Կառուցապատողների հայկական ասոցիացիա․ Անշարժ գույքի շուկայում գների իջեցում տեղի չի ունենալու
Մեր ոլորտում խնդիրները շատ-շատ են. դրանց մի մասը մատակարար կազմակերպություններ-կառուցապատողներ հարաբերությունների խնդիրներն են: Այս մասին, լրագրողների հետ զրույցում նշեց Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը:
«Մսնավորապես, «Վեոլիա ջուր», ՀԷՑ, «Գազպրոմ Արմենիա» ընկերությունների հետ հարաբերություններում առկա խնդիրներն են: Երկրորդ խումբ խնդիրները, որոնք մշտական են, պետական և համայնքային իշխանության մարմինների կողմից իրականացվող վարչարարության գործընթացում ժամկետների ձգձգումներն են և ուշացումները: Եվ երրորդ խումբ խնդիրները մշտապես փոփոխվող իրավական կարգավորումներն են, քանի որ 36 կամ 48 ամիս տևողության ժամանակահատվածում շատ հաճախ տեղի են ունենում օրենսդրական փոփոխություններ, որոնք հանգեցնում են խաղի կանոնների փոփոխության: Այսինքն սկզբնական փուլում գործում է մի իրավական կարգավորում, քաղաքաշինության ընթացքում օրենսդրական կարգավորումները փոխվում են, իսկ ծրագրի ավարտին կառուցապատողները բոլորովին այլ իրավական կարգավորումների դաշտում են գործում: Սա ներդրումային միջավայրում հանգեցնում է անկայուն հարաբերությունների»,-ասաց նա:
Անդրադառնալով անշարժ գույքի գների հնարավոր փոփոխություններին, Գուրգեն Գրիգորյանն ասաց. «վերջին տարիներին գները միայն ու միայն գները բարձրանում են, կառուցապատման ծրագրերում շինարարության ինքնարժեքը թանկանում է։ Դա մի կողմից պայմանավորված է միջազգային շուկաներում ապրանքների և նյութերի գներով, մյուս կողմից՝ պետության կողմից վարվող քաղաքականությամբ, մասնավորապես հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների գազի, ջրի, հոսանքի միացումների հետ կապված լրացուցիչ ծախսերի, որոնք չկային, կամ էականորեն քիչ էին, իսկ հիմա տասնապատիկ, հարյուրապատիկ անգամներ մեծ են։
Երևանում ճարտարապետահատակագծային առաջադրանքի շինարարության թույլտվության գծով տեղական տուրքերը և վճարները, քաղաքաշինական գործընթացների իրականացման հետ կապված թույլտվությունների տրամադրման համար տուրքերը, վճարները, որոնք առաջ կամ չկային, կամ շատ քիչ էին, ներկայումս ահռելի մեծ գումար են կազմում։ Երրորդը, որը էլի հանգեցնում է շինարարական ինքնարժեքի մեծացման, ընդհանուր ապրանքների և նյութերի, նաև աշխատուժի թանկացումն է: Բնականաբար ինքնարժեքի բարձրացումը վերջին հաշվով իր մաշկի վրա զգում է սպառողը»:
Ասոցիացիայի նախագահը նկատեց, որ հիմա կա կանխավարկած, որ գների անկում է տեղի ունենալու, բայց այդպես չէ. «Մեր պատկերացմամբ գների էական տեղաշարժ չի լինի, որովհետև, ինչպես նշեցինք, ինքնարժեքը գնալով բարձրանում է: Միացման վճարները, տուրքերը, տեղական վճարները կամ հարկային օրենսդրության փոփոխությունները, որոնք այժմ կան, այս ամենը հանգեցնելու է նրան, որ ինքնարժեքը չի իջնելու, իսկ այդ դեպքում սպառողին առաջարկվող վերջնական արդյունքի պրոդուկտի գինը էական շեղում չի ունենալու»:
News.am