ԻՆՉՈ՞Ւ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ, ՈՐ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԿԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԵԼՆԵՆ ԱՌԱՋՆԱԲԵՄ
Հայաստանի իրական ընդդիմության ամենամեծ սխալն այն է, որ նա չգիտես ինչու զգուշանում է խունտայի դեմ պայքարի սայր հրապարակավ մղել պետական նախկին առաջնորդներին՝ Սերժ Սարգսյանին կամ Ռոբերտ Քոչարյանին։ Եվ նրանք նույնպես խուսափում են անձամբ գլխավորել հականիկոլական շարժումը, ըստ երևույթին՝ համարելով, թե ժողովուրդն իրենց հետևից չի գնա, թե իրենք կխրտնեցնեն մարդկանց, կստիպեն հիշել իրենց «նախկին մեղքերը» և այդպիսով պայքարի արդեն նոր փուլի մեկնարկին կփչացնեն ամբողջ գործը։
Եվ ի՞նչ։ Առանց նրանց ինչ-որ բան ստացվե՞ց այս պայքարում։ Դա զանգվածայնություն ձեռք բերե՞ց: Մարդիկ հեղեղել են փողոցներն ու Նիկոլին սեղմել իր աշխատասենյակի պատի՞ն։
Եթե Քոչարյանն ու Սարգսյանն իսկապես ուզում են վերջ տալ այս խայտառակ իշխանությանը, Հայաստանի անվերջ նվաստացումներին, ինչի մասին անդադար խոսում են, ապա նրանցից գոնե մեկը պետք է անձամբ առաջնորդի շարժումը, իսկ երկրորդն առնվազն չխանգարի նրան։ Այլ բան է, եթե հիշյալ անձինք իրենք չեն ցանկանում խրվել այդ գործի մեջ, քանի որ, ասենք, հավանություն չեն ստացել արտաքին ինչ-որ կենտրոններից կամ նրանց խորհուրդ է տրված սպասել հարմար պահի, կամ էլ, օրինակ, նրանց առողջությունն անվերապահորեն թույլ չի տալիս դիմանալ քաղաքական ակտիվ պայքարի բարոյաֆիզիկական ահռելի ծանրաբեռնվածությանը։
Բայց եթե ողջ խնդիրը լոկ այն համոզմունքն է, թե ժողովուրդը չի ցանկանա իրենց հրապարակային առաջնորդությունը, ապա դա միանգամայն սխալ հաշվարկ է։
Տվյալ դեպքում խոսքը Ռոբերտ Քոչարյանի մասին է, որի դաշինքը 2021-ի ընտրությունների արդյունքներով հավաքեց ձայների բավական լավ տոկոս, և որի կողմնակիցների հանրահավաքները տպավորիչ էին ստացվում։ Իսկ չէ որ դա դեռևս «հեռավոր» 2021-ին էր, երբ 44-օրյա պատերազմից խոշտանգված Արցախը դեռ դիմանում էր, երբ այն ճշմարտությունը, որ Հայաստանի իշխանությունները դավաճանել են արցախցիներին, դեռևս չէր հասել հասարակության լայն շերտերի գիտակցությանը, և երբ Փաշինյանը դեռ դատարկախոսում էր հայկական արժանապատվությունը փրկելու իր անկեղծ ձգտումների մասին։
Իսկ ի՞նչ է լինելու հիմա, երբ բոլոր դիմակները վերջնականապես պատռված են, և ընտրողների մեծամասնության աչքերը բացվել են հայոց պետականության վերջնական ոչնչացման ուղղությամբւ ուզուրպատորի գործողությունների վրա։
Ահա ուրեմն, կրկնենք։ Քոչարյանի հրապարակային պասիվությունը որևէ բան փոխե՞ց բողոքի տրամադրությունների գեներացման համատեքստում։ Եթե նա և իր անցյալը խանգարում էին ընդդիմության ու վրդովված զանգվածների համախմբմանը, ապա հնարավոր եղա՞վ արդյոք ռեժիմի դեմ ոտքի հանել նույն այդ զանգվածներին առանց երկրորդ նախագահի ակտիվ մասնակցության։ Օգնե՞ց գործին նրա չընդգրկվածությունը:
Պետք է վերջապես ընդունել, որ Քոչարյանը ստվեր անցավ այն կեղծ թեզի պատճառով, թե իբր՝ նա միայն կխանգարի ընդդիմադիր պայքարին և կնպաստի իշխանությունների հանդեպ քննադատաբար տրամադրված հանրության տարանջատմանը։ Սա եղել և մնում է ծայրաստիճան սխալ հաշվարկ, որը ոչ միայն չպոկեց բողոքի շարժումը մեռյալ կետից, այլև ի սկզբանե նպաստեց դրա դեգրադացմանը։
Քոչարյանի չմասնակցելը լոկ նպաստեց այն բամբասանքներին, թե նա կառավարում է ընդդիմադիր բողոքի ակցիաները ստվերից, իբր կատարելով Կրեմլի, ՀԱՊԿ-ի, մորմոնների, շշից ելած ջիների և էլի ում ասես պատվերները... Հենց այդ հանգամանքը պատճառ դարձավ, որ մարի նաև «Սրբազան պայքարը», քանզի մարդկանց համար շատ ավելի ընդունելի կլիներ տեսնել Քոչարյանի ներկայությունը հանրահավաքին և կլանել նրա ելույթները, քան լսել Բագրատ արքեպիսկոպոսի «արդարացումներն» առ այն, թե ինչ նպատակով է հանդիպել նախկին նախագահների հետ։
Այդպիսին է ամբոխի էությունը. հաճույքով և հրապարակավ ընդդիմախոսել թեկուզև ոչ այնքան սիրված, բայց հասկանալի և կանխատեսելի քաղաքական գործիչներին, և շատ ավելի մեծ անվստահությամբ վերաբերվել ցանկացած ստվերային գործընթացների, որոնք ընկալվում են ավելի շուտ դավադրության տեսության համատեքստում։ Օրինակ, որևէ մեկը կարո՞ղ է պնդել, թե ժողովուրդը սիրում էր Նիկոլին մինչև 2018-ի գարնան իրադարձությունները։ Ամենևին։ Ոչ ոք գործնականում չէր համակրում նրան, իսկ ճնշող մեծամասնությունն ընդհանրապես անպարկեշտ հայհոյում էր՝ բավական լավ տեղյակ լինելով նրա էության և անմաքուր քաղաքական անցյալի մասին։
Սակայն բավական էր, որ Փաշինյանը ելներ առաջնաբեմ, դառնար տեսանելի, շոշափելի, հասկանալի և, ամենակարևորը՝ ինքնավստահություն ցուցաբերեր, որ ամբոխը մինչև վերջ քայլեր նրա հետևից։ Միգուցե համեմատությունն այնքան էլ կոռեկտ չէ, բայց ամեն դեպքում օբյեկտիվ է։ Զանգվածները սիրում են անմիջականություն. սա աքսիոմ է։ Իսկ քաղաքականությունն աշխատանք է զանգվածների ու նրանց գիտակցության հետ, թեկուզև ոչ միշտ անթերի առողջ աշխատանք։
Հետևաբար, նախկին առաջնորդները պետք է դուրս գան ստվերից և բարձրաձայն հայտարարեն երկիրը փրկելու իրենց մտադրությունների մասին, եթե, իհարկե, իսկապես ունեն այդպիսիք։ Եվ դադարեն լսել սոցհարցումներով իբր ամրապնդված խորհուրդներն այն մասին, թե դա հակաարդյունավետ է բողոքային պայքարի համար։
Այդ կարգի խորհուրդները խաբեություն են: Որևէ մեկը մտորե՞լ է, թե ինչու է իշխող հանցախումբը բոլորից բարձր գոռում, թե Քոչարյանի ու Սարգսյանի ելքն առաջնաբեմ կվնասի հականիկոլական շարժմանը։ Ինչո՞ւ է այդ թեզը անդադար գեներացվում հենց փաշինյանական ԶԼՄ-ների ցանցային ռեսուրսների ու մարությանների, մարուքյանների, դոգերի ու քաղաքական այլ չարքերի կարգի «գլուխ արդուկողների» կողմից, որոնց Նիկոլը ուղարկել է ընդդիմադիր ճամբար՝ որպես «տրոյական ավանակներ»։
Մի՞թե այն պատճառով, որ խունտան բոլորովին չի ուզում, որ զանգվածների ընդդիմադիր շարժումը փլուզվի։ Աբսուրդ…