ԵՐևԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԴԵՌ ԵՄ-Ի ՈՒՂԵԳԻՐ ՉԷ. ՓՈՐՁԱԳԵՏ

Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկը դեռ չի նշանակում, որ երկիրը տեսանելի ապագայում կարող է միության անդամ դառնալ, քանի որ նման որոշման համար առաջին հերթին Բրյուսելի քաղաքական կամքն է անհրաժեշտ։ Բացի այդ, գործընթացը հղի է ՀՀ տնտեսության համար բացասական հետևանքներով։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։

Հունվարի 9-ի նիստում ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին» օրինագծին և այն ուղարկեց խորհրդարան:

Միքայելյանը հիշեցրեց, որ Հայաստանը եվրաինտեգրման ձգտման մասին հայտարարել է դեռ 2023 թվականին։ Այս մասին բացեիբաց խոսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դա արտացոլվել է Եվրոպական խորհրդարանի որոշ բանաձևերում:

«Գործնականում անհնար է համատեղել անդամակցությունը Եվրամիությանը և Եվրասիական տնտեսական միությանը։ Այս միավորումներում գործում են ազատ առևտրի գոտիներ, և եթե երկիրը միաժամանակ երկու միության մեջ է, դա կարող է զարգացնել նրանց միջև ստվերային առևտուրը։ Սակայն այդ մասին խոսելու համար դեռ շուտ է»,-ասաց փորձագետը՝ բերելով Վրաստանի օրինակը, որը տարիներ շարունակ ձգտում է եվրաինտեգրման։

Քաղաքագետի խոսքով՝ Երևանի հայտարարությունները և ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկը հղի են Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացմամբ:

Փորձագետը պարզաբանեց, որ ԵԱՏՄ-ի հետ հաստատվել և գործում է տնտեսական շղթա, որը ներառում է առևտուր, հայկական արտադրանքի անմաքս արտահանում, գազի ցածր սակագներ, ներդրումներ:

Նույնիսկ եթե Հայաստանը դառնա ԵՄ անդամ, միությունից ՀՀ արտահանումը ներմուծումից շատ է լինելու, ինչը պարզապես կհանգեցնի անհավասարակշռության և ՀՀ տնտեսության համար բացասական հետևանքների:

Այս պահին ԵՄ շուկա Հայաստանի արտահանումը կապված է միայն հանքարդյունաբերության հետ։ Հայկական ապրանքների մատակարարումը Եվրամիություն շատ բարդ է՝ լոգիստիկայի բարդությունների, ինչպես նաև ոչ առևտրային բնույթի սահմանափակումների պատճառով, որոնք խոչընդոտում են ԵՄ շուկա զարգացող երկրների ազատ մուտքին:

Փորձագետը հիշեցրեց, որ տնտեսական հարաբերությունները միահյուսված են քաղաքական հարաբերությունների հետ, և հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ նա 2025-2026 թվականներին Հայաստանի տնտեսության խոցելիություն է կանխատեսում։