«Մեծ ցավով եմ դա ասում»․ Հովիկ Աղազարյանը դուրս եկավ ՔՊ խմբակցությունից

ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը դուրս է գալիս «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։ Նա այդ մասին հայտարարեց Ազգային ժողովում` նշելով, որ վայր է դնում նաև ԱԺ հաշվիչ հանձնաժողովի անդամի իր լիազորությունները։

Երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Աղազարյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հեռացվել է պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով։

«Երեկ ես ՔՊ վարչության որոշմամբ հեռացվել եմ կուսակցության շարքերից։ Առիթ կլինի անդրադառնալու հիմնավորումներին, սակայն հիմա ուզում եմ ներողություն խնդրել կուսակցական իմ ընկերներից որևէ ժամանակահատվածում իմ վարքով ու քայլով չնչին իսկ վնաս հասցրած մեր թիմի հեղինակությանը»,- հայտարարեց նա։

Աղազարյանը նշեց, որ չի ցանկանում իր արդեն նախկին կուսակից ընկերներին ևս մեկ անգամ անհարմար վիճակի մեջ դնել ու այս անգամ քննարկել խմբակցությունից իրեն հեռացնելու հարցը, այդ իսկ պատճառով ինքն անձամբ է հայտարարում, որ դուրս է գալիս ՔՊ խմբակցությունից մեծ ցավով։

«Տարաբնույթ, տարբեր մակարդակներով իմ անձին վերաբերվելիք հայտարարություններն ու արձանագրումները բոլորը չէ, որ կստանան պատասխան, սակայն այն դեպքերում, երբ ես կպատասխանեմ դրանց, դրանք կլինեն մեկ մակարդակ ցածր, ոչ հայելային»,- հայտարարեց նա։

Խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ քարտուղարությանը խնդրեց Աղազարյանին իրենց խմբակցության շարքերից տեղափոխել մեկ այլ տեղ, աթոռ տրամադրել այլ հատվածում։

«Ես ձեզ շատ․․․Լավ, չմեկնաբանեմ»,- քմծիծաղով ավելացրեց Սիմոնյանը։

Sputnik Արմենիա