ԴՈՒՔԱՆԸ ՓԱԿՎՈՒՄ Է
Թրամփն ու Մասքը փակեցին USAID-ի թթվածինը: Իլոն Մասքը հայտարարեց, որ «USAID-ը հանցավոր կազմակերպություն է. ժամանակն է, որ այն մեռնի»: Նա հավելեց, որ կազմակերպությունը ղեկավարում էր «արմատական խելագարների կույտը», և Կառավարման արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ներկայացուցիչները, որը ղեկավարում է Մասքը, հսկողության տակ են առել գործակալության գրասենյակները, ներառյալ դրա հիմնական համակարգերի հասանելիությունը:
Կազմակերպությանը հասցեագրված մեղադրանքները բազմազան են. սկսած տարբեր ՀԿ-ներին դրամաշնորհներ տրամադրելուց, որպեսզի դրանք լոբբիստական աշխատանք տանեն ԱՄՆ Կոնգրեսում՝ USAID-ի միջոցների տարեցտարի ավելացման հասնելու համար, վերջացրած կենսաբանական զենքի, այդ թվում՝ COVID-19-ի ստեղծման ոլորտում հետազոտությունների ֆինանսավորմամբ, ափիոնի արտադրության միջնորդավորված ֆինանսավորմամբ, ամերիկացի դատավորների և դատախազների վրա ճնշումներով և այլն…
ԿՀՎ-ի հետ գործակալության կապի մասին խոսվել է բազմիցս։ Ինչպես խոստովանել է կազմակերպության նախկին ղեկավարներից մեկը, մտահղացումն այն էր, որ «գործակալներ ներդրվեին այն գործունեության յուրաքանչյուր տեսակում, որ մենք վարել ենք արտասահմանում. կառավարական, կամավորական, կրոնական, ցանկացած այլ»։ USAID-ը փաստորեն պետությունների քաղաքականության վրա Վաշինգտոնի ազդեցության լրացուցիչ և ծանրակշիռ գործիք էր։
Այսօր արդեն բացահայտ ասում են, որ գործակալությունն իր շոշափելի ներդրումն է ունեցել Հայիթիում, Ուկրաինայում, Եգիպտոսում տեղի ունեցած հեղաշրջումների/հեղափոխությունների մեջ... «Արմատական խելագարների կույտը» մոլեգնում էր ողջ թափով։
Հայաստանում, հանրապետության անկախացման պահից ի վեր, USAID-ը ծախսել է մոտ 1 միլիարդ դոլար: Ինչի՞ վրա: Ծրագրերը դե յուրե, իհարկե, տարբեր էին, բայց էությունը, ինչպեսև մյուս երկրներում, այն էր, որ ձևավորվեին Արևմուտքին հնազանդ հասարակական շերտեր, «հասարակական անկախ խմբեր», որոնց համար Արցախի գոյությունն էլ երկրորդական հարց է, որի կորստի հետ միանգամայն կարելի է համակերպվել, եթե դրամաշնորհները շարունակեն կանոնավորապես տրամադրվել։ USAID-ի կողմից հովանավորվող այդ կառույցներն իրենց ակտիվորեն դրսևորեցին «սիրո և համերաշխության թավշե, ոչ բռնի հեղափոխության» ժամանակ:
Այն բանից հետո, երբ Փաշինյանն իր արևմտյան հրահանգիչների ճնշման տակ ճանաչեց Արցախը Ադրբեջանի մաս, ինչը հանգեցրեց հինավուրց երկրամասի բնակչության էթնիկ զտմանը, կառույցի ղեկավար Սամանտա Փաուերը Հայաստան եկավ բարեգործական ծրագրերով ու մեծ խոստումներով։ Հընթացս փորձեց իրեն արցախյան ավանդական հաց պատրաստելու արվեստում, իսկ հեռանալիս այնքան հուզվեց, որ հայտարարեց 20 միլիոն դոլարի առաջիկա շնորհման մասին, որպեսզի արցախցիները հաշտվեն Հայրենիքի կորստի հետ։
«Կոնգրեսի հետ համագործակցությամբ USAID-ը և Պետդեպարտամենտը Հայաստանին 20 միլիոն դոլար կտրամադրեն կիբեռնետիկ անվտանգության, սահմանային և էներգետիկ անվտանգության ամրապնդման, ինչպես նաև դրա կայունության հետագա բարձրացման համար»,- խոստացավ, ըստ Մասքի՝ «խելագար» Սամանտան, բայց ահա Սպիտակ տուն եկան Թրամփն ու Մասքը. բոլոր նախագծերը սառեցված են, իսկ տիկին Փաուերը, ամենայն հավանականությամբ, ստիպված կլինի այլ աշխատանք փնտրել, որը կօգնի նրան մոռանալ լեռնային մի փոքրիկ երկրամասի պատմությանը վերջ տալու գործում իր ներդրման մասին:
USAID-ի լուծարման վերաբերյալ Մասքի հայտարարությունները փոքրիկ ողբերգություն են հայկական այն բազմաթիվ ՀԿ-ների համար, որոնք տարիներ շարունակ վարել են արևմտամետ քաղաքականություն։ USAID-ի հայաստանյան գրանտակերներից շատերին արդեն տեղեկացրել են այս ամսից ֆինանսավորման դադարեցման մասին. դուքանը փակվեց։