ԵՄ առաջնորդները հավանություն են տվել Ուկրաինային ռազմական օգնության տրամադրմանը

Եվրամիության առաջնորդները հավանություն են տվել Ուկրաինային ռազմական աջակցությանը, սակայն առանց Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի աջակցության, գրում է Politico-ն։

Բրյուսելում արտակարգ գագաթնաժողովի ժամանակ Օրբանը վետո դրեց ԱՄՆ ռազմական օգնությունը փոխարինելու կոչված համաեվրոպական քայլի վրա: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել էր Կիևին տրամադրվող ռազմական օգնության սառեցման մասին։

«Խաղաղություն ուժի միջոցով» հասնելու համար անհրաժեշտ է, որ Ուկրաինան գտնվի ամենաուժեղ դիրքերում, որտեղ նրա սեփական հզոր ռազմական և պաշտպանական կարողությունները կարևոր բաղադրիչ են: Եվրամիությունը առաջվա նման հավատարիմ է Ուկրաինային և նրա ժողովրդին ուժեղացված քաղաքական, ֆինանսական, տնտեսական, հումանիտար, ռազմական և դիվանագիտական ​​աջակցություն տրամադրելուն՝ համաձայնեցնելով քայլերը համախոհ գործընկերների և դաշնակիցների հետ»,- ասված է համատեղ հայտարարության նախագծում։

Նախագծում Եվրամիության առաջնորդները միաժամանակ խոստանում են ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ լրացուցիչ պատժամիջոցներ կիրառելով և գոյություն ունեցողների ավելի խիստ կիրարկում՝ «պատերազմը շարունակելու նրա կարողությունը թուլացնելու նպատակով»։

Ինչպես հայտնում է DW-ն, նշված միջոցառումների թվում է եղել ReArm Europ կոչվող ծրագիրը, որը կարող է մոբիլիզացնել շուրջ 800 միլիարդ եվրո՝ ապահովելու համար Եվրոպայի անվտանգությունն ու կայունությունը։

Ծրագրի առաջին մասը վերաբերում է ազգային մակարդակով պաշտպանությանը պետական ​​ֆինանսավորման օգտագործումը թույլատրելուն: Դա հնարավորություն կտա անդամ պետություններին էապես մեծացնել իրենց պաշտպանական ծախսերը՝ առանց ավելորդ դեֆիցիտի ընթացակարգերի դիմելու անհրաժեշտության:

Երկրորդ՝ ԵՄ անդամ երկրները 150 միլիարդ եվրոյի վարկեր կստանան պաշտպանական ներդրումների համար։ Դա կօգնի անդամ պետություններին համատեղ գնումներ իրականացնել և ուժեղացնել աջակցությունն Ուկրաինային:

Երրորդ, ծրագիրը նախատեսում է օգտագործել ԵՄ բյուջեն՝ ավելի շատ միջոցներ ուղղելու պաշտպանությանն առնչվող ներդրումներին:

News.am