ԱՐԴՇԻՆԲԱՆԿՆ ԱՎԱՐՏԻՆ Է ՀԱՍՑՐԵԼ ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԳՈՐԾԱՐՔԸ
«Արդշինբանկ» ՓԲԸ-ն հայտարարում է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ (HSBC Հայաստան) 100% բաժնեմասի ձեռքբերման գործընթացի ավարտի մասին: Գործարքի վերջնականացման և ինտեգրացիայի մոտ տասն ամիս տևած աշխատանքներից հետո HSBC Հայաստանը ս.թ. նոյեմբերի 29-ին վերանվանվել է «Արդշինինվեստբանկ»: Բանկը ս.թ. դեկտեմբերի 2-ից արդեն պաշտոնապես կդիմավորի HSBC Հայաստանի հաճախորդներին` պայմանների և ծառայությունների պահպանմամբ, ինչպես նաև բազմաթիվ արտոնությունների ավելացմամբ:
«Այս գործընթացը նշանակալի է Հայաստանի ֆինանսաբանկային համակարգի համար, քանի որ այն ընդգծում է հայկական կապիտալով անկախ բանկի կայունությունն ու վստահելիությունը: Մենք լիահույս ենք, որ Արդշինբանկի խմբի հաճախորդները կզգան ուժեղ և վստահ, իսկ նախկին HSBC Հայաստանի աշխատակիցները կշարունակեն իրենց կարիերան զարգացնել Արդշինբանկի հետ` հիմնված կայունության և լավագույն փորձի փոխանակման սկզբունքների վրա»,- ասել է Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանը:
Հիշեցնենք, որ ս.թ. փետրվարի 6-ից մեկնարկած գործընթացն իրականացվել է հաշվետվողականության և շահառուների հետ աշխատանքների թափանցիկ հաղորդակցության սկզբունքներով: ՀՀ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը թույլատրել էր համակենտրոնացումը, ընդգծելով, որ այն չի հանգեցնում մրցակցության սահմանափակման և սպառողների շահերի վնասման: ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը նախնական համաձայնություն էր տվել «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի կանոնադրական հիմնադրամում «Արդշինբանկ» ՓԲԸ-ի կողմից նշանակալից մասնակցության ձեռքբերմանը: Այսպիսով, գործարքի ավարտն արձանագրվում է համակարգերի և տվյալների բազաների տեղափոխմամբ և ինտեգրմամբ:
HSBC Հայաստանը Արդշինբանկի խմբում ընդգրկելու գործարքի համար ընտրվել է նվազագույն փոփոխություններով անցում ապահովելու ռազմավարությունը. այս որոշումը կայացվել է նախևառաջ հաճախորդների հարմարությունն ապահովելու համար: Փոփոխություններից հետո էլ HSBC Հայաստանի հաճախորդները կշարունակեն սպասարկվել նույն մասնաճյուղերում և նույն անձնակազմի կողմից: Նոր բրենդավորմամբ բանկային քարտերի ակտիվացման ուղեցույցներն արդեն տրամադրվել են հաճախորդներին. հաշիվները պահպանվել են, իսկ քարտերը վերափոխվել են նախկին բանկոմատային քարտերից՝ լիարժեք դեբիտ քարտերի: Հաճախորդները հնարավորություն ունեն օգտվելու նոր մոբայլ բանկինգի հավելվածից, որի մուտքանունները ևս պահպանվել են. անհրաժեշտ է միայն փոխել գաղտնաբառը և ակտիվացնել համակարգը` առանց բանկ այցելելու: Յուրաքանչյուր հարցում անհատական մոտեցմամբ ու ուշադրությամբ՝ բանկը հոգ է տանում հաճախորդների հարմարավետ անցումն ապահովելու մասին:
***
Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։ Արդշինբանկն ունի շուրջ 390.000 հաճախորդ, որոնց սպասարկում են բանկի 1.900-ից ավելի աշխատակիցներ։ Բանկում ներդրված է ծառայությունների մատուցման ու վաճառքի հզոր բազմախողովակ պլատֆորմ՝ 65 մասնաճյուղերով, համապարփակ մոբայլ և օնլայն բանկինգի համակարգերով։
Բանկն ունի երկրում ամենալայն մասնաճյուղային ցանցը, ինչպես նաև ներկայացուցչություն Փարիզում։ Արդշինբանկը Հայաստանի միակ ընկերությունն է, որն ունի աշխարհի երեք առաջատար՝ Standard & Poor's (BB- (Stable)), Moody’s (Ba3 (Stable)) և Fitch (BB- (Stable)) վարկանիշային ընկերությունների կողմից շնորհված վարկանիշեր: Բանկն ունի Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին հավասար վարկանիշ, ինչը մասնավոր կազմակերպության վարկանիշի գնահատման հնարավոր լավագույն ցուցանիշն է:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: