Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ խափանման միջոց կիրառված վարչական հսկողությունը վերացվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց փոխել Ստեփանակերտի նախկին քաղաքապետ Դավիթ Սարգսյանի և ավագանու անդամ Սամվել Մինասյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցները։

Փաստաբան Ռոման Երիցյանը նշեց, որ հենց սկզբից Դավիթ Սարգսյանի նկատմամբ ամենախիստ խափանման միջոցն էր կիրառվել՝ կալանքը, սակայն այն 20-րդ օրը վերացվեց, քանի որ Վերաքննիչ դատարանն այն ճանաչեց ոչ իրավաչափ։ Դրանից հետո նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը, որը ևս վերադաս մարմնի կողմից վերացվեց։ Դրանից հետո նախաքննական մարմինը միջնորդեց նոր խափանման միջոցի համար, որը, պաշտպանի խոսքով, ըստ էության, նորից տնային կալանք է, սակայն շարադրված է որպես վարչական վերահսկողություն։

Վարչական հսկողության տակ գտնվող Սարգսյանին արգելվում է տանից դուրս գալ ժամը 19:00-ից մինչև 07:00-ն ընկած ժամանակահատվածում, արգելված է նաև ցանկացած ժամանցի վայր կամ առևտրի կենտրոն այցելելը։ Ըստ Երիցյանի՝ Դավիթ Սարգսյանին անգամ արգելվում է խանութ գնալ։ Ամեն անգամ ինչ-որ միջոցառումների, այդ թվում՝ հուղարկավորության կամ մկրտության մասնակցելու համար պաշտպանական կողմը ստիպված է միջնորդություն ներկայացնել։

Նա նաև ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ եթե ի սկզբանե Սարգսյանը մեղադրվում էր ծանր հանցագործության մեջ, ապա մեղադրանքների փոփոխությունից հետո նրան մեղսագրվում է ոչ ծանր հանցագործություն: Հետևաբար գոյություն ունեցող խափանման միջոցի անհրաժեշտություն չկա։

Դատավոր Դավիթ Բալայանի որոշմամբ՝ Դավիթ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց կիրառված վարչական հսկողությունը վերացվեց, սակայն չբացակայելու արգելքը պահպանվեց։

Սարգսյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը նաև նշեց, որ իրենք այս պահի դրությամբ առարկություն չունեն բացակայելու արգելք խափանման միջոցի վերաբերյալ, որովհետև ներկա դրությամբ երկրից բացակայելու անհրաժեշտություն չի առաջացել։

Ավագանու անդամ Սամվել Մինասյանի վերաբերյալ պաշտպանները միջնորդել էին վերացնել խափանման միջոց չբացակայելու արգելքը, քանի որ, ըստ միջնորդության, արգելքը խանգարում է Մինասյանի աշխատանքին։ Մինասյանը զբաղվում է բեռնափոխադրումների կազմակերպմամբ, արտերկրից կազմակերպում է տարբեր ապրանքների տեղափոխումը մեր երկիր։

Sputnik Արմենիա