Սերժ Սարգսյանի օրոք 42 մլն դոլարի գնված անպիտան զենքի գործն էլ հօդս ցնդեց

ՀՀ քննչական կոմիտեն կարճել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին ձեռք բերված 42 մլն դոլարի ենթադրյալ անպետք զինատեսակների փաստով հարուցված քրեական գործը։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Դեռ 2020 թվականին հանրահավաքներից մեկի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ երրորդ նախագահի օրոք գնված զենքը պիտանի չէ օգտագործման համար, և դա ընդամենը մետաղի ջարդոն է, ինչի կապակցությամբ քրեական գործ էր հարուցվել։ Որոշ տվյալներով ՝ խոսքը ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերի մասին էր։ Մեղադրյալի աթոռին էր հայտնվել Ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի բաժնի նախկին պետ Վահան Ավետիսյանը։

Թերթի տեղեկություններով` 2018 թվականի հեղափոխությունից հետո կալանքի տակ հայտնված գնդապետ Վահան Ավետիսյանի դեմ հարուցված քրեական գործը 6 տարի անց կարճվել է քննչական կոմիտեում:

Sputnik Արմենիա