800 դրամ, 90 օրվանը` 23 600, իսկ մեկ տարվանը՝ 88 000 դրամ։ Ընդ որում, փաթեթների դեպքում ուղևորությունների քանակը սահմանափակված չի լինի։ Բայց մեկ փաթեթից կկարողանա օգտվել միայն մեկ քաղաքացի:

«Ես որքան էլ փորձեցի գտնել բուն մասնագիտական հաշվարկներ, որոնց հիման վրա պետք է սակագինը բարձրանա, այդպես էլ չգտա»,– նշեց Գալստյանը։

Նա հավելեց, որ իր պաշտոնավարման տարիներին կատարած հաշվարկներով` երևանյան տրանսպորտի սակագինը 1 անձի համար չի կարող գերազանցել 150 դրամը։

 Էդգար ԳԱԼՍՏՅԱՆ․ ՍԱԿԱԳԻՆԸ ՓՈԽՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԵՐևԱՆԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԸ ԼԻՆԵԼՈՒ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԱՄԵՆԱԹԱՆԿԸ«300 դրամ սակագինն անտրամաբանական է, բանական հաշվարկների մեջ չտեղավորվող։ Սոցիալական բնույթի հարց չի լուծում բացարձակ։ Տրանսպորտից օգտվում է երկրի ամենաաղքատ խավը, հետևաբար պետք է այնպես անել, որ դոտացիաներով գոնե ինքն իր ծախսերը ծածկի։ 150 դրամ սակագնի դեպքում, դոտացիայի հետ, ամեն ինչ կընկներ իր տեղը»,– նկատում է Գալստյանը` շեշտելով, որ աշխարհի որևէ երկրում հանրային տրանսպորտը չի դիտարկվում որպես շահույթ ստանալու աղբյուր։

Մասնագետն արձանագրում է, որ հարևան Վրաստանի մայրաքաղաքում ևս տրանսպորտի ուղեվարձը չի գերազանցում իր նշած 150 դրամը։ Այն 130-140 դրամի շրջանակում է, թեև ավտոբուսներն ավելի բարձր դասի են (Isuzu և Man): Տրանսպորտի վարչության նախկին պետը երևանյան տրանսպորտի ներկայիս պատասխանատուներին խորհուրդ է տալիս մեկնել Թբիլիսի, ուսումնասիրել հարևան երկրի հաջողված փորձը։

Էդգար Գալստյանի խոսքով` տրանսպորտի սակագնի հաշվարկը դասագրքային բանաձև է, որի պատասխանն ստանալու համար անհրաժեշտ է համադրել ուղևորագծերի ծածկույթը, երկարությունը, խտությունը, երթերի քանակը, ուղևորահոսքը։

«Այս հաշվարկներն է, որ ես ասում եմ` ոչ մի տեղ չկան, որպեսզի իրենք մասնագիտորեն ստանային սակագնի արժեքը և ներկայացնեին, թե ինչ գումար են ստացել ու այդ գումարից ինչքանն են կոմպենսացնում։ Մենք ոչ մի տեղ դա չենք տեսնում։ Հետևաբար, սա մասնագիտական չէ»,– նշում է Գալստյանը։

Անդրադառնալով արտոնությունների փաթեթին` Էդգար Գալստյանը հիշեցնում է, որ Տրանսպորտի մասին ՀՀ օրենքով արդեն իսկ սահմանված են այն սոցիալական խմբերը, որոնք իրավունք ունեն հանրային տրանսպորտից օգտվել զեղչված գնով կամ անվճար։ Մեր զրուցակիցն արձանագրում է, որ ավագանու որոշումը օրենքին հակասող կետեր ունի, և քանի որ օրենքը գերակա ուժ ունեցող իրավական ակտ է, ստացվում է, որ ավագանու որոշումն այս դեպքում անօգուտ փաստաթուղթ է։

Մեկ այլ խնդիր է որոշմամբ հաստատված արտոնյալ սոցիալական խմբերի նույնականացման, վճարումների նկատմամբ վերահսկողության մեխանիզմների հարցը։

«Սա թողնելու են վարորդի վրա, իսկ վարորդը անելու է այն, ինչ այսօր անում է` գոռգոռոց, ղժղժոց, «դու ունես արտոնություն», «դու չունես արտոնություն», «այդ ի՞նչ ես ցույց տալիս, հըլը արի առաջ, էդ թուղթը տեսնեմ», «հետևի դռնից արի դիմացի դուռ»։ Այսինքն` իրենց խոստացած քաղաքակիրթ սպասարկումից դա շատ հեռու է լինելու, որովհետև մեզ մոտ հսկիչներ չկան, որ այդ գործը անեն, վարորդն էլ հանգիստ իր գործով զբաղվի»,– ենթադրում է նախկին պաշտոնյան։

Եվ դարձյալ մեջբերելով Վրաստանի փորձը` Էդգար Գալստյանը նշում է, որ Թբիլիսիում շուրջ 400 հսկիչներ են աշխատում, որոնք կանգառներում ու ավտոբուսներում ստուգումներ են իրականացնում ու տուգանում ոչ կարգապահ ուղևորներին։

Այս թերացումը ևս մասնագետը պատահաան չի համարում։ Նրա գնահատմամբ` չվճարած ուղևորների անվան տակ քաղաքային իշխանությունն առաջիկայում որոշակի գումարային պակասուրդ է ներկայացնելու, որի իսկությունը ճշտել հնարավոր չի լինելու։

Հիշեցնենք` նոյեմբերի 19-ին Երևանի ավագանին 34 կողմ, 0 դեմ, 23 ձեռնպահ ձայներով ընդունեց հանրային տրանսպորտից օգտվողների համար արտոնություններ սահմանելու որոշումը։ Դրա համաձայն` մայրաքաղաքի տրանսպորտից անվճար կօգտվեն մինչև 7 տարեկանները, ծնողազուրկ դպրոցականները և ուսանողները, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, մանկատներում կամ ծերանոցներում գտնվող անձինք, նախկին ԽՍՀՄ, Սոցիալիստական աշխատանքի հերոսները, Հայաստանի ազգային հերոսները, Մարտական խաչի 1-ին և 2-րդ աստիճանի և Փառքի երեք աստիճանի շքանշաններով պարգևատրվածները և բազմազավակ ընտանիքների ծնողները: Զեղչեր կգործեն նաև թոշակառուների, դպրոցականների, ուսանողների և նպաստառուների համար։

Sputnik Արմենիա