2024 ԹՎԱԿԱՆԸ ԿՈՐՍՎԱԾ Է. ՀՀ-Ն ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՉՈՒՆԻ, ԲԱՅՑ ՈՒՆԻ ՎԵՐՋՆԱԳՐԵՐԻ ՓԱԹԵԹ ԱԼԻԵՎԻՑ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Բաքուն, հակառակ ՀՀ իշխանությունների հայտարարությունների, կառուցողական երկխոսության տրամադրվածություն չունի

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

 

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեծ հարցազրույց է տվել ВГТРК և «ՌԻԱ Նովոստի» լրատվականներին, որի մեծ մասը նվիրել է Բաքվի և Երևանի բանակցություններին, Հայաստանի հետ հարաբերություններին առհասարակ, ինչպես նաև պետությունների միջև «խաղաղության պայմանագրի» ստորագրման հնարավորության շուրջ գործընթացին:

Հայաստանին նվիրված հիմնական թեզերը հետևյալն են

• Շուրջ 300,000 ադրբեջանցի պաշտոնապես դիմել է Հայաստանի ղեկավարությանը, որպեսզի իրենց վերադարձի, վերաինտեգրման համար պայմաններ ստեղծվեն.

• Հայաստանը, Ադրբեջանի հետ վերջնական հաշտեցման համար, պետք է փոխի երկրի Սահմանադրությունը.

• «Խաղաղության պայմանագրի» ստորագրման համար Հայաստանը պետք է համաձայնի ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը.

• Պաշտոնական Երևանը չի դիմանա Ադրբեջանի հետ սպառազինությունների մրցավազքին, որն, իր հերթին «ստիպել է» 2025 թվականի ադրբեջանական ռազմական բյուջեն հասցնել ռեկորդային 5 միլիարդ դոլարի.

• Հայաստանում պետք է հասկանան, որ ԱՄՆ-ը և Ֆրանսիան «գետնի վրա» իրենց չեն օգնի.
• Ադրբեջանը տեղեկացնում և կշարունակի տեղեկացնել Հայաստանի հովանավորներին, պայմանական սորոսականներին Վաշինգտոնում, որ անհրաժեշտ է դադարեցնել հայկական բանակի վերազինումը.

• Հայաստանը սպասում է Վաշինգտոնից ազդանշանի, որպեսզի վերջնականապես դուրս գա ՀԱՊԿ-ից:

• «Խաղաղության պայմանագրի» չհամաձայնեցված հոդվածներից մեկն առնչվում է միմյանց դեմ միջազգային հայցերից զերծ մնալուն, մյուսը՝ սահմանին այլ երկրների ներկայացուցիչների չտեղակայելուն։

Նախ, Ալիևի ելույթը հաստատեց մեր կողմից նախորդ շաբաթ հնչեցված թեզը, որ իրականում Բաքվի և Երևանի միջև չհամաձայնեցված հոդվածները 2-ը չեն, այլ «խնդիրների մի ամբողջ փունջ» կա: Ավելի կոնկրետ՝ Երևանի հանդեպ պահանջների ամբողջ փաթեթը շարունակում է մնալ ադրբեջանական օրակարգում՝ սկսած «Զանգեզուրի միջանցքից» մինչև Հայաստանի ապառազմականացում:

Երկրորդ՝ Ալիևը շարունակում է շողոքորթել և փորձում «վաճառել» Ռուսաստանի ռազմական-քաղաքական ղեկավարությանը այն թեզերը, որոնք այսօր աջակցություն են գտնում Մոսկվայում: Հենց այստեղից են գալիս հայտարարությունները Սորոսի, ՀԱՊԿ-ից դուրս գալու «ազդանշանի», կամ այն մասին, որ «Ֆրանսիան և ԱՄՆ-ը չեն օգնի Հայաստանին»: Ալիևը փորձում է «Մոսկվային օդ վաճառել»:

Միևնույն ժամանակ, շատ «հմուտ կերպով» լռելով Բաքվի ռազմավարական համագործակցության մասին թե՛ Մեծ Բրիտանիայի, թե՛ ԱՄՆ-ի (որոնք վերահսկում են ադրբեջանական բանակի սպառազինումը՝ Իրանի դեմ ապագա պատերազմի համար) և թե՛ Ֆրանսիայի հետ համագործակցությունը: Նա լռում է ԵՄ անդամ երկրներից զինամթերքի գնումների, Ադրբեջանի՝ լիարժեք թուրքական պրոքսի վերածվելու մասին: Այո, գուցե Ադրբեջանում առանձին թուրքական ռազմական բազա անհրաժեշտ չէ, բայց ոչ թե այն պատճառով, որ Ալիևը «պայքարում է ինքնիշխանության համար», այլ այն, որ Ադրբեջանը վաղուց ամբողջությամբ վերածվել է Թուրքիայի և նույնիսկ Իսրայելի մեծ ռազմական բազայի:

Այնուամենայնիվ, Ալիևի հարցազրույցից բխում է կարևոր մեկ այլ բան. հերթական հետպատերազմական տարին Հայաստանի համար կորսված է: Մենք չենք դարձել ավելի մոտ խաղաղության պայմանագրին, քան 2024 թվականի սկզբում: Հայաստանի սպառնալիքները չեն չեզոքացվել և այնպես է ստացվել, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանման միակ նպատակը 2024 թվականին նրա՝ պետական պաշտպանությունը և պետական ռեսուրսների օգտագործումն իր անձնական բարձր բարեկեցության մակարդակի ապահովման համար է եղել:

Մտածե՛ք այդ մասին…»։

Alpha News