ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՌԵԺԻՄԻ ՊԱՐԵՏ, FLY ARNA, ԱՆԻՖ, 20 000-ԴՈԼԱՐԱՆՈՑ ՏՈՄՍԵՐ... ԱՎԻՆՅԱՆ, ԹԵ՞ ԱՎԻՐՅԱՆ
Երևանում ավտոբուսների վարորդների երեկվա գործադուլը նշանավորվեց, բացի ամենայնից, նաև քաղաքապետարանի ղեկավարության կողմից նրանց հասցեագրված բացահայտ սպառնալիքներով։ «Բավական չէ մարդկանց ահաբեկում են, նրանց հետ բացահայտ խոսում շանտաժի լեզվով, ապօրինի ազատում են աշխատանքից, մի հատ էլ հանցագործության մասին հաղորդում են ներկայացնում: Իրեն «ժողովրդավարության բաստիոն» հռչակած իշխանությունը ավտոբուսի վարորդին գործադուլի սահմանադրական իրավունքի համար ոչ միայն սպառնում է, այլ դրա համար պաշտոնապես դիմում է քրեական հետապնդման մարմնին»,- ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանի այս գնահատականի հետ դժվար է չհամաձայնել։
Սպառնալիքների մեկնարկը տվեց քաղաքապետարանի մամլո քարտուղար Հայկ Կոստանյանը, որը հայտարարեց վարորդների գործողություններին «պատշաճ քրեաիրավական գնահատական տալու նպատակով պատկան մարմիններին դիմելու» մտադրության մասին: Այնուհետ աչքի ընկավ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, որը գրեց, որ արդեն «հանցագործության մասին հաղորդում» է ներկայացրել գլխավոր դատախազին։ Դրանից հետո ասպարեզ ելավ նաև Երևանի քաղաքապետ Ավինյանը, որին մայրաքաղաքի բնակիչները վաղուց արդեն կնքել են «Ավիրյան». գործադուլը նա անվանեց «շանտաժ» և հայտարարեց, որ «ակցիաների կազմակերպիչները խիստ պատասխանատվության կենթարկվեն»:
Տեղին ու պատեհ է տալ պարզ հարցը. տեսեք, թե ո՜վ է ասում: Իսկ ասում է նա, ով իր «հետհեղափոխական» կարիերայի ողջ ընթացքում տապալել է անխտիր ամենը, ինչ ղեկավարել է և ինչի հետ առնչվել է։ Ասում է նա, ում հետևից ձգվում է քրեորեն պատժելի արարքների երկար շարանը, որոնց ընթացք չեն տալիս բացառապես այն պատճառով, որ տվյալ սուբյեկտը հանցավոր ռեժիմի պարագլխի թիմակիցներից և իշխող կուսակցության գլխավոր դերակատարներից մեկն է։
Հավանաբար, այդ հավակնոտ դատարկախոսի սնապարծությունն ու անտեղի խանդավառությունը փոքր-ինչ չափավորելու համար արժե անդադար հիշեցնել նրան բոլոր այն կառույցների ու նախագծերի լիակատար փլուզման մասին, որոնց ղեկավարումը վստահվել է իրեն։
Զբաղեցնելով փոխվարչապետի պաշտոնը՝ 2020 թվականին համավարակի ժամանակ նա նշանակվեց արտակարգ դրության ռեժիմի պարետ։ Թե ինչ արդյունք ունեցավ Ավինյանի և ընդհանրապես իշխանությունների գործունեությունը Հայաստանի և նրա բնակչության համար, թերևս ավելորդ է նշել։ Անտեղյակությունը, ինքնավստահությունը, կառավարման հմտությունների և բարդ իրավիճակի վերահսկման ունակության իսպառ բացակայությունը, մասնագետների առաջարկությունները լսելու դժկամությունը և շատուշատ այլ բաներ հանգեցրին համաճարակի ողբերգական հետևանքների մասշտաբային խորացման:
