ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՄՈՏ 3 ԱՆԳԱՄ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՀԱՅ Է ԱՊՐԵԼ, ՔԱՆ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ՝ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փորձում է Հայաստանի հետ բանակցությունների օրակարգ մտցնել այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» հարցը։ Դեկտեմբերի 5-ին Բաքվում անցկացվել էր միջազգային համաժողով՝ Հայաստանից իբրև թե արտաքսված ադրբեջանցիների վերադարձի իրավունքի թեմայով։ Մասնակիցներին ուղղված ուղերձում Ալիևը մի քանի անգամ Հայաստանի տարածքը հերթական անգամ իրենց «պատմական հողեր» էր կոչել և պահանջել Հայաստանի ղեկավարությունից պաշտոնապես բանակցություններ սկսել այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» հետ՝ ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալու իրավունքի հարցով։

Հայաստանում ադրբեջանցիների վերաբնակեցման պահանջը լիովին անհիմն է՝ վիճակագրական տվյալներում խորանալու պարագայում Բաքվին ոչ ձեռնտու փաստեր են ի հայտ գալիս։ News.am-ի «ՈՒԺԻ ԳՈՐԾՈՆ» հաղորդման եթերում նման տեսանկետ է հայտնել պատմական գիտությունների թեկնածու, պատմական ժողովրդագրության մասնագետ Միքայել Մալխասյանը։

 

Ըստ նրա՝ 19-րդ դարի որևէ ժողովածուում, զեկուցագրում կամ նմատանտիպ այլ փաստաթղթում «ադրբեջանցի» էթնոնիմը չի հիշատակվում, Հայաստանի ներկայիս տարածքում ապրած բոլոր մահմեդականներին՝ լինի շիա, թե սուննի, ադրբեջանցիները հիմա միացնում են իրար և բոլորին կոչում «ադրբեջանցի»՝ անկախ նրանից, որ նման էթնիկ ծագում չեն ունեցել։

«Արևելյան Հայաստանում հայ բնակչության ողնաշարը ժողովրդագրական տեսանկյունից կոտրվել է 1604թ Շահ Աբասի իրականացրած բռնագաղթի հետևանքով, երբ Արարատյան դաշտից, Նախիջևանից և այլ շրջաններից ընդհուպ 600 հազար հայ գաղթեցվեց դեպի Պարսկաստան, ինչի հետևանքով Արևելյան Հայաստանի զգալի տարածքներ ամայացել էին, ու այստեղ մահմեդական տարբեր ծագում ունեող ցեղեր էին բնակություն հաստատել։ Անգամ այն պարագայում, երբ հայերի վիճակը ժողովրդագրական տեսանկյունից խոցելի էր, միևնույնն է՝ ադրբեջանական հանրույթ և անգամ միասնական թյուրքալեզու հանրույթ չկար։ Այսինքն՝ Բաքվում առկա սկզբնաղբյուրներից վերցնում են այստեղ բնակված մահմեդական ու տարբեր ծագում ունեցող բնակչության թիվը և բոլորին միասին վերցրած ներկայացնում իբրև ադրբեջանցի։ Ռուսական կայսրության ժամանակ արված վիճակագրության ժամանակ հաշվարկներն առավել հստակեցնելու համար խոշորացում են կատարել՝ առանձին ցեղեր նշելու փոխարեն ընդհանրական անվանում են տվել՝ թյուրքալեզուներին կոչելով կովկասյան թաթարներ ռուսական հանրության համար ամենաընկալելի թյուրքալեզուն թաթարն է, այդ պատճառով էլ կովկասյան թաթար անվանումն են ներմուծել»,- նշում է մասնագետը։

Մալխասյանը նկատում է՝ Բաքվում մինչև 1970թ մարդահամարը հայերն ու ռուսները միասին վերցրած մշտապես տեսակարար կշռով գերազանցել են ադրբեջանցիներին։

«Բաքուն երբևէ չի եղել ադրբեջանական հանրույթի քաղաք, այլ բազմազգ և խոշոր արդյունաբերական կենտրոն, որի առօրյա խոսակցական լեզուն ռուսերենն է եղել, այդ լեզվով են բոլորը հաղորդակցվել, համալսարաններում դասերը ռուսերենով էին անցկացվում, ոչ թե Երևանի պես, որը մոնոէթնիկ միջավայր էր Խորհրդային տարիներին։ Երևանում երբևէ ադրբեջանական խոշոր թաղամաս չի եղել, ի տարբերություն Բաքվի, որտեղ հայկական մեծ թաղամաս է եղել»,- նկատում է ժողովրդագրագետը։

Մալխասյանը շեշտում է՝ Խորհրդային Հայաստանում մոտ 3 անգամ ավելի շատ հայ է ապրել, քան Խորհրդային Հայաստանում՝ ադրբեջանցիներ։

«Երբ Ադրբեջանից անհիմն պահանջներ են առաջ քաշում, պետք է խոսել այս ամենի մասին, ասել, որ 1970թ մարդահավարի տվյալներով 207 հազար հայ բնակչություն կար Բաքվում։ Մասնագիտական հաշվարկներով՝ մինչև ԽՍՀՄ փլուզումը միայն Բաքվում առնվազն 250 հազար հայ է եղել, հայկական խոշոր բնակչություն է եղել Սումգայիթում և այլ քաղաքներում։ Հայերի թիվը մինչև 1970-ականներ աճել է, հետո՝ նվազել, առավելագույն թիվը 486 000-ն է, որի մեջ է մտնում նաև երբեմնի ԼՂԻՄ հայ բնակչությունը, եթե այդ թիվը հանում ենք, ապա հայերի թիվն Ադրբեջանում կազմում է առնվազն 360 000 - 380 000, իսկ բնակչության հետագա աճի տեմպերը հաշվի առնելով՝ 380 000 - 420 000 հայ է ապրել Ադրբեջանի տարածքում։

Այս հարցով տարբեր մասնագետներ են զբաղվել, այդ թվում՝ Վլադիմիր Խոջաբեկյանը, որը, ուսումնասիրելով Ադրբեջանից բռնագաղթված հայերի փորձառությունը, պնդում էր, որ խոսքը 420 000 - 440 000 հայ բնակչության մասին է, իսկ բռնագաղթյալների կազմակերպությունները մինչև 600 000 - 700 000 թիվն են նշում։ Եթե անգամ այս թիվը որոշակիորեն չափազանցված լինի, միևնույնն է՝ իրատեսական է, որ հայերի թիվը մոտ է եղել 500 000-ին, քանի որ ԽՍՀՄ փլուզման շրջանում Խորհրդային Ադրբեջանից միգրացիան դեպի մյուս միութենական հանրապետություններ անկանոն բնույթ է կրել, և շատ դեպքերում էթնիկ ինքնիությունը չի արձանագրվել։

Այսպիսով՝ 1979թ մարդահամարով Խորհրդային Հայաստանում 160 000 ադրբեջանցի է ապրել, Խորհրդային Ադրբեջանում՝ 480 000 հայ։ Եթե այս թվից հանում ենք ԼՂԻՄ բնակչությունը, ստացվում է՝ Խորհրդային Ադրբեջանում 25 անգամ ավելի շատ հայ է ապրել, քան Խորհրդային Հայաստանում ադրբեջանցի է ապրել։ Ավելին՝ հայերը Խորհրդային Ադրբեջանում ավելի քան 12 տոկոս են կազմել բնակչության ընդհանուր թվում, իսկ ադրբեջանցիները Հայաստանում մոտ 5 տոկոս են կազմել։ Ադրբեջանի կողմից այժմ հնչեցվող թիվը, թե Հայաստանից 300 000 - 600 000 ադրբեջանցի է հեռացել, լիովին անհիմն է՝ խոսքն ընդամենը 160 000 ադրբեջանցու մասին է։

Հետևաբար, մենք շատ ավելի ասելիք և պահանջելիք կարող ենք ունենալ, քան ադրբեջանցիները»,- ընգծում է Մալխասյանը։

News.am