ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԵՌՆԻ. ՓՈՐՁԱԳԵՏԸ ՎԵՐԼՈՒԾԵԼ Է ԵՄ-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

Եվրաինտեգրման գործընթացների շարունակման դեպքում Հայաստանին սպասվում է տեղական արտադրության և ժողովրդագրական անկում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը՝ վերլուծելով ԵՄ–ին անդամակցած Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի նախկին սոցիալիստական երկրների փորձը։

«Նայեք շուրջը՝ ինչ վիճակում են նախկին սոցիալիստական երկրները, որոնք դարձել են ԵՄ անդամ՝ Բուլղարիա, Ռումինիա, Հունգարիա, Սլովակիա, մերձբալթյան երեք հանրապետությունները՝ Էստոնիա, Լատվիա, Լիտվա։ Ի՞նչ եղավ նրանց հետ: Վիճակը աղետալի է, հուզվելու աստիճան. տեղական արտադրությունը մահացել է»,– նկատեց նա։

Նրա խոսքով՝ շատերը մինչ օրս հիշում են, թե ինչ մեծ պահանջարկ էին վայելում բուլղարական պղպեղը, ինչպես նաև բալթյան երկրների էլեկտրոնային կամ ձկնարդյունաբերության արտադրանքը։ Այժմ, ըստ նրա` նման բան չկա, քանի որ ԵՄ–ին անդամակցելով՝ այդ երկրները զրկվել են այդ հնարավորությունից։

«Ինչ վերաբերում է ժողովրդագրությանը, ապա հազար ներողություն, բայց դեպոպուլյացիայից բացի, այստեղ շատ ավելի վատ միտումներ կան։ Ես չեմ խոսում կոռուպցիայի մասին, որի մեջ այս երկրները թաղված են։ Գնացեք Բուլղարիա և ինքներդ տեսեք, թե ինչ է կատարվում», — ընդգծեց Մանասերյանը։

Մինչդեռ, նրա կարծիքով, Արևմուտքի նպատակն է Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից, այլ ոչ թե Հայաստանին ընդունել Եվրամիություն: Նա հիշեցնում է, որ ԵՄ–ում չեն ընդունում անգամ Ուկրաինային, որը Ռուսաստանի հետ պատերազմի մեջ է ներքաշվել Արևմուտքի հրահրմամբ։

«Այսօր մարդկանց մի խումբ Եվրամիության անունից գալիս ասում են, որ Արևմուտքը մեզ սպասում է, մինչդեռ մենք մեր անկախության առաջին իսկ օրերից սկսած Արևմուտքի հետ շատ հավսարակշռված հարաբերություններ ենք ունեցել։ Արևմուտքի մեր գործընկերները բոլոր հնարավոր հանդիպումների ժամանակ հստակ մեսիջ են հղել, որ որևէ բան չեն խոստանում մեզ, այլ կերպ ասած, մեզ ասում են` մենք ձեզ չենք սպասում Եվրամիությունում»,– նշեց Մանասերյանը։

Նա հիշեցրեց Նենսի Փելոսիի խոսքերը, որը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակն էր, երբ պաշտոնական այցով 2022 թվականին եկավ Հայաստան և բազմաթիվ հարցերին ի պատասխան շատ հստակ ու ազնիվ ասաց, որ Արևմուտքը չի կարող ապահովել Հայաստանի անվտանգությունը կամ խոստանալ նոր անվտանգային համակարգ, զենք մատակարարել, անգամ էներգետիկ անվտանգությունը չեն կարող ապահովել։

Ըստ Մանասերյանի` ոչ ԵԱՏՄ–ի, ոչ էլ ԵՄ–ի հետ մեր հարաբերությունները մեզ ոչինչ չեն տա, եթե մենք չաշխատենք այս ուղղություններով։ Մանասերյանի խոսքով` ՀՀ–ում կան մի խումբ մարդիկ, որոնք ցանկանում են գնալ ու ապրել ԵՄ հաշվին` մոռանալով, որ եվրոպացիները շատ ծանր ճանապարհ են անցել, մինչև հասել են ընդհանուր, համակեցության կանոնների մշակման, ճիշտ կառուցակարգերով ապրելուն։

«Մենք, իհարկե, պետք է հարաբերվենք Եվրոպայի հետ, զարգացնենք հարաբերություններ, կապեր, սակայն ինչի՞ համար ենք ուզում գնալ, փաթաթվել, ժողովրդական լեզվով ասած, նրանց շլինքից, ո՞վ է մեզ այնտեղ սպասում` մեր խնդիրներով հանդերձ։ Ինչո՞ւ եք հայ քաղաքացուն թշնամացնում եվրոպացու հետ, քանի որ ԵՄ անդամակցությանն ուղղված քայլը տանում է դեպի թշնամացում, քանի որ ԵՄ–ում, ըստ էության, կա ձրիակերի կերպար մեզ նման երկրների վերաբերյալ»,– ընդգծեց փորձագետը։

Ըստ նրա` մինչ ԵՄ–ի հետ անդամակցության գործընթաց սկսելը ՀՀ իշխանությունները պետք է որոշակի քայլեր ձեռնարկեին։ Մանասերյանի խոսքով, օրինակ` 2017 թ. ստորագրված CEPA-ի համաձայնագրով (Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր) նախատեսված էր, որ հայկական ատոմակայանը Թուրքիայի պահանջով պետք է քանդվի, մինչդեռ ի՞նչ են անում ՀՀ իշխանությունները. նրանք խնդրում են ՌԴ–ին, որ երկարաձգի գործող էներգաբլոկի գործունեությունը մինչև 2036 թ.։

«Ինչո՞ւ եք կապիկություն անում երկու լարի վրա։ Բացի այդ, Եվրամիությունը հայկական կոնյակի հարցով ռեբրենդինգի հարց է դրել, որը պետք է իրականացվի 25 տարում։ 8–րդ տարում ենք արդեն, ի՞նչ ենք արել այդ ուղղությամբ։ Ոչինչ։ Կամ` ի՞նչ քայլեր ենք կատրել ԵՄ հետ տնտեսական կապերի ամրապնդման համար։ 2024 թ. գրեթե 20 տոկոս անկում է եղել այս ուղղությամբ»,– նշեց փորձագետը։

Նա կոչ արեց չտրվել այն մարդկանց սադրանքներին, որոնք թուրքական փողերով ցանկանում են ՀՀ–ին կտրել Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցությունից և ուղղորդեն դեպի ԵՄ, որտեղ մեզ ուղղակի չեն սպասում։

«Այսօր ուղղակի թշնամանք կա մարդկանց մեջ ՌԴ-ի նկատմամբ, սա խրոնիկ հիվանդություն է, որը սերմանել են ՀՀ–ում թուրքական փողերով ֆինանսավորողները»,– նկատեց Մանասերյանը։

Նա հիշեցրեց, որ Արևմուտքը 16 փաթեթ պատժամիջոցներ է կիրառում ՌԴ դեմ, սակայն շարունակում է առևտուր անել նրա հետ, հատկապես ուրանի, հեղուկ գազի, նավթի գնամ հարցով, մինչդեռ ՀՀ–ին ստիպում են հրաժարվել ՌԴ հետ ռազմավարական գործընկերությունից, ինչը վտանգավոր հետևանքների կարող է հանգեցնել։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին որոշման նախագծին, այժմ այն կքննարկվի խորհրդարանում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ սա չի նշանակում Հայաստանի անդամակցություն Եվրամիությանը բառիս բուն իմաստով, քանի որ այդ հարցը կարող է որոշվել միայն հանրաքվեի միջոցով։

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանում Եվրամիությանն անդամակցելու օրինագծի քննարկումը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից հանրապետության դուրս գալու սկիզբ։ Նրա խոսքով՝ ԵՄ-ին անդամակցելը անհամատեղելի է երկրի՝ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու հետ։ Բացի այդ, նա նշել է նաև, որ Եվրամիության հետ Երևանի առևտուրը մի քանի անգամ պակաս է, քան Եվրասիական տնտեսական միության հետ։

Sputnik Արմենիա