Եվ ոչ միայն. ավելի ուշ հայտնի դարձավ իշխանությունների կողմից զանգվածային չարաշահումների, յուրացումների և ֆինանսական միջոցների ոչ նպատակային օգտագործման մասին։ Այդ մասին հրապարակավ հայտարարվել է խորհրդարանում և բազմաթիվ փաստերով ապացուցվել է Հաշվեքննիչ պալատի ղեկավարների կողմից։ Եթե պարետ Ավինյանն անտեղյակ էր այդ ամենից, ուրեմն նա անասելի վատ վարչարար է, իսկ եթե տեղյակ էր և «փայ» ուներ, ուրեմն նույնքան ենթակա է քրեական պատասխանատվության, որքան բացահայտումների գլխավոր «հերոսը»՝ հանձին առողջապահության տխրահռչակ նախկին նախարարի, որը շարունակում է զբաղեցնել պատգամավորական աթոռը, ասես ոչինչ չի պատահել։
Ուղիղ 3 տարի առաջ՝ 2021 թվականի դեկտեմբերի 13-ին Ավինյանը հանդիսավորությամբ հայտարարեց ազգային ավիափոխադրողի՝ Fly Arnа ավիաընկերության ստեղծման մասին, ինչը ներկայացվեց որպես իր ղեկավարած Հայաստանի պետական շահերի հիմնադրամի (ԱՆԻՖ) խոշորագույն ներդրումային նախագիծ։ Սակայն արդեն 2024 թվականի հունվարին ավիաընկերությունը դադարեց գոյություն ունենալ, իսկ օտարերկրյա համահիմնադիր ներդրողը հայտարարեց ֆինանսական վեճի պատճառով միջազգային արբիտրաժային վարույթ նախաձեռնելու մտադրության մասին։
Նախագծի ձախողումը ստիպված ընդունեց ինքը՝ Ավինյան-Ավիրյանը, հայտարարելով, թե իբր դա տեղի է ունեցել այն պատճառով, որ «անհրաժեշտ բարեփոխումները ժամանակին չեն անցկացվել ավիաընկերությունում»։ Այն մասին, թե ով է դրանում մեղավոր, իզուր ծախսված ահռելի միջոցների, ինչպես նաև երկրի իմիջային կորուստների համար պատասխանատվության մասին սույն պարոնը «համեստորեն» լռեց։ Հարկավ. իշխող հանցախմբի ներկայացուցիչներից այդ ո՞վ է երբևէ ընդունել անձնական պատասխանատվությունը պետության դեմ հանցագործությունների համար, որ դա անի «Ավիրյանը»:
Դրան գրեթե անմիջապես հաջորդեց ևս մեկ աղմկահարույց ձախողում՝ արդեն հենց ԱՆԻՖ հիմնադրամի հետ կապված, որի տնօրենների խորհրդի նախագահն անփոփոխ կերպով կրկին իսկ Փաշինյանի այդ թիմակիցն էր։ Բայց հիմնադրամը ոչ միայն պարզապես փակվեց. դրա փաստացի լուծարումն ուղեկցվեց կոռուպցիոն բնույթի խոշոր սկանդալով, որի կենտրոնում, բնականաբար, հայտնվեց Ավինյանը:
ԱՆԻՖ-ի գործունեության ուսումնասիրությամբ զբաղվում էին միանգամից երեք մարմիններ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, Արժույթի միջազգային հիմնադրամը, Պետական վերահսկողական ծառայությունը։ Ենթադրվող չարաշահումների վերաբերյալ քրեական վարույթը շարունակվում է, սակայն, ինչպես վերջերս հաղորդեցին ԶԼՄ-ները, դեռևս որևէ մեղադրանք չի առաջադրվել: Եվ դա հասկանալի է. մեղադրանքներն առաջին հերթին պետք է ներկայացվեն հիմնադրամի ղեկավարին, իսկ նա, ինչպես հայտնի է, անձեռնմխելի է առաջին դեմքին մոտ լինելու շնորհիվ։
Եվ ուրեմն, այն հարցը, թե ով է պատասխանատու պետբյուջեի բազմամիլիոնանոց վատնումների համար, կրկին մնում է օդում կախված՝ ունենալով միանգամայն հստակ պատասխան։
Այժմ Ավինյան-Ավիրյանը շարունակում է իր կործանարար գործունեությունը Երևանի քաղաքապետի պաշտոնում, որը, ըստ բազմաթիվ փորձագետների, զբաղեցնում է ապօրինաբար: Եվ այն կաթվածահարությունը, որն այսօր համակել է մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի համակարգին, նրա ապաշնորհ ղեկավարման և բացարձակ անմտածված «բարեփոխումների» անմիջական հետևանքն է։
Փոխարենը մեկ հարցում Ավինյանն ակնհայտորեն հաջողել է և, ինչպես հեշտ է կռահել՝ փաշինյանական յուզգյարներին դրա բնորոշ լինելու պատճառով, վերաբերում է նրա անձնական բարօրությանը։ Բոլորովին վերջերս՝ նոյեմբերի 13-ին, Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի կենտրոնը հրապարակեց լրագրողական հետաքննություն՝ «Հայաստանի նախկին փոխվարչապետի ընկերությունը փող է վաստակել իր ղեկավարած պետական ծրագրի վրա» վերնագրով։ Ահա ընդամենը մի քանի մեջբերում հրապարակումից:
«Մինչ ծաղկում էր Ավինյանի քաղաքական կարիերան, վերելք էր ապրում նաև նրա հարազատների բիզնեսը. նրանք փող էին վաստակում պաշտոնյայի կողմից վերահսկվող կառավարական ծրագրերի վրա։ Ավինյանը փոխվարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2018-ից մինչև 2021 թվականը։ Դատելով կառավարության փաստաթղթերից, այդ ընթացքում գյուղատնտեսական ծրագրի ինը մասնակիցներ որպես ենթակապալառու վարձել են Տիգրանի հիմնադրած Irrigate LLC ընկերությանը, որի սեփականատերն այն ժամանակ նրա եղբայրն էր։
Նրանցից հինգին ընդհանուր առմամբ մոտ 620 հազար դոլար է հատկացվել ինտենսիվ մշակովի պտղատու այգիներ հիմնելու համար։ Կառավարությունից ստացած միջոցների ծավալով նրանցից երկուսը զբաղեցրել են երկրորդ և երրորդ տեղերը» ։
Դե ինչ, Ավինյան-Ավիրյանն այդ առումով միանգամայն կարող է մրցակցել իր կուսակից Ալեն Սիմոնյանի հետ, որի եղբոր ընկերությունը, հիշեցնենք, կանոնավորապես «հաղթել» է միլիարդանոց տենդերներում: Կամ Վեդիի հանրահայտ քաղաքապետի հետ՝ Կոկորդիլոս մականունով, որը 6 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել իր հորեղբոր ձեռնարկության հետ... Իշխող կուսակցությունում, պետք է ասել, կան ամեն երանգի կոռուպցիոներներ։
Իսկ որպես «տորթի բալեհատիկ»՝ հաղորդում գումարի մասին, որ վերջերս վճարվել է Երևանի քաղաքապետի ավիատոմսերի համար. ինչպես պարզվեց, միայն Երևան-Լոս Անջելես չվերթը հարկատուների գրպանի վրա նստել է... 20 հազար դոլար: Խոսքը, կրկնեմ, մի մարդու մասին է, որը սիստեմատիկաբար փլուզել է այն ամենը, ինչին հպվել է, և անմիջականորեն պատասխանատու է հսկայական պետական միջոցների մսխման համար։
Եվ հենց այդ սուբյեկտը, որի տեղն արդեն վաղուց բանտում է, սպառնում քրեական հետապնդմամբ և ապօրինաբար աշխատանքից ազատում ընդամենը իրենց սահմանադրական իրավունքն իրացնող մարդկանց:
Ի դեպ, սոցցանցերում հաշվարկել են, որ Ավինյանի ավիատոմսի վրա ծախսված գումարը կբավականացներ մոտ 10 քաղաքակիրթ զուգարան կառուցելու համար, որոնց բացակայությունը ավտոբուսների վարորդների գործադուլի պատճառներից մեկն է: