Սիրիայում իշխանությունը զավթած ապստամբները երաշխավորել են ՌԴ ռազմակայանների անվտանգությունը
Ռուսաստանն անվտանգության երաշխիքներ է ստացել Սիրիայում իր ռազմակայանների համար ընդդիմության ղեկավարների կողմից, որը զավթել է իշխանությունը երկրում, ՏԱՍՍ-ին տեղեկացրել է Կրեմլի աղբյուրը։
«Ռուսաստանցի պաշտոնատար անձինք շփման մեջ են սիրիական զինված ընդդիմության ներկայացուցիչների հետ, որի ղեկավարները երաշխավորել են ռուսական ռազմակայանների անվտանգությունը»,- ասել է պետական գործակալության զրուցակիցը։
ՏԱՍՍ-ի մեկ այլ աղբյուրի համաձայն՝ ապստամբները լիակատար վերահսկողության տակ են վերցրել Լաթաքիան, որտեղ գտնվում են ռուսական ռազմակայանները։ Նրանք մտել են Տարտուսի և Ջեբլայի տարածք այն պահին, երբ Դամասկոսում ընդդիմությունը հայտարարել է նախագահ Ասադին տապալելու մասին։ «Ընդդիմադիրները մտադիր չեն ներխուժել ռուսական ռազմակայանների տարածք»,- ընդգծել է գործակալության զրուցակիցը։
Մինչ այդ, «Военныйо осведомитель»ի տվյալներով՝ ռուսական հրամանատարությունն սկսել է դուրսբերման պատրաստել տեխնիկան Հմեյմիմի օդանավակայանից։ «Երեկ օդանավակայան է եկել միանգամից մի քանի Ил-76 և Ан-124 «Ռուսլան» ինքնաթիռ՝ ծանր տեխնիկան դուրս բերելու համար»,- նշել է թելեգրամ-ալիքը։ Տեղեկությունը հաստատել է ՕՏՈւ կապիտան Իլյա Տումանովը։ Նրա խոսքով՝ տեխնիկան դուրս բերելու որոշումը ընդունվել է Դամասկոսի գրավումից հետո։ «Մեր տրամադրության տակ մնացել է միայն մեկ օդանավակայան, կարելի է ենթադրել, որ տեխնիկան կտարվի Ռուսաստան։ Դե, կամ էլ Աֆրիկա»,- ասել է նա։
Դիտորդները նաև նկատել են ռուսական նավերի դուրսբերման առաջին նշանները Տարտուսից։ Naval News-ի տվյալներով՝ դեկտեմբերի 2-ի առավոտյան «Ելնյա» լցանավը հեռացել է Տարտուսից։ Նրա հետ միասին բազայից կարող էին հեռանալ հինգ նավեր և մեկ սուզանավ։ Դրանց մեջ են «Ծովակալ Գորշկով» դասի երկու ֆրեգատ, «Ծովակալ Գրիգորովիչ» դասի մեկ ֆրեգատ, բարելավված սուզանավ՝ «Կիլո» դասի և երկու օժանդակ նավ։
Դեկտեմբերի 8-ին սիրիացի ապստամբները զավթել են Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսը՝ դիմադրության չհանդիպելով, և հայտարարել են Ասադի ռեժիմի տապալման մասին։ Ասադը ընտանիքի հետ թռել է Ռուսաստան, որտեղ ապաստարան է ստացել։ ՌԴ ԱԳՆ-ն հրապարակել է հայտարարություն, որում նշել է, որ Ասադը որոշել է թողնել նախագահի պաշտոնը ապստամբների հետ բանակցություններից հետո և հեռացել է երկրից՝ «իշխանության խաղաղ հանձնման ցուցում տալով»։
Ռուսական ՕՏՈւ ավիախումբը տեղակայված է Սիրիայում Հմեյմիմ ավիաբազայում 2015թ. մշտական հիմքով, ԻՊ-ի դեմ պայքարի համաձայնագրի շրջանակում։ Ռուսական ինքնաթիռներն օտագործել են նաև Պալմիրայի և Հոմսի օդանավակայանները, որոնք անցել են ապստամբների վերահսկման տակ։
Տարտուսի ռազմածովային բազան միջերկրածովյան ափին ռազմավարական օբյեկտ է Ռուսաստանի համար։ ԽՍՀՄ ռազմածովային նավատորմը այստեղ էր 1971-ից, բայց երկրի փլուզումից հետո նավերը դուրս են բերվել։ Ռուս զինվորականները վերադարձել են Տարտուս 2015թ., երբ Մոսկվան որոշել է միջամտել Սիրիայի քաղաքացիական պատերազմին և կողմնակցել է Ասադին։
News.am