ՓԱԽՉՈՂՆԵՐԸ
Ոմանք զարմանում են, որ Հալեպում Հայաստանի հյուպատոսը, տեղեկանալով թուրքամետ կազմավորումների մոտալուտ հարձակման մասին, փախել է քաղաքից՝ չբարեհաճելով նույնիսկ տեղյակ պահել տեղի հայ համայնքին։ Այն համայնքին, որի շահերի համար էլ ինքը «հյուպատոսում» էր Հալեպում՝ ստանալով բավական մեծ աշխատավարձ։
ԻՍԿ Ի՞ՆՉ ԿԱ ԶԱՐՄԱՆԱԼՈՒ: ՋՈՋԸ ԻՆՉ Է, ՈՐ ՊՈՉԸ ԻՆՉ ԼԻՆԻ. ԻՆՉՊԻՍԻՆ ՈՐ ՎԱՐՉԱՊԵՏՆ Է, ԱՅՆՊԻՍԻՆ ԷԼ ՀՅՈՒՊԱՏՈՍՆ Է։ Մի՞թե 2008-ին ճիշտ այդպես չփախավ Փաշինյանը, որի հոգին մինչ այդ փառավորվում էր այն ցուցարարների գործողություններից, որոնք բռնություն էին գործադրում ոստիկանների նկատմամբ, և լրացուցիչ ուժեր էր ուղորդում այն հատվածներ, որտեղ ոստիկանների հետ ցուցարարների բախումներն առավել կատաղի էին։ Իրեն երևակայել էր ստրուկների ապստամբությունը ղեկավարող Սպարտակ... Իսկ այնուհետ փախավ և հանձնվեց միայն այն բանից հետո, երբ ստացավ անվտանգության ու արագ համաներմամբ չեղարկվելիք ազատազրկման կարճ ժամկետի երաշխիքներ։
Նույն կերպ էր գործում նաև 2020-ի պատերազմի ժամանակ։ Սկզբում իրեն Նապոլեոն էր երևակայում, հրաժարվում խաղաղության շահավետ պայմաններից, իսկ հետո, վերջապես ստորագրելով նվաստացուցիչ խաղաղությունը, թաքնվեց ինչ-որ բունկերում՝ հարվածի տակ դնելով խորհրդարանի այն ժամանակվա ղեկավար Արարատ Միրզոյանին, որը պատերազմական գործողությունների ժամանակ բոլորին կոչ էր անում հիշել, որ գերագույն գլխավոր հրամանատարը Նիկոլ Վովայի Փաշինյանն է…
Հազարամյակներ շարունակ կար հայկական երկրամասը, բայց փողոցից եկավ ամենից ու ամենքից նեղացած մեկը, և չկա հայկական երկրամասը։ Քանզի այդ ոմն մեկը սկսեց պայքարել «ինքնիշխանության» համար։ Այսօր էլ լկտիաբար պնդում է, թե Հայաստանն օրըստօրե ավելի ինքնիշխան է դառնում…
Իրականում նա զրոյացրեց ոչ միայն Արցախն ու հազարավոր հերոսների ավանդը, որոնք զոհաբերել են իրենց առողջությունն ու կյանքը հանուն Հայաստանի ու Արցախի անվտանգության։ Նա զրոյացրեց նաև Հայաստանի ինքնիշխանությունը, որը մանրադրամ դարձավ տարածաշրջանի և ոչ միայն տարածաշրջանի երկրների խաղերում։ Փոխարենը հիմա, Արցախում էթնիկ զտումներից, այդքան զոհերից հետո, նա շատ «ինքնիշխան» ժպտում է Ալիևին՝ նրան հանձնելով արդեն նաև այլ տարածքներ։
Իհարկե, շա՜տ տպավորիչ է, թե ոնց է Աննա Հակոբյանը տոլմա փաթաթում։ Բայց եթե դու այդքան բաց ու հանդուրժող ես, ընդհուպ մինչև կնոջդ տոլմա փաթաթալու ընթացքը ցույց տալը, ապա գուցե պատմե՞ս, թե ինչի վրա էիր այդքան զվարճացել Ալիևի հետ ԲՐԻԿՍ գագաթնաժողովում։ Թե՞ այդքան համարձակություն չունես։ Չէ, չունի։ Փոխարենը համարձակություն ունի ստեր լցնելու իր ընտրողի ականջները՝ Հայաստանի պաշտպանունակության բարձրացման համար ձեռնարկվող միջոցների, իբր ժամանակակից սպառազինության գնումների մասին... Հերթական բլեֆն է։ Եթե իսկապես ինչ-որ արժեքավոր բան գնած լինեին, այդ ինքնագովը վաղուց նկարված կլիներ նոր ձեռք բերածի խորապատկերին։
Հայաստանի անվտանգության համար այդ ի՞նչ սպառազինության մասին ենք խոսում։ Փաշինյանը մտածում է միայն սեփական կարիերայի, իշխանությունը պահելու, դե, ու իր անվտանգության մասին։ Վերջինին, ընդ որում, չափազանց ուռճացված կարևորություն է տալիս։ Փաշինյանի երբեմնի սիրելի գեներալ Դը Գոլը նման մարդկանց մխիթարում էր. «Դուք երկար կապրեք։ Սպանում են միայն լավագույններին»։
...«Վրացական երազանքը», կատարելով արևմտյան ցանկությունները, հասավ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակի։ Բայց հետո պարզվեց, որ հանուն այդ կարգավիճակի Արևմուտքը վրաց իշխանություններից պահանջում է լիակատար հնազանդություն և հակառուսական կտրուկ քայլեր, ընդհուպ մինչև ռազմական գործողություններ։ «Երազողները» հրաժարվեցին, չցանկացան հարվածի տակ դնել իրենց երկիրը։
Նիկոլը, նույնպես կատարելով Արևմուտքի ցանկությունները, ամբողջությամբ հանձնեց Արցախը։ Ի՞նչ ստացավ դրա դիմաց: ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճա՞կ: Ոչ, դրա դիմաց նա ստացավ ծափահարություններ Եվրախորհրդարանում ու Եվրոպական տարբեր քաղաքական հավաքույթների հրավերներ։ Ամեն մեկն իր գինն ունի. վրացիներին փորձեցին գնել ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակով, բայց նույնիսկ դա չստացվեց, իսկ Նիկոլին առան էժան գնով։
Ի դեպ, հետաքրքիր է, Սալոմե Զուրաբիշվիլին նույնպես արդյունքում կփախչի՞, ինչպես Նիկոլը 2008-ին։