ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱՅԻ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍԸ ՊԵՏՔ Է ՆԵՏՎԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՂԲԱՆՈՑ

Այսօր հայոց պետականության պահպանմամբ ու զարգացմամբ շահագրգիռ քաղաքական ուժերի օրակարգի թիվ 1 կետը պետք է լինի իշխանությունից Փաշինյանի անցնցում հեռացման հարցը, ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորումը, Իրանի հետ համագործակցության զարգացման միջոցով անվտանգության իրական համակարգի կառուցումը: Այս օրակարգից դուրս գտնվող ամենը ինքնաոչնչացման ուղեգծի շարունակությունն է։ Փետրվարի 19-ին իշխող վերնաշերտի պարագլուքը հնչեցրեց միջնակարգ դպրոցի մակարդակի մի շարք թեզեր՝ բանավեճի հրավիրելով երկրի քաղաքացիներին 14 կետերի շուրջ:

«Հայաստանը այս պահին շատ ավելի մեծ խնդիրներ ունի լուծելու, ինչին գործող Սահմանադրությունը բոլորովին չի խանգարում։ Ինձ համար իրական Հայաստանը ողջ Հայկական լեռնաշխարհն է, որտեղ հայ ժողովուրդը ապրել ու արարել է 5 հազար տարի»,- մեկնաբանելով Փաշինյանի հիշյալ ելույթը՝ ընդգծեց քաղաքագետ Գրիգոր Բալասանյանը, որը «իրական Հայաստանի» գաղափարախոսության նախագիծն ու նոր սահմանադրության ստեղծման գործընթացը գնահատեց որպես Փաշինյանի կողմից Ալիևի պահանջների կատարում։

Քաղաքագետը հիշեցրեց սահմանազատման ցուցանակի տակ հայկական 4 գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին, երբ պետության կողմից ՀՀ քաղաքացիներին տրված հողի սեփականության վկայականները չեղարկվեցին, որից հետո Բալասանյանը հարց տվեց. «Ի՞նչ երաշխիք, որ Ալիևը չի պահանջի նորից սահմանազատում անցկացնել նոր սահմանադրությամբ։ Այս առումով նոր սահմանադրությունը դանդաղ գործողության ական է»։ Հայտնի է, որ ավելի վաղ Փաշինյանը խոսում էր 2027թ. նոր սահմանադրության ընդունման հանրաքվե անցկացնելու մասին, իսկ հիմա շտապում է և հանդես գալիս հայեցակարգի հիմնական դրույթներով, քանի որ նոր սահմանադրության նախագծի տեքստը պետք է պատրաստ լինի մինչև 2026թ. ընտրությունները, և այդ տեքստը չպետք է բովանդակի ոչ մի հղում ՀՀ Անկախության հռչակագրին:

Քաղաքագետի գնահատմամբ ՝ «նույն այն շրջանակները, որոնք ժամանակին Փաշինյանին խորհուրդ էին տվել ուղիղ սեպարատ բանակցություններ վարել Ալիևի հետ՝ շրջանցելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությունը, այսօր նրան խորհուրդ են տալիս արագացնել Ալիևի պահանջների կատարումը՝ նոր ագրեսիայից խուսափելու համար»։

Խոսքը, ըստ Բալասանյանի, որոշումների կայացման եվրոպական այն կենտրոնների մասին է, որոնք Թրամփի կողմից ընկալվում են որպես թշնամական: Ժամանակին այդ կենտրոնները հուսադրող խոստումներ էին տալիս Ուկրաինային, օրինակ՝ Մակրոնի խոստումը ռազմական գործողությունների գոտի զորքեր ուղարկելու մասին (ոչ թե ՆԱՏՕ-ի, այլ ԵՄ երկրների), բայց հիմա նա ասում է, թե նման բան չի խոստացել։ Իսկ ո՞ւր են, մի հարցնող լինի, ֆրանսիական «Կեսարները»՝ հայկական բանակին աջակցելու համար։ Առկա են միայն զրահապատ մեքենաներ ինկասացիայի կարիքների համար, որոնցից հրաժարվել Է Ուկրաինան։ Քաղաքագետը հիշեցրեց նաև, որ ավելի վաղ ԵՄ անդամ երկրների ղեկավարները Փաշինյանին խորհուրդ չէին տալիս դուրս գալ ՀԱՊԿ-ից, պատճառաբանելով, որ չեն կարողանա ապահովել Հայաստանի անվտանգությունը:

Ազգի եվ ժողովրդի, պետության ու ընտրական իրավունքի, իրենց իրավունքների և պարտականությունների նկատմամբ քաղաքացիների վերաբերմունքի թեմայով Փաշինյանի հրապարակային դատողություններն ընդհանրական արտահայտությունների հավաքածու են, որոնց հետևում հստակ նշմարվում է Ալիևի պատվերը։ Փաշինյանը փետրվարի 19-ը հայտարարեց «իրական Հայաստանի» գաղափարախոսության «զրոյական կետ», նոր շարժման ձևավորման առաջին քայլ: Նա իրեն նշանակեց «իրական Հայաստանի» գաղափարախոսության գլխավոր գաղափարախոս ու ստեղծող՝ կոչ անելով համաքաղաքացիներին դառնալ այդ գաղափարախոսության կրողը։ Նոր գաղափարախոսության նախագիծը համաժողովրդական քննարկման է դրվում սահմանազատման 2-րդ փուլի մեկնարկի հետ միաժամանակ, որը նշանավորվելու է Ադրբեջանին նոր տարածքների հանձնումով։

Ակնհայտ է, որ «իրական Հայաստանի» գաղափարախոսության քննարկմանը մասնակցելու են միայն ՔՊ անդամատոմսերով մարդիկ, ՀՀ մյուս քաղաքացիները կհրաժարվեն հոծազանգվածի դեր խաղալ Ալիևի պատվիրած ներկայացման մեջ։

Հասարակության մտածող հատվածը վաղուց արդեն հասկացել է, որ հայոց պետականության պահպանմամբ ու զարգացմամբ շահագրգիռ ուժերի օրակարգում թիվ 1 կետը պետք է լինի իշխող ռեժիմի պարագլխի անհապաղ ու անցնցում հեռացման հարցը։ Կապիտուլյացիայի գաղափարախոսը պետք է նետվի պատմության աղբանոց։ Մնացյալ ամենը՝ «զրոյական կետից» մինչև" «իրական Հայաստանի» գաղափարախոսություն, ենթադրում է Ալիևի կամքի կատարում՝ ի վնաս հայկական շահերի։