ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՀԵՏ՝ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԲԱՐԵԼԱՎԵԼՈՒ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
Արդշինբանկը տեխնիկական աջակցման ռազմավարական համագործակցություն է սկսել Եվրոպական ներդրումային բանկի հետ՝ «Կանաչ ֆինանսական համակարգ» (Greening Financial Systems) ծրագրի շրջանակներում։
Համագործակցության նպատակն է բարելավել բանկի՝ կլիմայական ռիսկերի կառավարման մեթոդները, ապահովել կայուն զարգացման նպատակների իրականացումը և աջակցել Կլիմայի անցումային ծրագրի իրականացմանը։ Ծրագրի համաձայն՝ բանկն իրականացնելու է մի շարք գործողություններ, որոնք օգնելու են կլիմայի կառավարման համաշխարհային նպատակներին համապատասխանելուն և կանաչ ֆինանսավորումը խթանելուն։ Այս նախաձեռնությունը կօգնի նաև ավելի արդյունավետ գնահատել կլիմայական ռիսկերը, չափել դրանց ազդեցությունը և համապատասխանել միջազգային չափանիշներին։
Կիրառելով նման առաջադեմ մեթոդաբանություն՝ Արդշինբանկը նպատակ ունի ոչ միայն ընդլայնել իր ներքին հնարավորությունները, այլև ներգրավել իր հաճախորդներին և գործընկերներին կայուն զարգացման ուղղությամբ ներդրումներ կատարելու գործընթացում:
Մենք ուժեղ ենք միասին, և այսպիսի համագործակցությունների ու ընդհանուր տեսլականի միջոցով միտված ենք ձևաորելու ֆինանսական էկոհամակարգ, որն առաջնահերթություն է տալիս կայուն զարգացմանը, պատասխանատվությանը և երկարաժամկետ աճին։
«Կանաչ ֆինանսական համակարգ» ծրագիրը ֆինանսավորվում է Կլիմայի միջազգային նախաձեռնության հիմնադրամի (International Climate Initiative Fund) կողմից՝ Գերմանիայի տնտեսական հարցերի և կլիմայական գործողությունների դաշնային նախարարության պատվերով։ Այն Եվրոպական ներդրումային բանկի և Գերմանիայի տնտեսական հարցերի և կլիմայական գործողությունների դաշնային նախարարության համատեղ ներդրումն է «Կանաչ կենտրոնական բանկերի պատրաստակամության աջակցություն» (Readiness Support for Greening Central Banks) նախաձեռնության մեջ, որն էլ իր հերթին հանդիսանում է Ազգային մակարդակով սահմանված ներդրումների գործընկերության (NDC Partnership) նախաձեռնությունը:
***
Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։ Արդշինբանկն ունի շուրջ 390.000 հաճախորդ, որոնց սպասարկում են բանկի 1.900-ից ավելի աշխատակիցներ։ Բանկում ներդրված է ծառայությունների մատուցման ու վաճառքի հզոր բազմախողովակ պլատֆորմ՝ 65 մասնաճյուղերով, համապարփակ մոբայլ և օնլայն բանկինգի համակարգերով։
Բանկն ունի երկրում ամենալայն մասնաճյուղային ցանցը, ինչպես նաև ներկայացուցչություն Փարիզում։ Արդշինբանկը Հայաստանի միակ ընկերությունն է, որն ունի աշխարհի երեք առաջատար՝ Standard & Poor's (BB- (Stable)), Moody’s (Ba3 (Stable)) և Fitch (BB- (Stable)) վարկանիշային ընկերությունների կողմից շնորհված վարկանիշեր: Բանկն ունի Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին հավասար վարկանիշ, ինչը մասնավոր կազմակերպության վարկանիշի գնահատման հնարավոր լավագույն ցուցանիշն է:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: