ԵՐԿՈՒ ՆՇԱՆԱԿԱԼԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ ՄԵԿ ՕՐՈՒՄ

Տարիներ շարունակ դեկտեմբերի 10-ը հանդիսավորությամբ և ժողովրդականորեն նշվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում (Արցախի Հանրապետություն) որպես կրկնակի տոն՝ ԼՂՀ պետական անկախության համար հանրաքվեի (1991թ.) և ԼՂՀ Սահմանադրության ընդունման օր (2006թ.):

Հայտնի է, որ 1991թ. դեկտեմբերի 10-ին՝ Խորհրդային Միության պաշտոնական փլուզումից ընդամենը մի քանի շաբաթ առաջ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում միջազգային դիտորդների ներկայությամբ տեղի ունեցավ հանրաքվե, որի ընթացքում մասնակիցների ճնշող մեծամասնությունը՝ 99,89%-ը արտահայտվեց Լեռնային Ղարաբաղի անկախության օգտին, որը հռչակվեց նույն թվականի սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ-ի և հարակից հայաբնակ Շահումյանի շրջանի սահմաններով՝ Ադրբեջանի ԽՍՀ ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նիստում։ Դեկտեմբերի 28-ին անկախության հռչակմանը հաջորդած խորհրդարանական ընտրություններով ընտրվեց ԼՂՀ խորհրդարանը, որը ձևավորեց նորաստեղծ հանրապետության առաջին կառավարությունը: Անկախ ԼՂՀ գործադիր մարմինն իր գործունեությունը սկսեց Ադրբեջանի կողմից բացարձակ շրջափակման և դրան հաջորդած ռազմական ագրեսիայի պայմաններում:

Այդուհանդերձ մինչև 2006 թվականն Արցախը չուներ իր Սահմանադրությունը։ Հանրապետության հռչակումից 15 տարի անց՝ 2006 թվականի դեկտեմբերի 10-ին, ԼՂՀ-ում անցկացվեց երկրի առաջին Սահմանադրության նախագծի ընդունման համաժողովրդական հանրաքվե: Երկրի Հիմնական օրենքի ընդունմանը կողմ քվեարկեց 77 հազար 279 քաղաքացի, դեմ՝ 554: Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը կազմեց 90 077 մարդ: Քվեարկության ընթացքին հետևում էին ավելի քան 100 միջազգային դիտորդներ Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Իտալիայից, Խորվաթիայից, Իսրայելից, Սերբիայից, Կոսովոյից, Վրաստանից, Ուկրաինայից, Դանիայից, Աբխազիայից, Հարավային Օսիայից, Մերձդնեստրից: Հանրաքվեն լուսաբանում էին տեղական և արտասահմանյան մի քանի տասնյակ լրատվամիջոցների թղթակիցներ։ Առաջին

Սահմանադրության տեքստում մասնավորապես նշված էր, որ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետություն է»։

Փորձագետները նշում են՝ պատահական չէ, որ ԼՂՀ Սահմանադրության ընդունման օրը համընկավ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա հետ, որը 1950 թվականից նշվում է ողջ աշխարհում: Որպես միջազգային հանրության անքակտելի մաս՝ Արցախը, բնականաբար, նույնպես կարևորում էր նման տարեթվերը, և այս տեսանկյունից միանգամայն օրինաչափ է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար կարևորագույն այս երկու իրադարձությունները՝ պետական անկախության հանրաքվեն և Սահմանադրության ընդունումը, տեղի ունեցան հենց այդ նշանակալի օրը:

Իր կազմավորման օրվանից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հետևողականորեն իրականացրել է պետականաշինության գործընթացը միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, այդ կերպ նպատակադրվելով կառուցել ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետություն, որի կարևորագույն տարրերից է հանրաքվեն: Անկախության հանրաքվեի նպատակն ու իրավական արժեքը, ինչպես նշում են մասնագետները, այն է, որ խնդիր է դրվել համաժողովրդական քվեարկությամբ հաստատել և բարձրագույն իրավական ուժ տալ պատգամավորների ընդունած որոշմանը, որը վերանայման ենթակա չէր և հետագայում չէր կարող շահարկումների առարկա դառնալ: ԼՂՀ Սահմանադրությունն ընդունելիս հաշվի էին առնվել պետականաշինության կուտակված փորձը և սահմանադրական մշակույթի ոլորտում ձեռք բերված նվաճումները:

Ղարաբաղյան քաղաքական գործիչների կարծիքով, ԼՂՀ Սահմանադրությունը դարձավ իրավաքաղաքական ակտ, որն ամրագրեց ժողովրդավարական հիմնական սկզբունքները, որոնց վրա կառուցվում է ժամանակակից պետությունը:

Հարկ է հիշեցնել, որ ելնելով մի շարք հասարակական-քաղաքական փոփոխություններից, ժամանակի պահանջներից ու մարտահրավերներից՝ 2017թ. փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անցկացվեց նոր Սահմանադրության ընդունման հանրաքվե, որի համաձայն ԼՂՀ հիմնական պաշտոնական անվանումը փոխվեց «Արցախի Հանրապետության»: Ընդ որում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» անվանումը նույնպես պահպանեց պաշտոնական կարգավիճակը։ Երկրի նոր Հիմնական օրենքի համաձայն՝ Արցախը խառը (խորհրդարանական-նախագահական) հանրապետությունից վերափոխվեց նախագահական հանրապետության. վարչապետի պաշտոնը վերացվեց, իսկ նախագահն ավելի լայն լիազորություններով օժտվեց անվտանգությանն առնչվող որոշումներ կայացնելու համար:

Այսօր խորին ափսոսանքով ստիպված ենք արձանագրել, որ ավելի քան երեսուն տարի իր անկախ պետականությունը միջազգային իրավունքի տառին ու ոգուն համապատասխան կառուցած Արցախն այդպես էլ պաշտոնապես, դե յուրե չճանաչվեց, ինչը որպես ագրեսիայի յուրօրինակ քարտ-բլանշ ընկալվեց թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից, որը ԼՂՀ դեմ սանձազերծեց զավթողական մի քանի պատերազմներ, արդյունքում 2023 թվականի սեպտեմբերին բռնազավթելով հին հայկական երկրամասը և վտարելով ժողովրդին իր բազմադարյա Հայրենիքից։

Սակայն անհրաժեշտ է հստակ գիտակցել, որ հանրաքվեով ժողովրդի ստեղծած Արցախի Հանրապետությունը ոչ ոք չի չեղարկել և իրավունք չունի դա անել։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետության) պետական ինստիտուտները ստեղծվել են արցախցիների կողմից և գործել անկախության ավելի քան երեսուն տարիներին՝ բռնապետական Ադրբեջանի և նրա հովանավորների դեմ համաժողովրդական հերոսական պայքարի պայմաններում:

Արցախի ժողովրդի կողմից իրագործված և թուրք-ադրբեջանական հանցավոր տանդեմի ճնշած ինքնորոշման վաղնջական իրավունքի հարցը պետք է մշտապես բաց պահել, որպեսզի հայ ժողովրդի ապագա սերունդների մեջ չսպանվի հավատը արժանապատիվ ապագայի նկատմամբ։ Արցախը պատկանում է ողջ հայ ժողովրդին, և պետք է ամեն ինչ անել, որպեսզի այն կրկին դառնա ազգային հպարտության ու համախմբման խորհրդանիշ, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության հիմք: