ԻՆՉՈ՞Ւ «ՀՈՂԻ ՎՐԱ» ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎՈՒՄ. ՌՈՒԲԻՆՅԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ, ԹԵ՞ ՉԻ ՈՒԶՈՒՄ ՀԱՍԿԱՆԱԼ
Օրերս Թուրքիայի հետ բանակցություններում Փաշինյանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը ներկայացրեց սահմանի վրա երկու պատվիրակությունների նոյեմբերյան հանդիպման որոշ մանրամասներ։ Հարցազրույցը բավական ուշագրավ էր այն առումով, որ ապացուցեց երկու անհերքելի փաստ։ Նախ, որ թուրքերը բացարձակապես ոչինչ չեն ձեռնարկում «հարաբերությունների կարգավորման» ուղղությամբ՝ չկատարելով նույնիսկ արդեն ձեռք բերված պայմանավորվածությունները։ Երկրորդ, որ Ռուբինյանը և հանձին նրա՝ ՀՀ իշխանությունները ջանադրաբար ձևացնում են, թե չեն հասկանում դա, էշի համառությամբ կրկնելով, թե գործընթացը պետք է շարունակել անկախ ամենից։
ԱԺ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող փաշինյանական թիմակիցը զարմանալիորեն անկեղծ էր այսպես կոչված Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Նա մի քանի անգամ կրկնեց, որ հայկական կողմը պարտաճանաչ կատարել է բոլոր պայմանավորվածությունների իր մասը և ակնկալում է, որ Թուրքիան նույնը կանի, բայց առայժմ՝ ապարդյուն: Ավելին, ազնվորեն ասաց, որ «իրոք, հողի վրա ոչինչ չի փոխվել սահմանի բացման համատեքստում», բայց տեղնուտեղն էլ հավելեց. «Ընդհանուր առմամբ մենք ակնկալում ենք, որ Թուրքիան կբացի Հայաստանի հետ սահմանը»:
Այնուհետ նույնքան անկեղծորեն խոստովանեց, որ «չի տեսնում պատճառը, թե ինչու է Թուրքիան ձգձգում այդ գործընթացը», և նորից կրկնեց. «Բայց մենք պետք է շարունակենք գործընթացը»: Իսկ զրույցի հենց սկզբում ասաց, թե հանդիպման մթնոլորտը «շատ կառուցողական» էր։ Թե որն է բանակցությունների «կառուցողականությունը», եթե կողմերից մեկի մտքով անգամ չի անցնում կատարել ձեռք բերված պայմանավորվածությունները, իսկ երկրորդը բառացիորեն շտապում է օր առաջ իրականացնել դրանք՝ պատասխան գործողությունների զուր սպասումով, ԱԺ փոխնախագահն այդպես էլ չպարզաբանեց:
Ի դեպ, «կառուցողական» բառի մասին։ Ոչինչ չի՞ հիշեցնում: Դե, հենց այդպես էր անդադար, ընդհուպ մինչև Արցախի դեմ 2020 թվականի սեպտեմբերյան ռազմական ագրեսիան, բնորոշում Ալիևին Ռուբինյանի շեֆը։ Օրինակ, 2019-ի մարտին ՀՀ վարչապետի աշխատակազմի հաղորդագրության մեջ նշվում էր, որ Վիեննայում Փաշինյանի և Ալիևի հանդիպումն անցել է «կառուցողական մթնոլորտում»։ 2020-ի մայիսին արդեն անձամբ Նիկոլը մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց, թե Ալիևը կառուցողական է տրամադրված բանակցություններում, և հետո մի քանի անգամ կրկնեց այդ գնահատականը։
Հավանաբար արժե հիշեցնել Ռուբինյանին, թե ի վերջո ինչի հանգեցրեց այդ «կառուցողականությունը», որպեսզի հասկանա վերջապես, թե ինչու է Թուրքիան «ձգձգում գործընթացը»։ Եթե, իհարկե, ցանկանա լսել։ Քանզի ամենայն վստահությամբ կարելի է պնդել, որ սույն երիտասարդն այնուամենայնիվ ի վիճակի է գիտակցել ակնհայտը: Չէ որ բնավ ոչ ավելի վաղ, քան ս.թ. հոկտեմբերի 12-ին, նա հայտարարեց, որ «կա մեկ մեծ խոչընդոտ, դա Թուրքիայում քաղաքական որոշման բացակայությունն է ՀՀ-ի հետ հարաբերությունները նորմալացնելու վերաբերյալ»։
Երկու ամսվա ընթացքում, որքանով տեղյակ ենք, Անկարայի դիրքորոշումը չի փոխվել։ Ուրեմն ինչի՞ վրա է հիմնվում Ռուբինյանի ու իր ընկերների վարդագույն լավատեսությունը ՀՀ-ի նկատմամբ այդ երկրի իրական մտադրությունների վերաբերյալ։
Մինչդեռ նիկոլական հատուկ բանագնացին կարելի է համարել թուրքերի և այդ երկրի քաղաքականության լավագույն գիտակներից մեկը իշխող հանցախմբում։ Չէ որ Ռուբինյանը «հեղափոխության» բառացիորեն նախօրեին՝ 2017-2018 թվականներին, գրեթե մեկ տարի ապրել է այդ երկրում՝ «ուսումնասիրություն» անցկացնելով Ստամբուլի համալսարաններից մեկում, ընդ որում՝ բավական խորշելի և թուրքական հատուկ ծառայությունների գրեթե «բույնը» համարվող հաստատությունում։
Թե ինչ ուսումնասիրություն էր դա, այդպես էլ մնաց յոթ կնիքի տակ թաքցրած գաղտնիք, սակայն 2018-ի գարնան հեղաշրջումից անմիջապես հետո, բացարձակապես չունենալով դիվանագիտական փորձ, ավելին՝ մի օր անգամ որևէ տեղ աշխատած չլինելով, այդ երիտասարդը միանգամից նշանակվեց Հայաստանի արտգործնախարարի տեղակալ։
Այստեղ արժե հիշել նաև աղմկալի սկանդալը՝ կապված այն բանի հետ, որ Ռուբինյանին այն ժամանակ շատերն անվանում էին թուրքական ազդեցության գործակալ։ Մի անգամ դա նրան այնպես զայրացրեց, որ կորցրեց ինքնատիրապետումը և սկսեց կոկորդ պատռել հենց խորհրդարանի ամբիոնից, սպառնալով ընդդիմության հետ «անել՝ ինչ ուզենա»։ Այս ամենն, իհարկե, վաղուց մոռացվել է Արցախի և Հայաստանի շարունակվող աղետի խորապատկերին, բայց այդ սուբյեկտներին այնուամենայնիվ պետք է ժամանակ առ ժամանակ հիշեցնել իրենց ոչ վաղ անցյալը։
Թեկուզ նրա համար, որ պարզ դառնա, թե ինչու է Ռուբինյանն այդքան համառորեն հրաժարվում տեսնել Թուրքիայի իրական նպատակները և շարունակում Հայաստանի անունից «կառուցողական» բանակցություններ վարել Արցախում տեղի ունեցած պատմական ողբերգության գլխավոր դերակատար երկրի հետ։ Այստեղ կա երկու վարկած. կա՛մ այդ մարդն այնքան բթամիտ է, որ անկարող է հասկանալ այն, ինչը հասանելի է դպրոցականի ուղեղին, կա՛մ նա գործում է հակառակ կողմի շահերի օգտին, որին առայժմ ձեռնտու է «կառուցողական» բանակցող ձևանալը։
Ճիշտ այնպես, ինչպես դա անում էր Ալիևը մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը …
Մինչդեռ բառացիորեն օրերս նախագահ Էրդողանն ինքը ցուցադրեց առանձնակի «չհասկացողներին» քաղաքական երեսպաշտության և ցինիզմի ճարտարամիտ արվեստը։ Դեկտեմբերի 10-ին նա ընդգծեց, թե «Թուրքիան թույլ չի տա մասնատել Սիրիան»: Իսկ ընդամենը 4 օր անց, ելույթ ունենալով կուսակիցների առջև, բացահայտ հայտարարեց, թե «սիրիական հինգ քաղաքներ, այդ թվում՝ Հալեպը, Դամասկոսը, Իդլիբը և Ռաքքան, կվերափոխվեն Թուրքիայի նահանգների, ինչպիսիք են Անթեփը, Հաթայը և Ուրֆան»:
Եվ ընդհանրապես, հավելեց Էրդողանը, ինքը մտադիր է «վերանայել Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքները, ըստ որոնց օսմանյան հինգ տարածքներ, որոնք այսօր ներկայանում են որպես սիրիական նշյալ քաղաքներ, զատվել են Օսմանյան կայսրությունից»:
Այստեղ, բնականաբար, պատեհ չէ խոսել այն մասին, թե ինչով են սպառնում Էրդողանի այդ մտադրությունները կոնկրետ Հայաստանին, դա թողնենք փորձագետներին։ Բայց եթե նույնիսկ Թուրքիայի նախագահի վերջին գործողություններն ու հայտարարությունները չեն հասնում ռուբինյանական, ներողություն արտահայտությանս համար, ուղեղին, ապա տարբերակներ ընդհանրապես չեն մնում. ՀՀ ԱԺ փոխնախագահն իսկապես աշխատում է ի նպաստ Թուրքիայի շահերի։ Եվ այն խոսակցությունները, որ նա այդ երկրի ազդեցության գործակալ է, նախկինում էլ ունենալով շատ ծանրակշիռ հիմքեր՝ հերթական անգամ հաստատվում են հիմա։
Ի դեպ, այս տարվա մարտին Անթալիայում անցկացված դիվանագիտական համաժողովի ժամանակ հետաքրքիր դրվագ տեղի ունեցավ Ռուբինյանի և «հարաբերությունների կարգավորման» շուրջ բանակցող նրա գործընկեր Քըլըչի մասնակցությամբ։ Վերջինս հրապարակավ առաջարկեց իր հայ գործընկերոջը «հաջորդ շաբաթ հանդիպել Երևանում և վերածել դա պատմական իրադարձության»։ Փաշինյանական հատուկ պատվիրակը սաստիկ ոգևորվեց և հայտարարեց, որ «գործընկերոջ հետ կքննարկի հանդիպման օրն ու վայրը»։
Այդ օրվանից անցել է 10 ամիս. «պատմական իրադարձությունն» այդպես էլ տեղի չունեցավ։ Հետաքրքիր է, ինչո՞ւ Սերդարը չեկավ Երևան։ Թե՞ Ռուբինյանը կրկին ինչ-որ բան սխալ է հասկացել։