Արթուր ԽԱՉԱՏՐՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒՆԱԿ ՉԷ ՀԱԿԱԶԴԵԼ ԱԼԻԵՎԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Փաշինյանն ասում է՝ ինչ ուզել եք, տվել ենք, էլ ի՞նչ եք ուզում, պատրաստ ենք ամեն ինչ զիջել: Այս մասին, այսօր՝ փետրվարի 10-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով այսօր հրապարակված Նիկոլ Փաշինյանի հոդվածին:

 

«Ադրբեջանը, անկախ այս իշխանությունների հավաստիացումներից, թե բարի կամքով, կառուցողական ոճով բանակցում ենք, դեպի խաղաղություն ենք գնում, Հայաստանին սպառնում է պատերազմով: Ինչքան այս իշխանություներն ասում են՝ կզիջենք, մի՛ խփեք, այդքան Ադրբեջանն ավելի ագրեսիվ ու լկտի է դառնում:

Տեսեք Ադրբեջանի պահանջները 2020-ի նոյեմբերի 10-ի առավոտյան և այսօր, որովհետև Փաշինյանը չի կարողանում, ունակ չէ հակազդել Ադրբեջանի առավելապաշտական, ագրեսիվ և հայակործան քաղաքականությանն ու նկրտումներին: Ամբողջ հոդվածը դա էր»,- ասաց նա:

Հարցին՝ կարո՞ղ ենք ենթադրել, թե Փաշինյանն էսկալացիայի վտանգ է տեսնում, նա ասաց. «Վտանգի մեջ կա նաև փաստացի կեղծիք, որովհետև այդ կանոնակարգը, որն ինքը բերեց ԱԺ և անցկացրեց ասում է՝ այո, սահմանազատումն Ալմա-Աթայի հիման վրա է, եթե խաղաղության պայմանագրով այլ բան նախատեսվի: Իսկ ո՞վ գիտի ինչ կարող է նախատեսվել և Ադրբեջանն ի՞նչ կպահանջի»:

Ճշտող հարցին էլ՝ ուզում է ասել, որ այս հոդվածը բանակցային պրոցեսի փակուղային վիճակի մասին է և պատերազմի անոնսի՞, Խաչատրյանը պատասխանեց, որ ուզում է ասել՝ բանակցային գործընթաց չի եղել:

«Բանակցային գործընթացը, երբ երկու հավասարազոր կողմեր՝ բարի կամքի դրսևորմամբ, փորձում են իրար հետ գալ փոխադարձաբար ընդունելի լուծմանը, չի եղել։ Մենք ունենք Ադրբեջանի կողմից հրահանգներ և այս իշխանությունների կողմից միակողմանի զիջումներ։ Սկսենք նրանից, թե եթե նոյեմբերի 9-ի փաստաթղթով նախատեսված էր, որ կողմերը կանգնում են այն դիրքերի վրա, որոնք ունեն, ինչի՞ ինքը 60 կամ 40 կիլոմետր հետ քաշվեց, ադրբեջանական նախկին Կուբաթլուի շրջանից։

Այդ ինչի՞ց ելնելով ինքն Ադրբեջանին զիջեց Շուռնուխի ճանապարհը։ Ինչի՞ ինքը չմիջամտեց Խծաբերդի դեպքերին, գոնե ասեր՝ Ադրբեջա՛ն, մի՛ արա։ Իսկ անոնսի հետ կապված ինքն ասում է, որ լավ, ինչ ուզում ես կտամ, գնանք այդ թուղթը ստորագրենք։ Ինքը ասում է՝ ես չեմ նախատեսում քո վրա հարձակվել: Ի դեպ, այդ հեքիաթը, որ Հայաստանը նախատեսում է հարձակվել Ադրբեջանի վրա և դրա համար համար հրավիրեց եվրադիտորդներ, դա էլ էր հեքիաթ, չէ՞, որովհետև եթե Ադրբեջանը մտավախություն ունենար, որ Հայաստանը հարձակվելու է իր վրա, ինքը եվրադիտորդներ կուզենար»,- ընդգծեց պատգամավորը:

Բաքուն կպահանջի՝ ՀՀ-ն պիտի 3 տանկ ունենա, 10 БМП, 100 հոգի էլ զինվոր որպես Փաշինյանի պատվո պահակախումբ

Ադրբեջանը պահանջում է, որ Հայաստանը միջանցք տա։ Միջանցքի սահմանման մեջ է գաղտնիքը, - ասաց Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով այսօր հրապարակված Նիկոլ Փաշինյանի հոդվածին:

«Եթե Ադրբեջանն ասում է՝ իմ ապրանքները պետք է անխոչընդոտ մտնեն և դուրս գան, դա նշանակում է միջանցք է պահանջում: Հիմա Փաշինյանը սահմանափակ հսկողության մասին է խոսում: Սահմանափակը ո՞րն է, ուղղակի նայել, բարևել գնա՞լ:

Եթե այդ ռեժիմը տարբերվում է, ենթադրենք M1 մայրուղու վրա գործող ռեժիմից, նշանակում է դա արդեն քո ամբողջական ինքնիշխանության տակ գտնվող տարածք չէ:

Ադրբեջանը դա էլ չի ընդունում, որովհետև ամբողջական վերահսկողություն է ուզում, այսինքն մտնեմ, դուրս գամ, չհամարձակվես ստուգել: Մյուսը Ադրբեջանը կարող է պահանջել Հայաստանի ամբողջական ապառազմականացում: Հայաստանը պետք է ունենա երեք հատ տանկ, չգիտեմ, 10 հատ БМП, մի 100 հոգի էլ զինվոր, որ Փաշինյանի համար պատվո պահակախումբ կանգնեն»,-ասաց նա:

Ադրբեջանը կարող է ՀՀ-ից պահանջել արտահանձնել որոշ անձանց

2016-ի ապրիլյան պատերազմից հետո շրջանառվում էին Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի փաստաթղթերը, որոնցով նախատեսվում էր ընդլայնել Կասպրչիկի գրասենյակը, ավելացնել դիտորդների թիվը և ներդնել միջադեպերի հետաքննության մեխանիզմներ, Փաշինյանի բանակցությունների արդյունքում դրանք դուրս մղվեցին և դա փոխարինվեց, այսպես կոչված օպերատիվ կապով, որի մասին Փաշինյանը պայմանավորվել էր Ալիևի հետ Դուշանբեի անհասկանալի բանակցությունների ժամանակ, - ասաց Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով այսօր հրապարակված Նիկոլ Փաշինյանի հոդվածին, որտեղ վերջինս նշել էր, որ Հայաստանը գրավոր առաջարկ է ներկայացրել Ադրբեջանին սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմների և սահմանային միջադեպերի համատեղ հետաքննության մեխանիզմներ ստեղծելու մասին:

Նրա խոսքով, այդ բանակցությունների մասին որոշ տվյալներ ներկայացրեց Ադրբեջանը պատերազմից մի քանի ժամ առաջ, իսկ Նիկոլ Փաշինյանը հերքելու փոխարեն ասեց այս ինչի է գաղտնի տվյալների արտահոսք, գաղտնի բանակցությունների արտահոսք կազմակերպում։

«Հիմա փոխադարձ վերահսկողության խնդիրը, թե Հայաստանը, թե Ադրբեջանը ԵԱՀԿ անդամ են և Ադրբեջանը ԵԱՀԿ շրջանակներում սահմանափակումների ենթակա է: Հայաստանը, դե թող այ հենց հիմա հղում կատարի ԵԱՀԿ-ի հետ 1999 թվականին ձեռք բերված համաձայնության վրա և գնա ստուգի: Մինչդեռ ասում է ԵԱՀԿ-ից եկեք դուրս գանք և Մինսկի խումբը լուծարենք: Հիմա ասում է՝ եկեք ստուգեք, ես ոչ մի բան չունեմ, որը քեզ կվնասի: Թույլ կտա՞ Ադրբեջանը, որ Հայաստանը գնա ստուգի, բարև ձեզ։ Բնականաբար, դա իրատեսական չէ, ուղղակի ուզում է ասի, որ որպես բարի կամքի դրսևորում, ես պատրաստ եմ թույլ տալ, որ գաք ինսպեկցիա անեք։ Ընդ որում, Թուրքիան կարող է այդ ԵԱՀԿ խմբի մեջ լինել»,-հայտարարեց Խաչատրյանը:

Նա նկատեց, որ երբ ԱԺ-ում հարցրել է, թե ինչու սահմանազատումն սկսվեց Տավուշից, Արարատ Միրզոյանը պատասխանել է, որ եթե իրենով լիներ, այլ կերպ կարող էր լինել. «Ասում է՝ եթե ինձնով լիներ... Այսինքն մարդը ասում է, որ իրանով չի որոշվում, թե որտեղից պետք է սկսվի սահմանազատումը: Բառացի մարդը խոստովանում է, որ ինձնով չի, Ադրբեջանն է պահանջել:

Փաշինյանը ասում է՝ ինչ ուզում ես, տվել եմ, Ադրբեջանը, մեկ է, ագրեսիվ է: Դա նշանակում է, որ ինքը ի զորու չէ կառավարել այսօրվա Հայաստանի առաջ ծառացած մարտահրավերները, իր բոլոր փորձերը ձախողվել են:

Ի՞նչ կարող է անել Ադրբեջանը. Նոր հայցեր Հայաստանի դեմ: Այն օրը հոդված կար 19 միլիարդի մասին էր խոսքը:

Ադրբեջանը կարող է պահանջել Հայաստանից մարդկանց արտահանձնել, որովհետև ասել են, որ գործի շրջանակներում նյութեր ունենք, փաստեր ունենք, որ այլ հանցագործներ նույնպես կան»,-ասաց Խաչատրյանը:

News.am-ի նյութերով