ՍՈՆԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԿՏՏԱՆՔԻ Է ՎԵՐԱԾՎԵԼ ՆՐԱ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հայ հասարակությունը գրեթե մոռացել է այդ ողբերգության մասին. միայն լուրերի թողարկումներում դատավարությանը վերաբերող հաղորդագրություններն են հիշեցնում 28-ամյա հղի Սոնա Մնացականյանի հետ կատարվածի մասին: Մոռացկոտության համար մարդկանց մեղադրել չենք կարող. մահաբեր ռեժիմը մշտապես «ցախ» է նետում ազգային աղետի տարեգրության խարույկի մեջ կրկին ու կրկին, իսկ հերթական ողբերգություններն ու գոյաբանական բնույթի խնդիրները ստվերում են նույնիսկ մեկ շաբաթ առաջ տեղի ունեցածը։

СУД ПО ДЕЛУ СОНЫ МНАЦАКАНЯН ПРЕВРАЩЕН В ПСИХОЛОГИЧЕСКУЮ ПЫТКУ ДЛЯ ЕЕ РОДНЫХ

Բայց մարտի 3-ին տեղի ունեցավ այդ գործով հերթական նիստը, և դրա մանրամասները կրկին ցնցեցին գիտակցությունն ու հոգին:

Հիշեցնեմ նրանց, ովքեր մոռացել են. 2022 թվականի ապրիլի 26-ին Երևանի կենտրոնում՝ Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյան վարորդը վրաերթի ենթարկեց 28-ամյա հղի Սոնա Մնացականյանին։ Նա տեղափոխվեց բժշկական կենտրոն, որտեղ մահացավ՝ գիտակցության չգալով: Այդ ժամանակից ի վեր գրեթե 3 տարի շարունակ իշխանություններն անում են ամեն ինչ, որպեսզի կոծկեն գործը և ամեն կերպ պատժից ազատեն Նիկոլի վարորդին։

Մարտի 3-ին փաստաբան Րաֆֆի Ասլանյանը հայտնեց, որ Սոնայի հորեղբոր սիրտը վատացել է հենց դատարանի դահլիճում: «Նրա ինքնազգացողությունը վատացել է, շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ախտորոշվել է սրտամկանի սուր ինֆարկտ»,- պատմեց նա: Աղջկա հայրն էլ չէր կարող ներկա լինել դատավարությանը. մի քանի օր առաջ նա նույնպես սրտի վիրահատություն էր տարել: Մինչդեռ սոցցանցերում դատավարությանը հետևող օգտատերերը պնդում են, որ մեղադրյալի փաստաբանների ջանքերով դատական նիստերը ամենաիսկական հոգեբանական կտտանքի են վերածվել զոհվածի հարազատների համար:

Ներկայացնենք հատվածներ Մարիամ Կանայանի գրառումից:

«Մեղադրյալի պաշտպանները դեռ անցյալ տարվա հունիսի 18-ին միջնորդություն էին ներկայացրել տեսաձայնային փորձագետին նորից կանչելու, նորից հարցաքննելու։ Նիստը պիտի կայանար օգոստոսի 29-ին, բայց պաշտպանները չէին ներկայացել և նիստը հետաձգվել էր մինչև նոյեմբերի 18։

Այդ օրը վրաերթ կատարած վարորդի պաշտպանները որոշել էին տեսաձայնագրային փորձաքննությունների մասնագետին տալ նույն 2–3 հարցը՝ չնչին ձևափոխումներով։ Ամենակարևորը այն էր, որ կրկնվող հարցերին զուգահեռ, գրեթե 2 ժամ անընդհատ ցուցադրում էին վրաերթի կադրերը՝ ստիպելով հարազատներին ու ներկաներին բազում անգամներ նայել Սոնայի զոհվելու պահը։ Սա անընդհատ կրկնվում էր. փորձագետը տալիս էր պատասխանը, նրանք նորից նույն բանն էին անում ու ստիպում բոլորին նորից նայել կադրերը, լսել նույն հարցերը։ Իսկ դատարանը առանձնապես չէր ջանում կասեցնել։ Նիստի ավարտին թե՛ հայրը, թե՛ հորեղբայրը, էմոցիոնալ շատ վատ վիճակում էին, ինչպեսև մյուս ներկաները։

Մտածում էի՝ լավ, քանի՞ կյանք պիտի կործանվի, որ արդարությունը հաստատվի… այս դատավարությունը վաղուց վերածվել է զոհի հարազատների երկարատև խոշտանգման»։

Տվյալ դեպքում շատ չենք խորանա գործի իրավաբանական մանրամասների մեջ, նշենք միայն մի քանի ուշագրավ հանգամանքներ։

Անցած տարվա սեպտեմբերին հաղորդվեց, որ դատախազությունը որոշել է քրեական հետապնդում չձեռնարկել Փաշինյանի ավտոշարասյան ուղեկցող անձանց նկատմամբ, և քրեական վարույթը, համապատասխանաբար, պետք է կարճվեր: Սակայն որոշումը բողոքարկվեց, և դեկտեմբերին դատարանն անօրինական համարեց դատախազի մերժումը՝ պարտավորեցնելով նոր քննության միջոցով վերացնել տուժողների իրավունքների խախտումը։

Հիշեցնեմ նաև, որ Սոնային վրաերթի ենթարկած վարորդը մի օր անգամ չի անցկացրել ճաղերի հետևում. նա ազատության մեջ է ընդամենը չբացակայելու ստորագրությամբ: Երկուշաբթի օրը կայացած վերջին նիստում պարզվեց, որ հիմա փաստաբանները փորձում են ապացուցել, թե նա չի գերազանցել արագությունը, թեև փորձաքննությունը դեռ քննության փուլում է ապացուցել, որ արագության գերազանցում եղել է:..

Կրկնեմ, սրանք դատավարության իրավաբանական մանրամասներից լոկ մի քանիսն են, սակայն այսքանն էլ բավական է՝ պնդելու համար. Փաշինյանն ամեն ինչ անում է, որ երիտասարդ կնոջ և նրա այդպես էլ չծնված երեխայի սպանության մեջ մեղավոր իր աշխատակիցն անպատիժ մնա։ Եվ բնավ ոչ այն պատճառով, թե իրեն այդքան հետաքրքիր է կոնկրետ վարորդի կամ անվտանգության աշխատակցի ճակատագիրը. ո՛չ։ Պարզապես այդ ողբերգությունն անխուսափելիորեն և ընդմիշտ կապված է իր անվան հետ, և Սոնայի մահվան մեղքը մասամբ նաև իրենն է։

Եվ այն հարցը, թե ինչու ավտոշարասյունը կանգ չառավ գետնին ընկած կնոջը օգնություն ցուցաբերելու համար, մշտապես աներևույթ կախված է լինելու իր գլխավերևում, դամոկլեսյան սրի պես:

Բայց գլխավորը՝ Նիկոլն ուզում է ապահովել ոչ միայն իր, այլև իրեն շրջապատող, սպասարկող կամ այլ կերպ իր հետ առնչվող բոլոր անձանց սանձարձակ կամայականության և անպատժելիության ևս մեկ, ընդ որում՝ խիստ ծանրակշիռ նախադեպ։ Այնպես որ հղի կնոջ մահվան անմիջական մեղավորին ամեն գնով արդարացնելը սկզբունքորեն կարևոր է անձամբ իր համար: Իսկ այդ նպատակով «անհրաժեշտ» դատավորներ, դատախազներ և փաստաբաններ գտնելը, որոնք չեն խորշում ամենացինիկ մեթոդներից, փաշինյանական Հայաստանում ամենևին էլ դժվար չէ։

ԸՆԴԳԾԵՆՔ ԵՎՍ ՄԵԿ ԿԱՐԵՎՈՐ ՏԵՍԱՆԿՅՈՒՆ։ Այդ սարսափելի օրվանից անցած 3 տարիների ընթացքում և՛ լրատվամիջոցները, և՛ շարքային քաղաքացիները բազմիցս նշել են, որ օկուպացիոն ռեժիմի պարագլխի ավտոշարասյունը սլանում է փողոցներով նույն արագությամբ, կանգ չառնելով խաչմերուկներում և դրանով իսկ շարունակելով վտանգել հետիոտնների կյանքը։ Նկարագրվել են դեպքեր, երբ Սոնայի հետ տեղի ունեցած ողբերգությունը չի կրկնվել լոկ հրաշքով։ Վրաերթով արդեն մարդ սպանած վարորդին Նիկոլի տված ինդուլգենցիան, անշուշտ, տարածվում է նաև նրա շրջապատի հավանական հանցագործների վրա։

«Համոզվում եմ, որ սա հատուկ մտածված տակտիկա է, որի նպատակը դատական գործընթացն այնքան ձգելն է, որ հանցագործության վաղեմության ժամկետն անցնի։ Եվ սա, վստահ եմ, հատուկ խրախուսվում է «վերևներից», հակառակ դեպքում դատավորը այս ձեռառնոցիին վաղուց վերջ դրած կլիներ»,- գրել է դատին ուշադիր հետևող տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

Հավելենք. դրան հասնելու համար և՛ դատապաշտպանները, և՛ դատախազը, և՛ նրանց չխոչընդոտող դատավորը, ըստ էության, պատրաստ են փաստացի զոհաբերել Սոնայի հարազատների առողջությունն ու կյանքը: Պատրաստ են և ընդունակ են հանուն «վարչապետի» ստոր ու զազրելի նպատակների տևական հոգեբանական կտտանքի ենթարկել այդ մարդկանց՝ ստիպելով նորից ու նորից դիտել նրա մահվան կադրերը։

Ի վերջո, ամենասարսափելին՝ իրենց հղի դստեր և զարմուհու մահը վերապրած տարեց մարդկանց ինֆարկտի, սրտային և առողջական այլ խնդիրների համար ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվի։ Նույնիսկ եթե, Աստված մի արասցե, տեղի ունենա անդառնալին։