«ՆՈՐ ՊՐՈՅԵԿՏ. ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԼԻՔ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ
ԶՊՄԿ-ն ստացել է մեծ եկամուտներ, դա պետք է փոխկապակցված լինի աշխատակիցների աշխատավարձի հետ
«Նոր Պրոյեկտ. Տնտեսական Ալիք» նախաձեռնությունն անդրադարձել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում» 6 օր շարունակվող գործադուլին․
«Շուրջ մեկ շաբաթ է՝ հանրապետության թիվ 1 հարկատու «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» կոլեկտիվը գործադուլ է անում և, ըստ էության, 2 պահանջ դնում`
• աշխատավարձերի բարձրացում,
• աշխատանքային պայմանների բարելավում:
Ինչ վերաբերում է աշխատանքային պայմանների բարելավմանը, ապա ակնհայտ է, որ շատ մեծ հանքավայրում բնականաբար կարող է առաջանալ գոյապահպանական խնդիր և անհրաժեշտություն է, որ կոլեկտիվի անդամների բժշկական ապահովագրությունը կամ բուժսպասարկումը լինի համապատասխան մակարդակի:
Ինչ վերաբերում է աշխատավարձերի բարձրացմանը, արձանագրենք, որ առաջին անգամ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» պետությանը վճարեց շահաբաժին՝ 32 միլիարդ դրամի չափով, որովհետև պետությունը այստեղ ունի շուրջ 22% բաժնեմաս: Ակնհայտ է՝ կոմբինատը ստացել է բավականին մեծ եկամուտներ, խոսքը գնում է հարյուր միլիարդավոր դրամների մասին, և այստեղ պետք է հաշվի առնել նոր իրողությունները, այն է՝ եթե կոլեկտիվը ապահովում է մեծ եկամուտներ, ապա անպայման այդ եկամուտների չափը ինչ-որ ձևով պետք է փոխկապակցված լինի մարդկանց ստացած աշխատավարձերի հետ: Կոմբինատում միջին աշխատավարձը ավելի բարձր է, քան հանրապետության միջին աշխատավարձն է , բայց նաև եկամուտներն էլ առավել պատիկներով բարձր են, քան միջին աշխատանվարձ- ստացվող աշխատավարձ համադրությունը:
«Նոր Պրոյեկտ. Տնտեսական ալիք» նախաձեռնությունը գտնում է, որ ոչ միայն արհմիությունը պետք է ճյուղային աշխատի, այլ նաև պետական պատկան մարմինները բանակցեն և՛ բաժնետերերի, և՛ կոլեկտիվի, և՛ տնօրինության հետ, որպեսզի կոմբինատը արագընթաց վերագործարկվի:
Կոմբինատի ամենօրյա պարապուրդը բերում է հարյուր միլիոնավոր դրամների կորուստներ՝ ինչպես պետական բյուջեի, այնպես էլ կոլեկտիվի և պետության համար:
Ռազմավարական տեղաբաշխում ունեցող Սյունիքի մարզի կոմբինատում պետք չէ, որ գործարանի ավելի քան 4 000 աշխատող, իսկ հարակից և սպասարկող ձեռնարկությունների՝ շուրջ 10 000 աշխատող ունենան ընթացիկ խնդիրներ և խաթարվի նրանց և նրանց ընտանիքների բնականոն կյանքը»: