ԵՐԿԱՐ ՀԱՆԳՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆՔ, ԲԱՅՑ ԱՎԵԼԻ ՔԻՉ ԿԱՇԽԱՏԵՆՔ
Այս տարի մեր բախտը բերեց ամանորյա տոների առումով, քանի որ հունվարի 4-ը և 5-ը հանգստյան օրեր ընկան: Եվ եթե չհաշվենք հունվարի 3-ի աշխատանքային օրը, որը տաղտկալիորեն խցկվեց Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների արանքը, ապա ընդհանուր առմամբ մեզանից շատերին հաջողվեց հանգստանալ, ուժ հավաքել և նույնիսկ կարոտել աշխատանքը:
Մինչդեռ ոչ վաղ անցյալում ամանորյա տոները Հայաստանում տևում էին դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 7-ը ներառյալ։ Բայց 2021 թվականի սկզբին էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանն իր ելույթներից մեկում ամպագոռգոռ բացականչեց. «Մենք իրավունք չունենք այդքան երկար հանգստանալ։ Դա անթույլատրելի շքեղություն է մեզ համար»։ Եվ խոստացավ ներկայացնել ամանորյա տոների կրճատում նախատեսող օրինագիծ։ Ներկայացրեց։ Կառավարությունը հավանություն տվեց, խորհրդարանն ընդունեց, տոները կրճատեցին։ Ընդ որում կառավարությունում ոչ ոք ո՛չ այն ժամանակ, ո՛չ էլ հիմա այդպես էլ չբարեհաճեց թվերով վերլուծել, թե որքան է թերստանում հայկական տնտեսությունը ամանորյա երկար տոների պատճառով։ Կամ հակառակը՝ որքան են ավելանում մեր տնտեսությունն ծավալները դրանց կրճատումից հետո։
Հետաքրքիրն այն է, որ նույն այդ կառավարությունը, որը դեռ բոլորովին վերջերս հավաստիացնում էր, թե հայկական տնտեսության աճն անմիջականորեն կապված է աշխատած մարդ-ժամերի քանակի հետ, այժմ հանդես է գալիս ճիշտ հակառակ հայտարարությամբ։ Անցած տարվա հենց վերջին օրերին Հայաստանում առաջարկեցին կրճատել աշխատանքային օրվա տևողությունը մինչև 7 ժամի (ներկայիս 8 ժամի փոխարեն) և, համապատասխանաբար՝ շաբաթական 40 ժամից մինչև 35-ի, պահպանելով աշխատավարձը։ ՀՀ Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի նախաձեռնողի դերում հանդես եկավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ որպես նորամուծությունների հիմնավորում նշելով հետևյալը. «Միջազգային փորձը և առանձին հետազոտությունները ցույց են տալիս, որ շաբաթական աշխատաժամանակի կրճատումը բացասաբար չի ազդում տնտեսության վրա, ավելին՝ այն նպաստում է արտադրողականության աճին և դրական ազդեցություն թողնում կյանքի որակի վրա՝ բալանսավորելով աշխատանք-անձնական կյանք հարաբերակցությունը»։
Ի՜նչ եք ասում: Իսկ միջազգային փորձը և առանձին հետազոտությունները ոչինչ ցույց չէի՞ն տվել ամանորյա տոների տևողության կրճատման առնչությամբ: Եթե աշխատանքի նախարարությունը որոշել է խոսել տնտեսության վրա ազդեցության մասին, ապա տեղին կլինի հարց տալ. առհասարակ տեղյա՞կ են արդյոք այնտեղ, որ տեղական տնտեսությունն այժմ բնավ լավագույն ժամանակներ չի ապրում։
Այսպես, Հայաստանից ԵԱՏՄ արտահանումը նախորդ տարվա առաջին 9 ամիսներին նվազել է 17%-ով՝ 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, իսկ ԵՄ արտահանումը՝ 25%-ով։ Շոշափելիորեն կրճատվել են նաև մեր բյուջեի եկամուտները։ Օրինակ, բյուջեի հարկային մուտքերը 9 ամսվա ընթացքում կայուն կերպով 8%-ով ցածր են եղել նախատեսվածից։
«Նման բան վերջին 20 տարում չէր եղել, - պարզաբանում է տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Աղասի Թավադյանը:- Եվ դա այն դեպքում, երբ հարկերը անընդհատ բարձրանում են։ Այս պայմաններում 7-ժամյա աշխատանքային օրը կարող է ավելորդ բեռ դառնալ տնտեսվարողների համար»։
Թավադյանի խոսքերով, տնտեսական հստակ հիմնավորման բացակայության պայմաններում և տնտեսության անկման ակնհայտ նշանների խորապատկերին 7-ժամյա աշխատանքային օրվա մասին խոսակցությունները ոչ այլ ինչ են, քան պոպուլիստական նախընտրական քայլ՝ հանուն «քաղաքական միավորների»։ Նման նախաձեռնությունների շարքին կարելի է դասել նաև անհույս պարտապանների համաներման մասին վերջերս ընդունված օրենքը, քանի որ, Ա.Թավադյանի համոզմամբ, դա նույնպես նախընտրական պոպուլիզմի տարրեր է պարունակում՝ առանց հասկանալի տնտեսական հաշվարկների։
Այն մասին, որ նոր օրինագիծն ամբողջությամբ ներծծված է նախընտրական պոպուլիզմով, խոսում է նաև տնտեսագետ Սուրեն Պարսյանը, պարզաբանելով, որ դրանով իշխանությունները փորձում են մեսիջ փոխանցել հանրությանը, թե իբր՝ քիչ կաշխատեք, բայց նույն գումարը կստանաք։
«Նման օրինագիծ շրջանառելուց առաջ անհրաժեշտ էր անցկացնել սոցիալ-տնտեսական հանգամանալի ուսումնասիրություններ՝ գնահատելով 7-ժամյա աշխատանքային օրվա անցման ազդեցությունը տնտեսության, բիզնեսի ծախսերի և ընդհանրապես բիզնես միջավայրի վրա: Ակնհայտ է, որ նման հետազոտություններ չեն անցկացվել, ուստի նոր օրինագծի ընդհանուր գաղափարն ավելի շատ քաղաքական, քան տնտեսական բնույթ ունի, և այն կարելի է դիտարկել միայն որպես կառավարության հերթական պոպուլիստական քայլ»,- համարում է Ս.Պարսյանը։
Այո, աշխարհում քիչ չեն այն երկրները, որոնք շարժվել են աշխատանքային օրվա կրճատման ճանապարհով։ Սակայն, նշում է տնտեսագետը, նրանք հասել են դրան իրենց տնտեսության արտադրողականության աճի, աշխատավարձերի և հասարակության բարեկեցության բարձրացման հաշվին։ Ի դեպ, նույն այս կառավարությունը՝ Ն.Փաշինյանի գլխավորությամբ, բազմիցս հայտարարել է, որ աշխատանքի արտադրողականությունը հայրենի տնտեսության ամենամեծ խնդիրներից մեկն է։ Եվ նույնիսկ թվեր է ներկայացրել, ըստ որոնց՝ Հայաստանի յուրաքանչյուր աշխատող քաղաքացի միջին հաշվարկով արտադրում է մոտ 6 դոլարի ավելացված արժեք, մինչդեռ ԵԱՏՄ-ում նույն ցուցանիշը կրկնակի մեծ է, իսկ զարգացած երկրներում ընդհանրապես հասնում է 43 դոլարի։ Իսկ հիմա հանկարծ վստահեցնում են, թե աշխատանքային օրվա կրճատումը «նպաստում է աշխատանքի արտադրողականության աճին և դրականորեն ազդում կյանքի որակի վրա»։
«Կառավարությունը խոսում է աշխատանքային օրվա կրճատման հաշվին տնտեսության մեջ լրացուցիչ աշխատատեղեր ստեղծելու մասին։ Բայց մեր բազմաթիվ գործարարներ այսօր էլ չեն կարողանում գտնել անհրաժեշտ որակավորում ունեցող աշխատողներ, իսկ կառավարությունն այդ խնդիրն ուսումնասիրելու և դրա լուծման ինչ-որ ուղիներ գտնելու փոխարեն առաջարկում է կրճատել աշխատանքային օրը։ Եթե դա այնուամենայնիվ տեղի ունենա, ապա բիզնեսի ծախսերն անխուսափելիորեն կաճեն՝ հաշվի առնելով այն, որ գործատուները ստիպված կլինեն կա՛մ նոր աշխատող վարձել, կա՛մ վճարել աշխատանքի լրացուցիչ ժամի համար: Բայց, իմ կարծիքով, իրականում դա կհանգեցնի ստվերային զբաղվածության աճի, երբ պաշտոնապես կձևակերպվի որպես 7-ժամյա աշխատանքային օր, իսկ իրականում՝ շատ ավելի»,- իր տեսակետը հայտնեց տնտեսագետը։
Կառավարության նախագծում ընդհանուր բառերով խոսվում է տնտեսության վրա 7-ժամյա աշխատանքային օրվա բարերար ազդեցության մասին։ Բայց ոչինչ չի ասվում, թե ինչպես է կանոնակարգվելու ոչ ստանդարտ գրաֆիկով աշխատող քաղաքացիների աշխատանքը, ասենք, երբ 24-ժամյա հերթապահությանը հաջորդում է հանգստի երկու օր։ Դե, իսկ ինչո՞ւ պիտի ասեն։ Կբավարարվեն ստանդարտ արտահայտություններով, թե իբր՝ միջազգային փորձ, բարերար ազդեցություն և այլն: Նրա համար էլ շնորհակալ ենք, որ օրինագծի հեղինակները հիմնավորման մեջ չեն նշել, թե 7-ժամյա աշխատանքային օրվան անցնելը կխթանի ծնելիության աճը երկրում: Եվ ահա այդ «փայլուն ուղեղները» արդեն յոթ տարի ղեկավարում են մեր երկիրը…