ԽԱՂԱԴՐՈՒՅՔՆԵՐ ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐՈՒՄ
Այսօր բոլորեց ԱՄՆ գործող նախագահ Ջոզեֆ Բայդենի 82 տարին։ Քաղաքական երկարակեցության հազվագյուտ օրինակ՝ որպես կենսամակարդակի և կյանքի տևողության ընդհանուր աճի վկայություն: Սակայն կհիշվի Բայդենը, որը ժամանակին նույնպես հեծանվային զբոսանքների սիրահար էր, ոչ այնքան դրանով, որքան Արևմուտքի և Ռուսաստանի դիմակայության մեջ իր ներդրած ավանդով։
Ջոզեֆ Բայդենը՝ որպես սենատոր, ԱՄՆ Սենատի այն բանաձեվի հեղինակն էր, որն օրհնեց Բելգրադի ռմբակոծությունները, իսկ որպես ԱՄՆ նախագահ՝ դեպի արևելք ՆԱՏՕ-ի ընդարձակման և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հեղինակներից մեկը: Դե, հեռանալով էլ նա Կիևին թույլ տվեց գնդակոծել Ռուսաստանի տարածքը ամերիկյան հեռահար մարտավարական հրթիռներով։
Այս տեղեկությունն ահավասիկ հաստատվեց «հողի վրա», երբ նման հրթիռներից մեկը հասավ Բրյանսկի շրջան։ Առանձնակի վնաս չպատճառեց, բայց վտանգավոր նախադեպը ստեղծված է։ Աշխարհը մեկ քայլով էլ մոտեցավ գլոբալ պատերազմին, քանզի, ըստ ռուսական նոր միջուկային դոկտրինի, «Ռուսաստանի կամ նրա դաշնակիցների դեմ ագրեսիան ոչ միջուկային պետության կողմից՝ միջուկային աջակցությամբ, դիտարկվում է որպես համատեղ հարձակում»:
Սերգեյ Լավրովը «Մեծ քսանյակի» գագաթնաժողովում համառորեն խորհուրդ էր տալիս ՆԱՏՕ-ի առաջնորդներին ուշադիր կարդալ այդ փաստաթուղթը, իսկ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Դմիտրի Մեդվեդևն այսպես մեկնաբանեց իրավիճակը. «Այնքան էլ կարևոր չէ, որ այդ հրթիռները չեն կարող էական ներդրում ունենալ թշնամու ռազմական գործողություններում։ Այնքան էլ կարևոր չէ, որ նման որոշումներով ԱՄՆ ներկայիս վարչակազմը գիտակցաբար ստեղծում է հակամարտության այնպիսի ահագնացում, որից ստիպված է լինելու գլուխ հանել արդեն Թրամփի թիմը... Դաշինքի հրթիռների այսպիսի օգտագործումը կարելի է որակել որպես դաշինքի երկրների հարձակում Ռուսաստանի վրա։ Այդ դեպքում իրավունք է ստեղծվում զանգվածային ոչնչացման զենքով պատասխան հարված հասցնել Կիևին և ՆԱՏՕ-ի հիմնական օբյեկտներին, որտեղ էլ որ դրանք լինեն։ Եվ սա արդեն WWIII է... Գուցե ծերուկ Բայդենն իսկապես որոշել է գեղեցիկ հեռանալ կյանքից՝ իր հետ տանելով մարդկության զգալի մասին..»:
Եվ այսպես, աշխարհը մեկ քայլով մոտեցավ գլոբալ պատերազմին, և Polymarket տոտալիզատորը, որն ավելի վաղ կանխատեսել էր Թրամփի հաղթանակը ԱՄՆ նախագահական ընտրություններում, սկսել է խաղադրույքներ ընդունել, որ դեկտեմբերին միջուկային մեծ պայթյուն կլինի…
Չխտացնենք գույները։ Միջուկային պատերազմի՝ որպես մոտակա հեռանկարի մասին խոսելն այնուամենայնիվ վաղ է. համաշխարհային առաջատար դերակատարները հասկանում են նման քայլի վտանգավորությունը։ Ավելի շուտ ընթանում է մեծ խաղ, որը հիշեցնում է հատկապես Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հայտնի օդային մարտի իրավիճակը, երբ երկու ինքնաթիռներ թռչում են միմյանց ընդառաջ: Ով առաջինը շրջվի, նա կընկնի թշնամու կրակի տակ... Դե, իսկ եթե ոչ մեկը չշրջվի, երկուսն էլ կենթարկվեն աղետի: Որպես կանոն, մեկը չի դիմանում ու շրջվում է:
ԲԱՅԴԵՆԸ ՄԵԾ ՀԱՇՎՈՎ ԿՈՐՑՆԵԼՈՒ ՈՉԻՆՉ ՉՈՒՆԻ։ ԲԱՑԱՐՁԱԿԱՊԵՍ ՈՉԻՆՉ, ԵԹԵ ԱՆԿԵՂԾ ԽՈՍԵՆՔ։ Իսկ այ Թրամփը դժվար թե ցանկանա, որ իր նախագահությունը փոխարկվի 3-րդ համաշխարհայինի։ Անկախ նույնիսկ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու խոստումներից, որոնք նա շռայլորեն բաժանում էր իր նախընտրական արշավի ժամանակ. ոչ ոք չի ցանկանում դառնալ համաշխարհային աղետի խորհրդանիշ։
Բայդենի հեռացող աշխատակազմի որոշումն ավելի շուտ վերջին կրակոցն է՝ կոչված կասեցնելու ռուսական գրոհն ուկրաինական ճակատում։ Հրաժեշտի նվեր Զելենսկուն, նախքան Սպիտակ տան նոր վարչակազմը կսկսի սեղմել Կիևի պնդօղակները:
Ռիսկն այն է, որ հասկանալով նման գործընթացի անխուսափելիությունը, Զելենսկին կարող է վա-բանկ գնալ Սպիտակ տան նոր վարչակազմի գալուց առաջ, որպեսզի կանգնեցնի վերջինիս նոր ահագնացման փաստի առաջ։
Մանավանդ որ խաղադրույքները վերոնշյալ տոտալիզատորում աճում են։ Այլ հարց է, թե հասկանո՞ւմ են արդյոք միջուկային պատերազմի վրա խաղադրույք անողներն ու իրավիճակը հրահրողները, որ եթե խաղում հաղթեն, բնավ փաստ չէ, թե կկարողանան ստանալ շահումն ու օգտվել դրանից: